Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյանի ելույթը՝ իրենց տոնին. «Ցանկացած սայթաքում կարող է փլուզել հասարակության վստահությունը»

Հուլիս 01,2018 11:54

Այսօր գլխավոր դատախազության ՀՀ դատախազության աշխատողի օրվան եւ Դատախազության համակարգի 100-ամյակին նվիրված դատախազության կոլեգիայի ընդլայնված հանդիսավոր նիստն էր: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախկին գլխավոր դատախազներ Գեւորգ Կոստանյանը, Աղվան Հովսեփյանը, Վահրամ Շահինյանը, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, օմբուդսմեն Արման Թաթոյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Գագիկ Հարությունյանը, մի շարք միջազգային, միջպետական կազմակերպությունների եւ երկրների պատվիրակության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Դատախազության աշխատողի օրն այս տարի համընկնում է ՀՀ դատախազության հիմնադրման 100-ամյա տարեդարձի հետ: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր ելույթում հիշեց այն 11 դատախազներին, որոնք անձնվիրաբար մասնակցել են Արցախյան ազատամարտին, այն վետերաններին, որոնց անունը ոսկե տառերով են գրվել ՀՀ դատախազության պատմության էջերում. «Մենք խոնարհվում ենք նրանց առաջ՝ իրենց գործին անմոռաց նվիրվածության, սկզբունքայնության, հայրենասիրության եւ արված զոհողությունների համար»: Դավթյանը խոսեց դատախազի օրինակելի կերպարի մասին, խոսեց վետերանների մասին, նրանց առողջություն մաղթեց՝ ասելով, որ մշտապես ունեն նրանցից սովորելու կարիքը:

Դավթյանն ասաց, որ մարդիկ դատախազության առջեւ պահանջների բարձր չափանիշներ են դրել. «Չափազանց կարեւոր է հասարակության վստահությունն ունենալը եւ այդ զգայուն ռեսուրսի պահպանմանը զգուշությամբ ու բարեխղճությամբ վերաբերվելը: Այն պահանջում է արհեստավարժության, օրինականության թելադրանքների ծառա լինելու խորը գիտակցում եւ մեծ ջանքեր, քանի որ ցանկացած սայթաքում կարող է փլուզել տարիներով հաճախ դժվարությամբ ձեռք բերված ու վաստակած այդ վստահությունը: Ես համոզված եմ, որ հաջորդ 100-ամյակը շեմելիս մենք կավելացնենք մեր եռանդն ու նպատակաուղղվածությունը՝ այս առաքելության մեջ:

Գիտակցելով մեր ընտրած մասնագիտության հասարակական նշանակությունը՝ հասկանում ենք, որ պետք է առաջ շարժվենք՝ համարձակորեն մերժելով նաեւ նախկին գործելաոճի՝ հանրության համար ոչ ընկալելի դրսեւորումները՝ միաժամանակ հիմնվելով ժառանգություն ստացած լավագույն ավանդույթների վրա եւ լինելով բավականաչափ ճկուն՝ տեղեկատվական դարաշրջանում իրավագիտակցության բարձրացման աննախադեպ ընթացք ապրող մեր հանրության մեծացող պահանջների հանդեպ: Հայաստանի հասարակությունն այսօր հստակ արտահայտում է լրջագույն արդիական եւ գործունակ բարեփոխումների ենթարկվող, մարդակենտրոն արժեհամակարգով առաջնորդվող իրավապահ համակարգ ունենալու սպասելիքները: Մենք հպարտանում ենք այն դատախազներով, որոնք ընկալում են այս ազդակները»։

Նա նշեց, որ հանրային տարածում ստացած ցանկացած հանցագործություն այնքան սեղմ ժամկետներում պետք է ուսումնասիրվի, որ իրենց արհեստավարժության վերաբերյալ որեւէ կասկած չառաջանա. «Ավելի լայն ենք բացելու մեր դռները քաղհասարակության եւ ԶԼՄ-ների առջեւ՝ շեշտը դնելով առողջ գործակցության վրա»: Դավթյանն ասաց, որ պետք է այնպես անեն, որ հասարակությունը լինի հանդուրժող միմյանց հանդեպ եւ միանշանակ անհանդուրժող խորթ, վնասակար երեւույթների հանդեպ, որպեսզի ապրենք ներքին ու արտաքին մարտահրավերներից զերծ:
Արթուր Դավթյանը գոհ էր դատախազության արդյունքներից, ասաց, որ առաջադեմ բազմաթիվ երկրների հետ ենք ոտք գցում:

Արթուր Դավթյանը շնորհակալություն հայտնեց գործադիր եւ դատական իշխանության մարմիններին, ՀՀ ոստիկանությանը, ԱԱԾ-ին, ՀՔԾ-ին, Քննչական կոմիտեին՝ հանցավորության դեմ պայքարում անաչառ ու հետեւողական գտնվելու, իրար հետ համագործակցելու պատրաստակամության համար, նաեւ շնորհակալություն հայտնեց քաղհասարակության ներկայացուցիչներին, վետերաններին, միջազգային գործընկերներին:

Խոսքն ուղղելով դատախազներին՝ Արթուր Դավթյանն ասաց. «Հարգելի դատախազներ, անկեղծ շնորհավորանքի խոսքեր եմ ուզում հղել նաեւ շնորհակալության արժանի ձեր բոլորի ընտանիքներին: Սա նաեւ իրենց տոնն է։ Ձեր ծնողները, ամուսինները եւ երեխաները միշտ պետք է ձեզանով հպարտանալու առիթ ունենան, հավատացած լինեն, որ ձեր՝ ուշ տուն վերադառնալը փոխհատուցվում է պետության անվտանգությանը եւ ժողովրդի բարօրությանը ձեր պատվաբեր ծառայությամբ: Շնորհակալություն ձեր ընտանիքներին՝ համբերության եւ աջակցության համար»:

Դավթյանը խաղաղություն ու զորություն մաղթեց մեր հայրենիքին, իսկ դատախազներին ասաց՝ «Պատվով ծառայենք, արժանի լինենք Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողի կոչմանը: Թող միշտ մեզ հետապնդի լավատեսությունը եւ մասնագիտական հաջողությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031