Երեկ ուշ երեկոյան Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մանկապատանեկան մարզադպրոցի լողավազանում մեկնարկեց ջրագնդակի Հովհաննես Գուլումյանի 11-րդ հուշամրցաշարը, որը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ:
Մասնակցում են թիմեր Հայաստանից (3 թիմ), Ռուսաստանից, Վրաստանից եւ ԱՄՆ-ից, որի թիմը կազմված է այնտեղի հայերից:
Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Հովհաննես Գուլումյանը եղել է Մոսկվայի «Յունոստ» թիմի ավագը եւ 15 տարեկանում զոհվել է դժբախտ պատահարից: «Ջրագնդակի այս կարգի միջազգային մրցաշար, որին մասնակցում են 2003/2004 թվականին ծնված ջրագնդորդները, Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: Համենայնդեպս, ես նման բան չեմ հիշում: Այս մրցաշարը Հայաստանում անցկացնելու համար մենք բավականին հարստացրել ենք տեխնիկական միջոցները, ձեռք բերել միջազգային չափորոշիչներին համապատասխանող գույք: Մեր նպատակն է՝ Հայաստանում զարգացնել ջրագնդակը, այն տարածել հատկապես պատանիների շրջանում, քանի որ այս մարզաձեւով զբաղվել ցանկացողները քիչ չեն: Պաշտոնապես գրանցված է ջրագնդակով զբաղվող 250 երեխա», – ասաց նա:
Խոսելով առկա խնդիրների մասին՝ Գագիկ Հովհաննիսյանը նշեց, որ հիմնականը լողավազաններն են: «Լողավազանները Հայաստանում մեծամասամբ սեփական են եւ նրանց տերերին այս մարզաձեւի զարգացումը չի հետաքրքրում: Մենք չենք կարող լողավազանի կեսը վարձակալել: Բացի այդ, լողավազանների ջուրը լավ չեն մաքրում: Դա է պատճառներից մեկը, որ ջրացատկը դոփում է տեղում, կամ առաջանում է մանր քայլերով: Միայն Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցը եւ «Սպիտակ կենտրոնն» է, որ աջակցում են ջրագնդակի զարգացմանը: Երկրորդ խնդիրն այն է, որ ջրագնդորդները բանակում ծառայելուց հետո չեն վերադառնում մարզաձեւ, որի պատճառով մենք ըստ էության չունենք մեծահասակների հավաքական եւ այդ բացը լրացնում ենք ավագ պատանիներով: Ոչ պակաս կարեւոր խնդիր է մարզերում գործող լողավազանների բացակայությունը: Երեւանից դուրս, թերեւս միակ քաղաքը, որտեղ ջրագնդակ կա, Վանաձորն է, որտեղ մենք տեղի լողի մարզիչներից մեկին վերապատրաստել ենք, եւ Վանաձորի թիմը արդեն երեք տարի մասնակցում է Հայաստանի առաջնությանը: Անցած տարի Իջեւանում գործարկված լողավազան ունեցող մարզահամալիրում էլ կրտսեր տարիքի ջրագնդորդների համար հավաք կազմակերպեցիք: Դա կարող է խթանել այդ քաղաքում մեր մարզաձեւի արմատավորմանը:
ՏԻՄ ղեկավարները, մարզպետարանների եւ քաղաքապետարանների համապատասխան օղակները կարծես չեն ցանկանում ջրային մարզաձեւերը զարգացնելով զբաղվել: Եթե նրանց կողմից ցանկություն եւ մի փոքր նախաձեռնություն լինի, մենք մեծ ուրախությամբ պատրաստ ենք ամեն բանով աջակցել: Վաղը Հրազդանում նոր լողավազան է բացվում: Ես արդեն պայմանավորվել եմ Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանի հետ: Մենք մեր պատանի ջրագնդորդների մասնակցությամբ ցուցադրական խաղ կկազմակերպենք, որպեսզի տեղում ծնողներն ու երեխաները տեսնեն մարզաձեւը: Հույս ունենք, որ Հրազդանում նույնպես խմբեր կհավաքագրվեն», – ասաց Գագիկ Հովհաննիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ