Սեւանի «Հարսնաքար» հանգստի համալիրում այսօր մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 16-րդ համաժողովը:
Օրակարգը հաստատվելուց հետո ուղերձով ելույթ ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ողջունելով համաժողովի պատվիրակներին, գործկոմի անդամներին, հյուրերին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ Ռուբեն Հայրապետյանը հույս հայտնեց, որ համաժողովի աշխատանքը կընթանա արդյունավետ եւ կայացվելիք որոշումները ուղղված կլինեն հայկական ֆուտբոլի զարգացմանը: Այնուհետեւ Ռուբեն Հայրապետյանն իր անունից ավելացրեց. «Բոլորիդ հայտնի է, որ որոշ վայ ֆուտբոլային մասնագետներ, փորձել են անընդհատ ներկայացնել, թե այսօր նաեւ ընտրություններ են: Եվ դա այն դեպքում, երբ օրակարգը բոլորին բաժանված է եղել նախապես եւ մինչեւ այս պահն էլ նման հարց չկա: Լրատվամիջոցները ինձ զանգում, հարցնում են նախագահի ընտրության իսկության մասին: Այսինքն, խեղաթյուրված լուրեր են տարածվում, փորձում են վարկաբեկել տարիների մեր աշխատանքը:
Հաստատ ուզում եմ բոլորիդ ասել, որ ֆուտբոլի ֆեդերացիան թաքուն որեւէ բան անելու խնդիր չունի:Ես իմ տեղակալին՝ Արմեն Մինասյանին, լիազորում եմ վարելու այսօրվա նիստը: Կարծում եմ այդ իրավունքը ունեմ, ինչը կանոնադրությամբ սահմանված է: Ներողություն եմ խնդրում, որովհետեւ որոշ պատճառներ կան, որոնց մասին հետագայում կասեմ ձեզ, բայց թույլ տվեք հիմա բացակայել»,-– հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը՜ լրագրողներին խոստանալով ասուլիս կազմակերպել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ