Հայաստանում հեղափոխությունը նոր է ավարտվել, և ինչ էլ ասենք ու գրենք, չենք կարող խուսափել քաղաքական տեքստից, ենթատեքստից ու թեմայից: Չենք էլ ցանկանում խուսափել: Եվ ընդհանրապես՝ այսօր Հայաստանում ոչ միայն հրապարակախոսները, լրագրողները, քաղաքագետներն ու քաղաքական գործիչներն են քաղաքականությունից խոսում, այլև՝ շարքային քաղաքացիները: Վստահաբար կարող ենք ասել, որ երբևէ Հայաստանում մթնոլորտն այսքան քաղաքականացված չի եղել: Թերևս մեկ էլ Ղարաբաղյան շարժման տարիներին ենք այսքան քաղաքականացված եղել:
Ինչպես նաև՝ Ղարաբաղյան շարժմանը հաջորդած տարիներին: Թե′ այն ժամանակ, և թե′ հիմա հեղափոխություն էր, և՝ հետհեղափոխական իրավիճակ, և երկու դեպքում էլ՝ ողջ ժողովրդի մասնակցությամբ: Այն ժամանակ էլ ու հիմա էլ ժողովուրդն անմիջականորեն մասնակից էր Հայաստան երկրի ընթացքին, և չնայած 88-ի Ղարաբաղյան շարժումից ու հեղափոխությունից հետագայում շատերը դժգոհ մնացին, այդուհանդերձ, շատերն էլ կան, որ մեր որոշ հաջողություններ ու մանավանդ Ղարաբաղյան հաղթանակն անմիջականորեն կապում են 88-ի հեղափոխության և Ղարաբաղյան շարժման հետ: Այդուհանդերձ, շատերն են դժգոհ 88-ի հեղափոխության արդյունքից ու հետևանքներից, համարելով, որ այն ոչ միայն Հայաստանում վայրի ու վայրենի սեփականության հիմքը դրեց, այլև հեղափոխությունից ընդամենը մի քանի տարի անց փոշիացրեց նաև ժողովրդավարական ձեռքբերումները:
Այսուհանդերձ, չենք կարող չնշել ու չհիշել, որ 88-ի Շարժման ու հեղափոխության ընթացքում էլ մեզանում շատերը դժգոհ էին Շարժումից ու հեղափոխության ընթացքից: Մի կողմից՝ կոմունիստներն ու կոմունիստամետները, մյուս կողմից՝ անկախականներն ու հայրիկյանականները, ովքեր սև դրոշներով դիմավորեցին Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Հայաստանի Երրորդ հանրապետության առաջին նախագահ ընտրվելու իրադարձությունն ու փաստը:
Հայրիկյանականներն ու անկախականներն այն ժամանակ գտնում էին, որ Մոսկվան հատուկ է Ղարաբաղի հարցն առաջ քաշել, որպեսզի մեզ կտրի ու շեղի անկախության գաղափարից: Նրանց մտքով այն ժամանակ չէր կարող անցնել, որ Մոսկվան ինքն է ուզում անկախանալ ու անջատվել մեզանից: Այն ժամանակ իսկապես այդպես էր: Այդ հետո՝ Պուտինից հետո Մոսկվան սկսեց փորձել վերականգնել Ռուսաստանի ու ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հետ առնչություններն ու կապերը՝ ստեղծելով ԵԱՏՄ և նմանատիպ այլ կառույցներ: Ընդ որում՝ Պուտինն այդ գործընթացները ոչ թե առաջարկում, այլ նույնիսկ պարտադրում էր Խորհրդային նախկին հանրապետություններին: Հրաժարվողները համարվում էին դավաճան ու հնարավորինս պատժի էին արժանանում: Ուկրաինան փորձեց և, փաստորեն, Ռուսաստանի ու անձամբ Պուտինի կողմից անհուսալի ոչ յուրային ճանաչվեց: Նախքան Ուկրաինան նույնը տեղի էր ունեցել Վրաստանի հետ:
Փաստորեն, Ելցինն ու Պուտինը քաղաքական շատ հարցերում հակապատկերներ էին, բայց նաև փաստ է, որ եթե Ելցինը չլիներ, Պուտինը երբևէ Ռուսաստանի նախագահ չէր դառնա, իսկ թե ինչու Ելցինն ընտրեց իր հակապատկեր Պուտինին, ոչ միայն դժվար է բացատրել, այլև դժվար է հասկանալ: Մոտավորապես նման երևույթ տեղի ունեցավ Հայաստանում, որը նույնպես դժվարանում ենք բացատրել. Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրեց իր հակապատկեր Ռոբերտ Քոչարյանին, և չնայած Քոչարյանը Տեր-Պետրոսյանի կամքով չդարձավ Հայաստանի նախագահ, այդուհանդերձ, ակնհայտ է, որ եթե Տեր-Պետրոսյանը Քոչարյանին Ղարաբաղից չբերեր Հայաստան ու չդարձներ Հայաստանի վարչապետ, Քոչարյանը երբևէ Հայաստանի նախագահ չէր դառնա:
Փաստորեն, 88-ից սկսած, Հայաստանում կյանքը չափից ավելի քաղաքականացված է, և նույնիսկ շարքային քաղաքացիներն են չափից ավելի քաղաքականացված, մինչդեռ խորհրդային տարիներին ժողովուրդն ու բոլորը բացարձակապես էին քաղաքականությունից կտրված, և խորհրդային տարիներին ոչ միայն անկուսակցականները, այլև կոմունիստներն էլ քաղաքականության հետ որևէ կապ չունեին, և նույնիսկ շրջկոմի ու Կենտկոմի քարտուղարները քաղաքականության հետ որևէ կապ չունեին. նրանք բոլորն էլ նոմենկլատուրային ֆունկցիոներներ էին, իսկ քաղաքականությամբ զբաղվում էին բացառապես Մոսկվայում, ավելի ճիշտ՝ Կրեմլում, և այն էլ՝ Կրեմլի ամենաաստիճանավորներն ու ամենաերևելիները: Իսկ Ստալինի իշխանության տարիներին Խորհրդային Միությունում ընդամենը մի մարդ էր քաղաքականությամբ զբաղվում՝ անձամբ Իոսիֆ Ստալինը: Մնացած բոլորը՝ վերևներում ու ներքևներում զբաղված էին Ստալինի «քաղաքականությունը» կյանքի կոչելով:
Բնականաբար, ասվածն ամբողջությամբ վերաբերում է նաև Խորհրդային Հայաստանին: Ժողովուրդը ոչ միայն կտրված էր քաղաքականությունից, այլև ժողովրդին քաղաքականությունը՝ թե′ ներքին և թե′ արտաքին, բացարձակապես չէր էլ հետաքրքրում:
Խրուշչովյան ձնհալից հետո մարդիկ սկսեցին անձի պաշտամունքից խոսել՝ դատելով ու դատապարտելով «ժողովուրդների հորը»: Այդքանով ամեն ինչ ավարտվեց, և սկսվեց բրեժնևյան լճացման ժամանակը, որի օրոք նույնպես ժողովուրդը կտրված էր քաղաքականությունից՝ չհաշված, իհարկե, քաղաքական անեկդոտները:
Ասացինք, որ Ղարաբաղյան շարժումից հետո Հայաստանում ժողովուրդը մեկից քաղաքականացվեց: Ժողովրդի զգալի մասը: Բայց այն, ինչ տեղի ունեցավ Նիկոլի հեղափոխության օրերին և շարունակվում է հիմա, միանգամայն այլ է: Հիմա Հայաստանում բոլորն են քաղաքականացված, և մեկից բոլորը բառի բուն իմաստով իմացել ու հասկացել են, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ոչ թե Նիկոլին կամ Պողոսին, այլ՝ հենց ժողովրդին: Համենայն դեպս, Նիկոլն իրենց էդպես է հավատացրել: Եվ գրեթե բոլորը հավատացել են: Հավատացել են ու կասկածողներ են փնտրում: Փնտրում ու չեն գտնում, որովհետև կասկածողները մարաղ են մտել: Բացառությամբ մի քանիսի:
Հավատանք, որ լինի:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ