Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գրականության լավագույն տղան

Հունիս 30,2018 15:30

Մի օր Համո Սահյանի եւ իմ ընկեր Դանիել Գասպարյանի հետ Դիլիջանից վերադառնալիս, ուր Կինոյի տանը մենք զրույցների հրաշալի երեք օր էինք անցկացրել, Վարպետն ինձ հարցրեց, թե իմ կարծիքով՝ ո՞վ է հայ գրականության լավագույն տղան:

Ուզեցի ասել՝ Տերյանը, բայց մտածեցի, թե մեծ հայրենակցիս անունն եմ տալիս, ասացի՝ Մեծարենցը:

– Ո՛չ, Մերուժան ջան,- ասաց Վարպետը,- մեր գրականության լավագույն տղան Տերյանն է…
Աստծո սիրույն, ինչքան բան կարող եմ վերհիշել ու պատմել մեծ Վարպետի մասին, քանզի կյանքիս այն տարիները այնպես անցան, որ գրեթե յոթ տարի պատիվ ունեցա Համո Սահյանի կրտսեր ընկերը եւ զրուցակիցը լինելու…

Սակայն այդ ամենը մի այլ գրքի համար է, ինչը պատրաստվում եմ գրել, եւ ոչ միայն Վարպետի առիթով…
Իսկ հիմա փորձեմ վերհիշել Համոսահյանական հումորով համեմված երկու պատմություն…

Կար հրաշալի մարդ եւ բանաստեղծ, արդեն ափսոսերջանկահիշատակ Վահրամ Հաճյան, ով ապրում էր ամերիկաներում: Բայց զարմանալիորեն կապված էր Հայաստանին եւ հաճախ էր այցելում հայրենիք: Իսկ այցելելով ապրում էր «Արմենիա» հյուրանոցի շքեղ համարում, եւ գրեթե ամեն օր մենք Վահրամի հյուրն էինք. Համո Սահյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Վահագն Դավթյանը, Ռազմիկ Դավոյանը, հրաշալի Դանիել Գասպարյանը, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը եւ այլն, եւ այլն, եւ այլն…

Եվ այդ հերթական հանդիպումներից մեկի ժամանակ Վահրամ Հաճյանը, որ սիրահարված էր մի աղջկա եւ ուզում էր ամուսնանալ, հայտարարեց՝ բնականաբար առաջինը Վարպետին դիմելով
– Համո ջան,- ասաց,- աղջիկը հղի է, էնքան ուրախ եմ, որ դարձյալ երեխա եմ ունենալու, այն էլ՝ այս տարիքում: Մենք բոլորս բաժակներ բարձրացրինք՝ շնորհավորելով Վահրամին: Վարպետը երկար ժամանակ լուռ ծխում էր, ծխախոտը ձախ ձեռքով բռնած, շոյելով քունքի մազերը, հետո դանդաղ բարձրացրեց բաժակը եւ ասաց.
– Վահրամ ջան, աչքներս լույս, բայց պայման. երեխայի անունը դու կդնես, հոր անունը՝ ես:
Բնականաբար բոլորս ծիծաղեցինք, լավն այն էր, որ Վահրամը հումորի զգացողություն ուներ եւ ճանաչում էր Համո Սահյանի հումորը եւ եկավ ու համբուրեց Վարպետին, ասելով՝ շնորհակալ եմ, ու բաժակը խմեց, չնայած ինքը խմող չէր:

Տե՛ր Աստված, դարձյալ ու կրկին իմ դեմ հառնում է մեծն Վարպետը, եւ ինչքան էլ տարօրինակ է, երկրորդ վերհուշս դարձյալ կապված է մեր Վահրամի հետ…
Վարպետը ամառները գնում էր Սիսիան, որտեղ երկհարկանի առանձնատների շարք կար, որոնցից մեկը Վարպետին էր տրամադրված (ես հիմա չգիտեմ՝ այդ առանձնատանը ովքեր են ամառն անցկացնում). թերեւս ճիշտ կլիներ, որ առանձնատան պատին տախտակ փակցվեր, որ այստեղ ապրել է Համո Սահյանը… Գուցե տեղի իշխանություններն արել են այդ բանը, բայց թող ինձ ներեն, քանզի վաղուց չեմ եղել, եթե չեն էլ արել, ես հիմա հուշում եմ ու խնդրում անել այդ…

Ինչեւէ, հերթական անգամ այցելել էի Սիսիան՝ տեսնելու Վարպետիս Դերենիկ Մարգարյանի հետ: Չափազանց անհանգստացած էր, որ ուշացել եմ, մտածելով՝ ճանապարհին մի բան է պատահել, երբ հասանք, երկրորդ հարկի աստիճանների բազրիքից նայում էր, եւ երբ մեզ տեսավ, սկսեց իր սիրած երգերից մեկը դնդնացնել: Եվ ես ներքեւից դամ պահելով, բարձրաձայն երգելով սկսեցի ելնել աստիճաններով.
Ելել եմ սարը սնձի,
Յարս, յարս, յարս, յարս
Յարս գար սար գտներ ինձի
Վառիր ջանս:

Զարմանալին այն էր, որ մի քիչ հետո եկավ Վահրամ Հաճյանը՝ վարձու մեքենայով, երեք աղջիկների հետ: Եվ Վարպետին ու ինձ համոզում էր, որ գնանք Տաթեւ: Եթե հիշում եք, այն տարիներին ճանապարհները քարքարոտ էին, եւ Տաթեւ գնալը հոգս էր: Բայց պատճառը դա չէր, որ Վարպետը մերժեց, ինչի համար ես ուրախացա, քանզի մենք Տաթեւը, թերեւս, հարյուր անգամ տեսել էինք: Այնինչ այդ օրը ես եկել էի իրեն տեսության, եւ Վարպետը ծրագրել էր Սիսիանից դուրս իր սիրած ծառի տակ նստենք, զրուցենք եւ քուջուջ արած հավ ուտենք (ինչպես ինքն էր ասում՝ քաք կերած հավի միս):
Վահրամն ամեն ինչ արեց, որ համոզի՝ չստացվեց, եւ ինքն աղջիկների հետ գնաց:

Եվ հետաքրքիր բան. Վահրամը ցտեսություն ասաց, դուրս եկավ, պատշգամբից ճանապարհեցինք, եւ երբ մեքենան արդեն դուրս էր գալիս բակից, Վարպետը պահի մեջ մի քառատող հորինեց.
Իր մեռած հույսերի հետ,
Աշնան չոր բույսերի հետ,
Տաթեւի վանք է գնում
Հաճյանը կույսերի հետ:

Անցել են արդեն շատ օրեր, բայց Վարպետի այդ քառատողը լսեցի եւ այդպես էլ մնաց հիշողությանս մեջ: Չգիտեմ՝ ինքը գրավոր թողե՞լ է այդ քառատողը, բայց ես հիշում եմ:
Ինչպես ասացի, ես բազմաթիվ պատմություններ կարող եմ հիշատակել Վարպետի կյանքից, ում կրտսեր ընկերը լինելու պատիվն ունեցա, բայց այսօր առայժմ այսքանը:
Մնացածը, ինչպես ասացի, «Մի այլ գրքում»:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

29.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930