Չի կարող որևէ տրամաբանական բացատրություն ունենալ, որ մի քանի հարյուր ձայնի կամ հաճախ մի քանի տասնյակ ձայնի պատճառով մի ուժը կարող է չհայտնվել խորհրդարանում, իսկ մեկը՝ հայտնվել: Առավել ևս, երբ մենք, խոշոր հաշվով, ունենք ընտրության ոչ միայն խաղի կանոնների, այլ ընտրության մշակույթի խնդիր, ընտրողի իրավագիտակցության, արժեհամակարգի խնդիր, և միևնույն ժամանակ ունենք նաև թավշյա հեղափոխության իրողությունը, դրա ազդեցությունը ընտրական միջավայրի, մտածողության, պատկերացումների և տրամադրությունների վրա: Այս ամենն ունեն, իհարկե, լրջագույն ֆիլտրացիայի անհրաժեշտություն, բայց դա կարող է տեղի ունենալ մրցակցային ազատ միջավայրի ձևավորման դեպքում:
Օրինակ՝ դիցուք, պատկերացնենք իրավիճակ, երբ Հայաստանի խորհրդարանի ընտրությանը կարող է մասնակցել նորաստեղծ որևէ դաշինք կամ ուժ, որն ընդգծված եվրատլանտյան ուժ է: Մի կողմ թողնենք, թե գաղափարական-ծրագրային ինչ շեշտադրումներ կարող է ունենալ այդ ուժը, ինչ ծրագիր կներկայացնի և այլն: Սա առանձին խոսակցության առարկա է, քաղաքական դաշտի գաղափարական, հայեցակարգային քարտեզագրումը առանձին խոսակցության նյութ է: Պատկերացնենք, որ ձևավորված է այդ ուժը, և տեղի է ունենում ընտրություն: Մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ, օրինակ, ներկայումս դաշտում գործող, ըստ էության՝ ապագաղափարական կամ պսևդոգաղափարական, իրականում մեկ անձի, ռեսուրսների և այլնի շուրջ խմբված ուժերից շատերը, որոնք փորձառու են, որոնք ունեն կոմունիկացիաներ և այլն, կհավաքեն ավելի բարձր տոկոս, քան նորաստեղծ եվրատլանտյան ուղղվածության ուժը:
Եվ գործնականում այդպես հնարավոր է խոսել նաև որևէ այլ նոր ուղղության մասին: Դիցուք, հին, սպառված համակարգի կոնֆորմիստ ուժերից յուրաքանչյուրը զուտ տեխնիկական առավելության, միաժամանակ ընտրական խորքային մշակույթի բացակայության պայմաններում կարող է ստանալ թավշյա հեղափոխությունից հետո խորհրդարանում հայտնվելու ավելի մեծ հնարավորություն ու նաև ինչ-որ իմաստով՝ հետագա տարիների համար մրցակցային առավելություն, քան նորաստեղծ, գաղափարական մի որևէ ուժ:
Ահա դա է պատճառը, որ թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված նոր իրավիճակում, առնվազն արտահերթ ընտրության այս հատուկ իրավիճակում արժե Ընտրական օրենսգրքով վերացնել անցողիկ շեմ հասկացությունը, հնարավորություն տալ բոլոր ուժերին, նաև քաղաքական պայմանավորվածությամբ, որ հաջորդ արդեն հերթական ընտրությանը կվերադառնանք անցողիկ շեմ հասկացությանը, երբ թավշյա հեղափոխությունից հետո բոլորին կտրվի մեկնարկային հավասար պայման:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում