«Հայ կառուցողական կուսակցության» հիմնադիր համագումարին այսօր մասնակցում էր նաեւ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Հիշեցնենք, որ վերջերս Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Սեֆիլյանը դատապարտվել էր 10,5 տարվա ազատազրկման՝ սահմանելով 5,5 տարվա ազատազրկում: Վերաքննիչի որոշմամբ՝ այդ պատիժը պայմանականորեն չի կիրառվի. Սեֆիլյանն ազատության մեջ է՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու պայմանով:
«Ոտքի Հայաստան» նախաձեռնության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը, որի թեկնածությունն առաջադրված է «Հայ կառուցողական կուսակցության» ղեկավարի պաշտոնում, լրագրողների հետ զրույցում ասաց՝ Սեֆիլյանը հրավիրյալ է եւ ՀԿԿ-ի հիմնադիր-մարմնի՝ վարչության կազմում ընդգրկված չէ: Այդ կազմում «Ոտքի Հայաստանի» ակտիվիստներն են, այդ թվում՝ Թամար Հովհաննիսյանը, Դավիթ Հովհաննիսյանը:
Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում Ժիրայր Սեֆիլյանը որպես պատգամավորի թեկնածու առաջադրվի: Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ չի կարող այդ հարցին պատասխանել: Հիշեցնենք, որ ազատ արձակվելուց հետո Ժիրայր Սեֆիլյանն առայժմ լրագրողների հետ չի զրուցում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ