Լրահոս
Օրվա լրահոսը

Ներողություն եմ խնդրում ողջ հայությանը «գյալմա» բառի համար. Ժաննա Գալստյան. «Արցախպրես»

Հունիս 30,2018 12:42

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պատգամավորների կողմից թե՛ սեռական բնույթի փոխադարձ հայհոյանքները, և թե՛ հատկապես Ժ. Գալստյանի կողմից Հ. Խանումյանին ուղղված «գյալմա» (խմբ.՝ թուրքերեն բառ, որը նշանակում է եկվոր) արտահայտությունը սոցցանցերում լուրջ քննարկումների տեղիք են տվել:

Թեմայի շուրջ «Արցախպրեսը» «Արցախի հերոս», Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժ. Գալստյանի հետ հարցազրույց է ունեցել:

– Ի մասնավորի նշեմ, որ մարդկանց հատկապես զայրացրել էր Ձեր կողմից ասված «գյալմա» արտահայտությունը, որը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել: Ու դա ասում է մի մարդ, ով արցախյան շարժումից սկսած միացումի ու միասնականության կոչերով էր հանդես գալիս և պատերազմի ժամանակ էլ ՀՀ տարբեր հատվածներից եկած բազմաթիվ մարտական ընկերների հետ մարտնչել է Ադրբեջանի դեմ: Ի վերջո, եթե անգամ անզգուշություն է եղել Ձեր կողմից, Դուք պատրա՞ստ եք ներողություն խնդրել այն մարդկանցից, ում վիրավորել եք այդ արտահայտությամբ…

– Իմ նախնիները այժմյան Քաշաթաղի շրջանի Ղազարապատ գյուղից են: Մեր գյուղում «գյալմա» ասել են թուրքերին: Իսկ ինձնից սպասել, որ ես կարող եմ այդ խոսքի բուն իմաստով վիրավորել որևէ հայի, որ եկել է աշխարհի ցանկացած անկյունից, կհամարեի ամենամեծ անհեթեթությունն իմ մասին: Ես տասնյակ հազարավոր ընկերներ ունեմ և՛ Սփյուռքից, և՛ Հայաստանի Հանրապետությունից, և՛ Արցախի Հանրապետությունից, սակայն առանձնակի ակնածանք, սեր և հպարտություն եմ տածում հատկապես այն հայերի հանդեպ, ովքեր հայրենիքի այլ հատվածներից եկել են Արցախ՝ կա՛մ պաշտպանելու այն, կա՛մ բնակվելու, կա՛մ աշխատելու այստեղ: Նրանք ինձ համար հավասարապես հայ և Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, եթե կուզեք՝ մի բան էլ ավելին, քանի որ կամովի ընտրությամբ են իրենց կյանքը կապել մեր հայրենիքի արցախյան հատվածի հետ: Երևի իմ սխալն այն բանում է, որ ես միշտ լուռ եմ մնում, և ինձ թվում է, թե բոլորն ամեն ինչ գիտեն: Մոռանում եմ, որ սերունդներ են փոխվել: Ես Արցախը Հայաստանին միացնելու առաքելությանը լծվել եմ 1960-ական թվականներից՝ 16 տարեկան հասակում: Արցախյան շարժմանն ու պատերազմին ակտիվորեն մասնակցել եմ մի հիմնական՝ մեկ հայրենիքի երկու հատվածներն իրար միացնելու նպատակով: Հիշում եմ՝ 1990-ականներին երեխաներն, ովքեր փողոցում ինձ տեսնում և ուզում էին դիմել, սակայն անունս չգիտեին՝ դիմում էին «Միացում ծյոծյա»:

Ավելին՝ միշտ (այդ թվում՝ պատերազմի տարիներին) պայքարել եմ բոլոր այն փորձերի դեմ, որոնք միտված էին տարանջատել հայության այս կամ այն հատվածներն իրարից, առավել ևս՝ Արցախը՝ Հայաստանից: Դրա մասին կարող են վկայել իմ բազմաթիվ մարտական ընկերները: Իմ կյանքի նպատակը եղել և մնում է ազատ, անկախ, միացյալ և հզոր Հայաստանի կերտումը… Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությանը «գյալմա» բառի համար, անզգուշություն եմ արել, քանի որ իմ շատ սիրած մարդիկ այդպես են ընկալել, այնինչ ես որևէ դիտավորություն չունեի տարանջատման իմաստ հաղորդելու այդ խոսքիս:

– Իսկ Հայկ Խանումյանի հետ պատրա՞ստ եք վերականգնել Ձեր հարաբերությունները:

-Իհարկե:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ծեզ լրիւութեամբ հըսկանըմ ենք։ Մի իջեւանցի gəlmə էլ հրէ մընք ունենք Երեւանըմը 🙂 😊 /#կատակ/

    Տաւուշի արմատներով գերմանաբնակ gəlmə Արթուր Լազարեան
    ***
    Իսկ աւելի լուրջ. Մանուէլ Գրիգորեանի առիթով վերջերս «Առաւօտում» գրել էի, որ ներելը վեհ մարդկանց է յատուկ։ Եւ եթէ Դուք զղջում էք Ձեր ասածների համար, մենք էլ սրտանց ներում ենք Ձեզ։

    Բայց ես կարծում եմ, որ այս թեման (որքան էլ կնճռոտ է), պիտի քննարկենք։

    Մենք ասում ենք արցախցի՝ նկատի ունենալով մարդ, որն Արցախից է։ Նոյն ձեւ ասում ենք գիւմրեցի, կապանցի, լոռեցի եւ այլն։ Նրանք մեզ ասում են «հայաստանցի»։ Սա անթոյլատրելի է։ Պատկերացնո՞ւմ էք, թէ ինչքան անհեթեթ է, եթէ ոչ վտանգաւոր։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930