Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ձգձգվում Վանաձորի բժշկական կենտրոնի շահագործումը (Տեսանյութ)

Հունիս 30,2018 19:45

Այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այցի նպատակն էր ծանոթանալ Վանաձորի բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքներին, ինչպես նաեւ մարզի ընդհանուր առողջապահական վիճակին:

Մարզպետարանի նիստերի դահլիճում հրավիրված խորհրդակցության ժամանակ նախարարն ասաց, որ ինքը պահանջում է, որպեսզի առողջապահությունը լինի այն 4 հիմնական ուղղություններից մեկը, որ տեղական ու մարզային իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն. «Մենք միշտ ունեցել ենք, որ համայնքների մակարդակով ձեռքերը լվացած են առողջապահությունից, եւ երբ որ խնդիր է լինում, իրենք ասում են, որ այդ հիմնարկը մարզային պատկանելության է եւ մենք ոչինչ անել չենք կարող: Բայց պետք է լինի հակառակը, եթե խնդիր կա, համայնքապետը պետք է ինքը շահագրգռված լինի հարցեր լուծելու, ոչ թե հակառակը, որ մենք գնանք խնդրենք, օրինակի համար ասենք՝ կլինի ջրի հարցը լուծեք, կամ հիվանդանոցին մոտեցող ճանապարհը ասֆալտ անեք: Ես հույս ունի, որ այսուհետ այդպես կլինի, եւ մենք մեր կողմից պատրաստ ենք համայնքներին աջակցել»:

Հանդիպման ընթացքում Արսեն Թորոսյանը մեջբերեց ՀՀ Սահմանադրությունից մի հատված, նշելով, որ այդ հոդվածի մասին մարդիկ հաճախ են մոռանում. «Ավանդաբար մարզպետներն ընկալվել են, որպես տեղական իշխանիկներ, եւ շատ հարցերում իրենց գործունեությունը չեն կոորդինացրել կենտրոնական իշխանությունների հետ: Հիմա ես այս մեջբերումն անելով, պարզապես ուզում եմ հիշեցնել, որ մարզպետները՝ դրանք կառավարության ներկայացուցիչն են մարզերում, եւ ոչ թե անկախ գործող սուբյեկտներ՝ իրենց ենթակա ստորաբաժանումներով: Մանավանդ, երբ որ ժամանակը գալիս է, եւ մեզ են բողոքները գալիս տեղական ոլորտային կառավարումից: Մենք պետք է մարզում տեղի ունեցող ամեն ինչից տեղյակ լինենք, թե՛ կապիտալ շինարարություն, ինչ-որ ծառայությունների բաշխում, մի տեղ ինչ-որ հիմնարկ բացել կամ փակել, թե՛ էական կադրային նշանակումներից, պարոն մարզպետ: Ակնկալում եմ, որ մենք այդ ուղղությամբ կոորդինացված կաշխատենք: Որպեսզի պատասխանատվության բաշխումը ճիշտ լինի, եւ այնպես չստացվի, որ մի լոկալ որոշման համար մենք հետո կենտրոնական մակարդակով պատասխանատու լինենք, եւ հակառակը, որպեսզի մեր որոշումների համար դուք հետո պատասխանատու չլինեք:

Ապա` նախարարը շրջելով նորակառույց բժշկական կենտրոնում, ծանոթանալով հիվանդանոցի պայմաններին, մեկ բառով ասաց. «տպավորությունները շատ լավն են»,- ապա շարունակեց. «Խնդիրներ կան, որոնք որ դժվար կլինեն լուծել, խնդիրներ են, որ հեշտ կլինեն լուծելը: Ամեն դեպքում մենք պետք է ոչ թե փորձենք խնդիրներ գտնենք, որ ասենք վայ էս ինչ վատ է, որ խնդիրներ կան, այլ հակառակը, ասենք ինչ լավ շենք է, լավ հնարավորություններ կան, եւ փորձենք առավելագույն աշխատացնել ի նպաստ Հայաստանի եւ այլ տեղերի բնակիչների»:

Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ փորձում են այնպես անել, որպեսզի երկրում խթանեն ներքին բժշկական տուրիզմը, որպեսզի բժշկական օգնություն ստանալու համար այլ մարզերից եւ համայնքներից եւս գան Վանաձոր. «Երբ որ մարզային բուժհիմնարկները մատուցեն շատ որակյալ ծառայություններ, կարողանում եմ մատչելի գներով դա անել, եւ հիվանդները կարող են Երեւանից գալ, եւ բուժվել մարզերում»:

Այն հարցին, թե ի՞նչ դժվար լուծելի խնդիրների մասին է խոսքը նախարարը պարզաբանեց. «Սկսած հիմնարկի չափերից, որ պահպանելը դժվար է լինելու, կոմունալ վճարներ, վերջացրած կադրային խնդիրներով, որը համատարած է ՀՀ մարզերում: Եվ նաեւ մանր շինարարական խնդիրներ կան, որոնք կարծում եմ կլուծվեն»:

Շենքի ծննդատան մասնաճյուղը կառուցվել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Հիմնադրամի ներկայացուցիչ Լեւոն Հակոբյանն ասաց, որ հաստատության բացման ձգձգվելը իրենց հետ որեւէ կապ չունի. «Դրանք տեխնիկական խնդիրներ են, որոնք մեզ չեն վերաբերվում: Ծննդատան մասնաշենքի կառուցապատումը մենք նախատեսված ժամկետներում ենք իրականացրել: Աշխատակարգային խորհրդակցության ընթացքում հնչած ընդհանուր բժշկական կենտրոնին վերաբերվող հարցերը, դրանք շատ խիստ տեխնիկական խնդիրներ էին, որոնք որ կապված են ձեւակերպումների հետ՝ տարբեր գերատեսչությունների լիազորությունների շրջանակներում: Մեր նպատակն ենք համարում ենք կատարված, եւ անկախ նրանից, թե այս հրաշք կառույցն ում ենթակայությամբ կգործի, ինչ կառավարման ընթացակարգով կկառավարվի, մենք միայն ուրախ ենք լինելու եւ հետեւողական ենք լինելու, որպեսզի իր ճիշտ նպատակին ծառայի»:

Լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ ծննդատան շենքը կհանձնվի բժշկական կենտրոնին, որը սակայն շահագործման կհանձնվի երեք ամսից ոչ շուտ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930