Մեղավորներին պատասխանատվության կանչելու ծարավը մեր հեղափոխությունից հետո մոլուցքի աստիճանի է հասնում, եւ ատելության տեսանկյունից Մանվել Գրիգորյանի գողացած «տուշոնկան» առաջին տեղում է: Գեներալի որդու՝ Կարեն Գրիգորյանի գործով, որը մեղադրվում է բանակին նվիրաբերված 3 «ուազիկների», որոշ սարքեր յուրացնելու մեջ, զբաղվում է ՀՔԾ-ն: Գեներալ Մանվելի կինը՝ Նազիկ Ամիրյանը, երկու օր հետախուզման մեջ էր, ապա՝ հունիսի 27-ին, ինքնակամ ներկայացավ ՀՔԾ: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերել-պահելու հոդվածով:
Ըստ ՀՔԾ հաղորդագրության, Մանվելի կինն անհայտ աղբյուրից ապօրինի կերպով ձեռք է բերել եւ Մ. Գրիգորյանի հետ իրենց տանն ու Արշալույս գյուղի առանձնատանը պահել է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք: Ինչ խոսք, գեներալի կինն այնքան բախտավոր չէ, ինչպես, ասենք, գնդապետ Լիսկայի կինը՝ Լորետա Բարսեղյանը: Ոչ բոլոր օլիգարխների կանանց է բախտ վիճակվում հանրության աչքի առաջ զենքը ձեռքին վազվզել, ինչպես դա անում էր Լիսկայի կինը 2013 թվականի հունիսի 1-ին՝ Ավետիք Բուդաղյանի սպանության օրը, եւ չպատժվել «ապօրինի զենքի» հոդվածով: Հինգշաբթի՝ կառավարության նիստից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնեց, որ հունիսի 19-ին երկրապահները, ըստ վկայությունների, հենց տիկին Նազիկի ցուցումով են փորձել տեղափոխել «Զինվորի բաժին» գրառմամբ մսի պահածոներն այլ վայր:
Իսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլ ասաց, որ Նազիկ Ամիրյանի վարքից է կախված՝ արդյոք նա կկալանավորվի՞, թե՞ ոչ: «Դեռեւս նա կասկածյալի կարգավիճակում է, եկեք առաջ չընկենք, 72 ժամվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է նա։ 72 ժամը լրանում է այսօր: Էջմիածնում անհամբեր սպասում են Նազիկի կալանավորմանը: «Ատում են բոլորին, որոնք Մանվելի հետ կապ ունեն»,- ասում է սուրբ քաղաքի ակտիվ բնակիչներից մեկը: Սակայն ավելի հավանական է, որ Մանվելի կնոջը թողնեն ազատության մեջ: Դատարանները կալանքի որոշումներ ընդունելիս խստապահանջ են դարձել՝ սիրո հեղափոխության ոգուն համապատասխան:
Սյուզան Սիմոնյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում