Կալանքից ազատվելուց հետո լռություն պահպանող Ժիրայր Սեֆիլյանն այսօր խոսեց լրագրողների հետ: «Հիմնադիր խորհրդարան» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը «Հայ կառուցողական կուսակցության» հիմնադիր համագումարից հետո հայտարարեց, որ ՀԽ-ն մասնակցելու է առաջիկայում կազմակերպվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Այսօրվանից պատրաստվում ենք»,-նշեց Ժիրայր Սեֆիլյանը: Նա չհստակեցրեց, թե ինչ ձեւաչափով են մասնակցելու ընտրություններին, ինչպես են գնահատում խորհրդարան անցնելու իրենց հնարավորությունները եւ ինչ առաջարկներ ունեն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առնչությամբ, քանի որ ՀԽ-ում դեռ անհրաժեշտ քննարկումներ չեն ծավալվել:
«ՀԽ-ն եւ «Սասնա ծռերն» այսօրվանից պատրաստվում են սպասվելիք ազատ եւ արդար ընտրություններին»,-հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը: Իսկ թե երբ է ՀԽ-ն կուսակցության վերածվելու կամ արդյո՞ք գործակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, Սեֆիլյանը նշեց, որ դեռ պետք է որոշեն:
«Ինչ վերաբերում է գործող իշխանություններին, մենք բանտից էլ ենք հայտարարել, որ աջակցում ենք «Իմ քայլը» շարժմանը»,-եզրափակեց Ժիրայր Սեֆիլյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ