Լրահոս
Օրվա լրահոսը

«Իգոր Մուրադյանն անգամ ընտանիք չի կազմել, մինչեւ կյանքի վերջը նվիրվել է գործին. սա բացառիկ երեւույթ է»

Հունիս 30,2018 15:00

Մանվել Սարգսյանը ցավով նշեց՝ անգամ նոր իշխանությունները չկարողացան իրենց մեջ այդ վախը հաղթահարել եւ ներկայացնել հերոսի մահը ոնց որ պետքն է:

Կոմպրոմիսի չգնացող, անվախ, կյանքը գործին նվիրող. «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից եւ առաջին անդամներից Մանվել Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում այսպես բնութագրեց Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից Իգոր Մուրադյանին:

Մանվել Սարգսյանը հիշեց, թե ինչպես էր Իգոր Մուրադյանը ամբողջ Խորհրդային Միությունով մեկ տանում բացատրական աշխատանքներ, որպեսզի Ղարաբաղյան խնդիրը երկրում դառնա քաղաքական խնդիր: Ըստ պարոն Սարգսյանի՝ Իգոր Մուրադյանի համար դա էր գերխնդիրը:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է Ղարաբաղյան շարժումն այս մասշտաբներն ու ընթացքը չունենար, եթե նրա ակունքներում Իգոր Մուրադյանը չլիներ, պարոն Սարգսյանն արձագանքեց. «1987-ին, երբ կային արդեն նախադրյալները, Իգորը եկել էր Արցախ, բոլորին սկսել էր կոնսոլիդացնել, նրան բոլորը ճանաչում էին: Նա համարում էր, որ պահն է. այդ տեսանկյունից հմուտ եւ շատ ադեկվատ գնահատական ունեցող մարդ էր, կարողացել էր բոլորին համոզել եւ ի վերջո այդ ամենը հանգեցնել շարժման: Միանշանակ նրա դերն առանձնահատուկ էր»:

Թեեւ պարոն Սարգսյանը փաստեց, որ ժամանակին շարժումը հասունացել էր, բայց միեւնույն ժամանակ շեշտեց՝ պարոն Մուրադյանի առանձնահատկությունն այն էր, որ նա առաջարկեց հատուկ մեթոդոլոգիա. «Իգորն առաջարկել է այն ժամանակվա համար անհասկանալի, բայց հետագայում իր կենսունակությունն ապացուցած մոտեցում: Ըստ այդ մեթոդոլոգիայի՝ պետք է աշխատել պերեստրոյկայի դրոշի տակ եւ բացարձակ սահմանադրական շարժում ծավալել. տոտալիտար երկրում չէր ընդունում փակ շարժումը: Կարեւոր էր, որ մոտեցումն իրեն արդարացրեց: Նա տանում էր այն գիծը, որ ժողովրդի խախտված իրավունքները վերականգնվեն, այս սկզբունքները դաստիարակում էին թե՛ սովետական իշխանություններին, թե՛ հանրությանը: Հանրությունը, հավատալով, որ դա իր իրավունքն է, հզոր կազմակերպվածություն ցուցաբերեց: Առաջին անգամ ժողովուրդը հասկացավ սահմանադրական շարժման էությունը: Համաժողովրդական իրավական մեխանիզմներ. սա մեթոդաբանություն էր, որը պիտի բերեր շարժման երկրորդ փուլին՝ 1988-ի փետրվարին, երբ խորհրդային իշխանությունները հրաժարվեցին ժողովրդի պահանջը կատարել, եւ ժողովուրդն անցավ խաղաղ անհնազանդության: Այն, ինչ տեսանք վերջին ամիսներին, Հայաստանում առաջին անգամ կիրառվել է հենց փետրվարի 20-ից հետո, երբ ժողովրդական անհնազանդությունը սկսվեց, եւ դժվար էր պատկերացնել, որ ժողովուրդը կարող էր Սովետական Միության բարձր իշխանությունների որոշումը չընդունել: Դա էլ ենք անցել»:

Պարոն Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ իսկ ինչպիսի՞ն էր Իգոր Մուրադյանը որպես ընկեր, անհատ, նա պատասխանեց. «Լինում են մարդիկ, որոնք ամբողջ կյանքն են տալիս գործին: Իգոր Մուրադյանն իր կյանքով դա ապացուցեց: Նա անգամ ընտանիք չի կազմել, մինչեւ կյանքի վերջը նվիրվել է գործին. սա բացառիկ երեւույթ է: Շատերը չեն էլ հավատում, որ նման մարդիկ կարող են լինել: Նա ապացուցեց, որ՝ այո, կան մարդիկ, որոնք ամբողջ կյանքը տալիս են գործին»:

Մանվել Սարգսյանը Իգոր Մուրադյանին բնութագրեց որպես կոմպրոմիս չընդունող մարդ. «Բացարձակապես վախի զգացողություն այդ մարդու մեջ չկար: Օրեր եմ հիշում, որ մինչեւ շարժումը կոտրվում էին մարդիկ, վախենում էին հրեշավոր համակարգից, Իգորն ասում էր՝ հանգիստ եղեք, ո՞վ են նրանք, մենք ստիպելու ենք սրանց: Մտերիմներից մեկը, որը պաշտոնյա էր եւ Իգորի հետ աշխատում էր, ասում էր՝ դու չես հասկանում, որ վատ է լինելու, մի արեք: Իգորն այդ մարդուն հարցրել է՝ ո՞նց եք որոշել, որ վատ է լինելու, այդ մարդն ասել է՝ իմ կյանքի փորձից դա գիտեմ: Իգորն արձագանքել է՝ ինչ լավ է, որ ես ձեր կյանքի փորձը չունեմ»:
Մանվել Սարգսյանը փաստեց՝ շատ մոտ են եղել Իգոր Մուրադյանի հետ, հիմնել են «Ղարաբաղ» կոմիտեն: Հետադարձ հայացք նետելով անցյալին՝ պարոն Սարգսյանը հիշեց՝ Իգորը ոչ մի բանի առաջ չէր կանգնում, կապ չունի՝ ինչ էր կատարվում, կապ չուներ, որ ասում էին՝ «սենց է լինելու, նենց է լինելու», նրան հետաքրքրում էր միայն այն, որ կա խնդիր, եւ այն լուծել է պետք: Ըստ պարոն Սարգսյանի՝ հենց այս պատճառով էլ Իգոր Մուրադյանն անփոխարինելի է, թեեւ կային ուրիշ տղաներ էլ: Այդպիսիք էին Էմիլ Աբրահամյանը, Արթուր Մկրտչյանը, հետո Լեոնիդ Ազգալդյանը. «Մասշտաբի հարց է. մարդ, որը կարողանա մեկ միլիոն մարդկանց համոզել, ամեն մեկը չի կարող: Իր խարիզման, մարդկանց համոզում էր, անվախ եւ որեւէ բանի առաջ չկանգնող էր, որեւէ պատճառ չգտնող էր: Նման մարդիկ քիչ են: Հիմա էլ, երբ տեսնում ենք 25 տարվա Հայաստանի պատմությունը, միայն արդարացումներ ենք տեսնում քաղաքական գործիչների, թե ինչու չի ստացվել. բայց այն ժամանակ բացարձակ ոչ մի բանի արդարացում չի եղել: Որեւէ մեկը չէր կարող արդարացնել, որ սխալվել է կամ չի կարողացել: Այդ դիսցիպլինան դնողներից ամենաառաջինը հենց Իգոր Մուրադյանն էր: Ամեն մեկը չուներ նման թափ, նման բարձր ինտելեկտ: Ասում են՝ նրա պապն ու նախապապը առաջին սովետական հեղափոխական գործիչներից էին: Դա էլ է ազդում: Գրքերով մեծանում էր: Հեղափոխական մարդն ուրիշ բան է, ամեն մարդու գործ չէ: Ընդհանուր մասշտաբի մեջ անհամեմատելի էր: Իգոր Մուրադյանը մարդ էր, որն ամբողջ այդ խնդիրը դրել է Խորհրդային Միությունում, ինքս էլ եմ հիշում. բազմաթիվ ծանոթ մարդիկ մեզ գալիս ասում էին, թե հիմարություններով եք զբաղվում, հասկանո՞ւմ եք՝ սա հրեշավոր պետություն է, ԿԳԲ է, Սահմանադրությունը, սահմանադրական շարժումը, պատգամավորը ո՞րն է: Մարդիկ ուրիշ աշխարհում էին ապրում: Ինքն էլ, մենք բոլորս էլ քմծիծաղ էինք տալիս, ասում էինք՝ այս մարդիկ անցյալից եկածներ են: Երբեք նման մասշտաբի փոփոխությունները, շարժումները պատահական չեն լինում: Դրանք շարժումներ են, որոնց դեմ խաղ չկա, եթե դա լինում է, լինում է»:
Համեմատելով ապրիլյան դեպքերի հետ՝ պարոն Սարգսյանն ասաց. «Դրա ավելի փոքր տեսակն ապրիլին ՀՀ-ում տեսանք: Նույնպես տեսանք, թե ինչպես փլուզվեց այդ մարդակեր համակարգը, որ բոլորն ասում էին՝ անհնար է, ձեւ չկա, միայն զենքով: Բայց ժողովուրդը դուրս եկավ եւ ասաց՝ այդպես չէ, այսպես է, ու բոլորին ապացուցեց, որ ոչ ոք ոչինչ անել չի կարող»:

Սակայն պարոն Սարգսյանը նեղսրտած է՝ այս իշխանություններն էլ չկարողացան իրենց մեջ վախը հաղթահարել եւ ներկայացնել հերոսի մահը ոնց որ պետք է. «Այդ մասշտաբի մարդուն, սարսափ էլ է ծնվում, բայց տեսել եմ՝ ոնց են մոտեցել նրան, երբ մահացավ: Ղեկավարությունը եկավ, պետությունը վերցրեց իր վրա, Եռաբլուրում թաղվեց, բայց այնպիսի անհայտ ձեւով, դուրս մնաց ինֆորմացիոն դաշտից, այնպիսի տպավորություն է, որ կարծես վախենում էին ներկայացնել հերոսի մահը ոնց որ պետքն է: Դա էլ այդ վախն է նման մասշտաբի գործիչներից, որ մինչեւ վերջ տենց էլ մնաց: Անգամ նոր իշխանությունները չկարողացան իրենց մեջ այդ վախը հաղթահարել: Նման բաներ էլ ենք տեսել, որոնք նույնպես ապացուցում են, թե ում հետ գործ ունենք: Մասշտաբից էլ են մարդիկ սարսափում»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

29.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930