Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՊՊԱ-ն չի ապահովագրում Վրաստանում ավտովթարների տհաճ հետեւանքներից

Հունիս 30,2018 12:15

2018թ. մարտի 1-ից Վրաստանի տարածք մտնող, այլ երկրում գրանցված տրանսպորտային միջոցների տերերը Վրաստան մտնելիս տրանսպորտային միջոցները պարտադիր կերպով ապահովագրում են: Ավտոտրանսպորտի ապահովագրություն կատարվում է Վրաստանի Սարպի, Ցիտելի Խիդի, Սադախլո եւ Կազբեգի սահմանային անցակետերում: Հայաստանցի վարորդները դժգոհ են, որ Վրաստան մուտք գործելիս ստիպված են ապահովագրական մեծ վճարներ մուծել, սակայն համոզված են, որ հարեւան երկրի տարածքում ավտոտրանսպորտային պատահարի դեպքում ԱՊՊԱ-ն իրենց ապահովագրում է տհաճ իրավիճակներից:

Իջեւան քաղաքի բնակիչը, ով խնդրեց իր անունը չհրապարակել, ներկայացրեց իր հետ կատարվածը, ասաց,որ մի քանի օր առաջ ինքը սեփական ավտոմեքենայով Վրաստան է մեկնել, սահմանում ավտոմեքենան 3 ամսով ապահովագրել է՝ վճարելով 18 400 դրամ: Վրաստանի ադրբեջանաբնակ Մառնեուլիի շրջանում նա ավտոտրանսպորտային պատահարի մասնակից է  դարձել, իջեւանցու ավտոմեքենան հետեւից հարվածել է Վրաստանի բնակիչ ադրբեջանցու ավտոմեքենայի հետնամասին: Դեպքի վայրում հավաքվել են տեղացի ադրբեջանցիներ, ովքեր պահանջել են կանխիկ վճարել ավտոմեքենային պատճառված վնասը: Իջեւանցին ասել է, որ ինքն ընդունում է պատահարում իր մեղավորությունը, իր ավտոմեքենան ապահովագրված է, ադրբեջանցու ավտոմեքենայի վնասը պետք է փոխհատուցի ապահովագրական ընկերությունը: Սակայն ադրբեջանցիների 10 հոգանոց խումբը անդրդվելի է եղել, պահանջելով ադրբեջանցու հին «Օպելին» պատճառված ոչ մեծ վնասի համար վճարել 400 լարի, որը համարժեք է 80 հազար դրամին: Դեպքի վայր է եկել ճանապարհային պարեկը: Պարեկն ասել է, որ դեպքի վերաբերյալ իջեւանցու բացատրությունը պետք է գրվի վրացերեն, ռուսերեն բացատրությունը չի ընդունվում:

Տեղացի ադրբեջանցիները սկսել են հոգեբանորեն ճնշել հայ երիտասարդին՝ ասելով, որ իրենք հարսանիքից ուշանում են, նա  պետք է շուտ, կանխիկ վճարի իրենց մեքենային պատճառված վնասը: Արձանագրություն կազմելու համար ռուսերենից վրացերենի թարգմանիչ է ժամանել: Պարեկն իջեւանցուն ասել է, որ վերջինիս ավտոմեքենան պետք է տեղափոխեն Ռուսթավի քաղաքի վճարովի կայանատեղ: Իջեւանցին համառել է, ասելով, որ ինքը կբողոքի Վրաստանում Հայաստանի դեսպանատուն: Դեպքի վայր է ժամանել Մառնեուլի քաղաքի շերիֆը: Ի վերջո, պատահարից 4 ժամ անց, ժամանել է ապահովագրական ընկերության աշխատակիցը, որը միայն լուսանկարել է ավտոմեքենաները: Վրաստանի բնակիչ ադրբեջանցու ավտոմեքենան, ըստ Վրաստանի օրենքի, ապահովագրական ընկերության կողմից 2 ամսվա ընթացքում կնորոգվի:

Հիմա ծովափնյա հանգստի սեզոն է, շատ հայաստանցիներ Վրաստանի լողափեր են մեկնում սեփական ավտոմեքենաներով, նման իրավիճակներ կարող են լինել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930