2015թ.-ից ստեղծված «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը դառնում է կուսակցություն՝ «Հայ կառուցողական կուսակցություն» անվամբ, որն առաջիկայում մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այսօր ՀԿԿ-ի հիմնադիր համագումարում լրագրողների հետ զրույցում «Ոտքի Հայաստան»-ի համակարգող Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ կուսակցության վարչությունը որպես ՀԿԿ-ի ղեկավար առաջադրելու է իր թեկնածությունը: Ինչ վերաբերում է նրան, թե ՀԿԿ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ գործակցության ինչպիսի եզրեր է տեսնում, Անդրիաս Ղուկասյանն ասաց.
«Գտնում ենք, որ ժողովրդավարական ուժերն առաջիկա ընտրություններում միասնական պետք է հանդես գան՝ իրար լրացնելով: «Քաղաքացիական պայմանագիրն» իր ուսերին մեծ պատասխանատվություն է կրում: Մենք լինելու ենք վարչապետի եւ ՔՊ-ի կողքին»: Անդրիաս Ղուկասյանը հավելեց, որ ՔՊ-ի հետ նշվածի շուրջ դեռ քննարկումներ չեն ծավալվել:
Անդրիաս Ղուկասյանը նաեւ ասաց՝ վաղ է գնահատականներ հնչեցնել, թե առաջիկայում կազմակերպվելիք խորհրդարանական ընտրություններում ՀԿԿ-ն ԱԺ անցնելու ինչպիսի հնարավորություններ ունի:
https://www.facebook.com/aravot.am/videos/2054210827930755/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ