Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գրիգորյան. «Ռուսական վարկը էլեկտրաէներգիայի սակագնի վրա չի ազդի» (Տեսանյութ)

Հունիս 30,2018 14:24

Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման համար հայկական կողմին տրամադրված 270 միլիոն դոլար ռուսական վարկը չի ազդի էլեկտրաէներգիայի սակագների վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Մինչդեռ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական վարկի վերադարձը ապահովվելու է նաեւ սակագնի փոփոխությամբ, այսինքն՝ վարկը ներառվելու է էլեկտրաէներգիայի սակագնում: Նախարարն այս առնչությամբ վստահեցրեց.«Միանգամից ասեմ՝ ռուսական վարկը չի ազդի էլեկտրաէներգիայի սակագների վրա, քանի որ այդ ռիսկերն արդեն հաշվի են առնվել»:

Այսօր «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ում էներգետիկայի ոլորտի մասնագետների հետ քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում էներգետիկ ոլորտի փորձագետ Էդվարդ Արզումանյանն ասաց, որ էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է իջեցնել 4-5 դրամով: Նախարարն անդրադառնալով այս պնդմանը, նշեց՝ «Նման վերլուծությունները պետք է ունենան որեւիցե հիմք: Որպեսզի դրանում համոզվենք, մենք ինքներս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀԷՑ-ի եւ մյուս արտադրող կայանների հետ նախաձեռնել ենք ուսումնասիրություն, որպեսզի հասկանանք՝ ինչպիսի վիճակում ենք եւ ինչի կարող ենք հասնել»:

Ամբողջ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորությանն անդրադառնալով, Գրիգորյանը հիշեցրեց ՝ նախարարությունը չէ սակագին սահմանողը, այլ՝ ՀԾԿՀ, նախարարությունն իր վերլուծությունը կտրամադրի հանձնաժողովին, վերջինս էլ որոշում կկայացնի:

Նախարարն անդրադառնալով համակարգում կորուստների ազդեցությանը սակագնի վրա, վստահեցրեց, որ այս ուղղությամբ կառավարությունում սկսել են համապատասխան քննարկումներ եւ ոչ միայն էլեկտրաէներգիայի, նաեւ գազի սակագնի շուրջ. «Մենք մանրակրկիտ ուսումնասիրություն ենք անում: Շուտով կվերջացնենք եւ կպարզվի կորուստների եւ սակագնի այլ բաղադրիչները»:

Էներգետիկայի շուկայի ազատականացման վերաբերյալ էլ Գրիգորյանը վստահեցրեց՝ այս ուղղությամբ աշխատանքները վաղուց սկսվել են, ներկայումս կա բավականին լավ իրավական եւ օրենսդրական դաշտ, որը հնարավորություն կտա 2 տարվա ընթացքում ավարտել շուկայի ազատականացման գործընթացը. «Ես ինքս շատ կարեւորում եմ այս ծրագիրը, քանի որ զարգացած երկրներում շուկայի ազատականացումը, էներգետիկ համակարգի մասով, բավականին առաջընթաց է ապահովել»:

Իսկ կլոր սեղանի քննարկման ժամանակ փորձագետները որոշ դիտողություններ եւ առաջարկություններ ներկայացրեցին:

«Արփի Սոլար» ընկերության ներկայացուցիչ Կարեն Կարապետյանը վստահեցրեց, որ նախկին կառավարությանը վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագիր է առաջարկվել, բայց արձագանք չի եղել:

Կարեն Կարապետյանը նաեւ ասաց, որ լավ կլինի կառավարությունը քայլեր ձեռնարկի արեւային վահանակների տեղական արտադրությունը խթանելու համար, քանի որ տեղական արտադրության վահանակի վրա ավելացված արժեքի հարկ կա, ինչը ներմուծվածի դեպքում չկա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930