Ներկայացնում ենք հատված խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներով համալրված բարեփոխումների հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ հարցազրույցից:
-Կառավարության առաջարկած փոփոխություններն ընդունելի՞ են ձեր խմբակցության համար։ Ձեր կուսակցությունը (կամ դաշինքը) արդեն հստակեցրե՞լ է առաջարկությունների փաթեթը, որով ներկայանալու է այդ քննարկումներին։
-Այո, մենք ունենք բազմաթիվ առաջարկներ, որոնք գրավոր ձեւակերպել ենք, եւ հենց առաջին նիստին կներկայացնենք մեր բոլոր առաջարկությունները։
–Կարո՞ղ եք բացել փակագծերը։
-Մեր հիմնական առաջարկություններից մեկը «ռեյտինգային քվեարկության» մոդելից հրաժարվելը եւ պարզ համամասնական ընտրակարգի անցնելն է, որն արդեն հաստատվել է կառավարության կողմից։ Երկրորդ՝ եթե տեխնիկապես չենք հասցնելու ամբողջական լուծում տալ մատնահետքերի միասնական ռեգիստր ստեղծելու՝ համացանցային մեկ ընդհանուր բազայում ընտրողների մատնահետքերը ֆիքսելու խնդրին, կրկնաքվեարկությունները բացառելու համար առաջարկում ենք անցնել «սփրեյ» մեթոդով քվեարկության, այսինքն՝ մատների «թանաքոտման» տարբերակին։ Զինծառայողների քվեարկության հետ կապված՝ առաջարկում ենք ստեղծել մեխանիզմներ, որ սպաները, հրամանատարները չկարողանան մոտենալ ընտրատեղամասին, որպեսզի զինվորները կարողանան ազատորեն քվեարկել՝ առանց ճնշումների։ Առաջարկում ենք նաեւ չսահմանափակել լրատվամիջոցների ներկայությունը ընտրատեղամասերում, հանել տեղամասում գտնվելու իրավունք ունեցող դիտորդների թվի հետ կապված սահմանափակումները, ավելի խիստ պատիժներ սահմանել ընտրակաշառքների եւ ընտրական այլ չարաշահումների համար՝ խստացնել պատասխանատվությունը, եւ պատրաստ ենք մանրամասնել մեր առաջարկությունները գրավոր տեսքով։ Եվ ամենակարեւորը՝ նախորդ ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ տեսողության, տեղաշարժվելու հետ կապված խնդիրներ ունեցող 79 հազար 500 մարդ քվեարկել է ուղեկցողների օգնությամբ, այսինքն՝ այդքան մարդու ուղեկցել են քվեախցիկ, որպեսզի կարողանան ուղղորդել նրանց քվեարկությունը։ Պարզվում է՝ այդ օգնության կարիքն ունեցող մարդկանց թիվը խիստ ուռճացված է. շատ քիչ մարդիկ են եղել, որ չէին կարող ինքնուրույն քվեարկել եւ ուղեկցողի կարիք ունեին։ Մենք առաջարկում ենք միայն բժշկի թուղթ ներկայացնելու դեպքում թույլ տալ ընտրողին՝ ուղեկցողի հետ մտնելու քվեախցիկ։ Բժշկի տեղեկանքը, կարծում եմ, կփակի այդ սողանցքը։
-«Ծառուկյան» դաշինքը ճշգրտե՞լ է իր դիրքորոշումը արտահերթ ընտրությունների ժամկետի վերաբերյալ։
-Ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանը նոյեմբերն է մատնանշում որպես ընտրությունների հավանական ժամկետ, բայց, կարծում եմ, չենք հասցնի տեղավորվել այդ ժամկետում. արտահերթ ընտրությունների ողջամիտ ժամկետը, ըստ իս, ապրիլի 2-ն է։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում