Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրանք ներմուծելիս, մինչեւ փաստաթղթերը հավաքեն, գերադասում են կոռուպցիոն գործարքի գնալ

Հունիս 30,2018 14:30

«Կոռուպցիան բիզնեսում. ինչպե՞ս է տուժում հատկապես փոքր ու միջին բիզնեսը, ի՞նչ խնդիրներ կան,
որոնք խոչընդոտում են բիզնեսին». այս եւ այլ հարցեր են քննարկում կոռուպցիայի դեմ պայքարի գծով ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը եւ «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը առցանց «Առավոտ»-ի «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում:

Նելլի Բաբայան.– Պարոն Մկրտչյան, օրերս ԱԱԾ-ն կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում բերման ենթարկեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, ապա ժամեր հետո բաց թողեց: Նա, ըստ մամուլի հրապարակումների եւ հանրության շրջանում շրջանառվող լուրերի, որոշ եկամտաբեր բիզնեսում օգտագործելով իր դիրքը՝ «փայ է մտնում», մենաշնորհ ունի: Արդյոք ունե՞ք այս ամենը վկայող փաստեր, թե՞ դրանք միայն բամբասանքներ են:

Արեն Մկրտչյան.– Իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ կխուսափեմ գնահատական տալ, որովհետեւ դա կարող է դիտարկվել ճնշում գործադիր մարմնի կողմից իրավապահ մարմնի վրա: Քննություն է ընթանում, կա անմեղության կանխավարկած: Վստահաբար եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ բոլոր նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունից միջոցներ են գողացել, պատասխանատվության են ենթարկվելու:

Ն. Բ.- Պարոն Գրիգորյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում անդրադարձել է ՓՄՁ-ի խնդիրներին ու ասել, որ փոքր եւ միջին բիզնեսի, աշխատավոր մարդկանց շահերը պաշտպանելուն այլընտրանք չկա: Նաեւ վստահեցրել է՝ մաքսային մարմինների հետ են աշխատում, որպեսզի փոքր ու միջին բիզնեսի համար ավելի լավ պայմաններ ապահովեն, ամեն ինչ կանեն, որ ՓՄՁ-ն զարգանա, չեն նեղացնելու: Փոփոխություններ նկատո՞ւմ եք, հաշվի առեք այդքան քննադատվող Հարկային օրենսգիրքը:

Սամսոն Գրիգորյան.- Իհարկե, բիզնեսը սպասումներ ունի կառավարությունից: Այդ բիզնեսն էլ մասնակցել է այս կառավարության ձեւավորմանը՝ իր իսկ ներուժը ներդնելով, որ կառավարություն փոխվի: Հիմա լուրջ սպասումներ ունի: Կառավարության այս պահի քայլերը դրական եմ գնահատում, քանի որ մաքսային եւ հարկային մարմիններում՝ չասեմ 100%-ով, բայց մեծամասամբ կոռուպցիան դադարի վիճակում է: Ինչո՞ւ եմ ասում՝ դադարի վիճակում, որովհետեւ համոզված եմ, որ լուրջ օրենսդրական փոփոխություններից հետո նոր մենք կարող ենք ակնկալել դրա վերացումը եւ լուրջ հակակոռուպցիոն գործողություններից հետո ակնկալել լուրջ փոփոխություններ եւ վերջնական վերացում:

Ն. Բ.– Մի՞թե խնդիրը միայն հարկային եւ մաքսային ոլորտում է:

Ս. Գ.- Ո՛չ: Բիզնեսը խնդիր ունի պետական գրեթե բոլոր ոլորտներում: Օրինակ՝ պետական գնումներում փոքր ու միջին բիզնեսը շատ քիչ մասնակցություն ունի: Գիտեմ, որ կառավարությունը աշխատանքներ է տանում այս ուղղությամբ: Հիմա ՓՄՁ-ն սպասողական վիճակում է, երեւի ամբողջ տնտեսությունն է սպասողական վիճակում, որովհետեւ ապրանքաշրջանառությունը, գումարային շրջանառությունը դադարի վիճակում են: Սա ոչ մեկի մեղքը չէ, պարզապես յուրաքանչյուր այսպիսի մեծ փոփոխությունների դեպքում տնտեսությունը սպասողական վիճակում է:

Ն. Բ.– Պարոն Մկրտչյան, պետական գնումների ոլորտում ՓՄՁ-ին առնչվող ի՞նչ խնդիրներ ու կոռուպցիոն ռիսկեր եք բացահայտել, դրանք վերլուծե՞լ եք: Պետական գնումներում մասնակցում են պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված ընկերություններ, որոնք նախապես պայմանավորվածությամբ հաղթում են, ընդ որում՝ հաճախ բարձր գին առաջարկելով:

Ա. Մ.- Նախորդ հարցին մի փոքրիկ հավելում անեմ՝ փոքր երկրում բիզնեսի գերկենտրոնացումը տնտեսության համար մեծագույն ռիսկեր է ստեղծում: Եթե բիզնեսը կենտրոնացած է 4-5 սուբյեկտների ձեռքում, ռիսկն այն է, որ այդ սուբյեկտների ցնցման պարագայում ցնցվում է ողջ տնտեսությունը: Պետք է բիզնեսի դիվերսիֆիկացիա կատարվի, որպեսզի փոքր ու միջին ձեռնարկատերը նույնպես իրեն հարմարավետ զգա եւ գործունեություն ծավալի: Եվ կոռուպցիայի դեմ պայքարը մեծապես խթանելու է ՓՄՁ-ի ազատ եւ անկաշկանդ գործունեությանը: Օրինակ՝ մենաշնորհներ այլեւս չեն լինելու: Չեն լինելու ապրանքատեսակներ, որոնք կարող է ներմուծել մի անձնավորություն:

Ն. Բ.- Բայց նախորդ իշխանությունն էլ ասում էր՝ մենաշնորհ չկա:

Ա. Մ.– Հիմա սա փաստերով եւ գործերով ապացուցվող հանգամանք է: Ցանկացած ոք կարող է գնալ եւ սահմանից անցկացնել ցանկացած ապրանք:

Ն. Բ.- Օրինակ՝ շաքարավազի ներկրման դեպքում ասում էին՝ մենաշնորհ չկա, Ալեքսանյանից բացի՝ էլի կան ներմուծողներ: Կային կարծիքներ, որ որոշ մենաշնորհները նորմալ երեւույթ են:

Ա. Մ.– Մայիսի 8-ին, իսկապես, կարմիր գիծ է գծվել Հայաստանում: Ես կարծում եմ՝ մայիսի 8-ից առ այսօր գոնե չկա որեւէ մեկը, ով կարող է ասել, որ կան ապրանքատեսակներ, որ կարող է ներմուծել իքս անձնավորությունը, մնացածին արգելված է: Անձնապես ճանաչում եմ մարդկանց, որոնք փոքր քանակությամբ շաքար եւ բանան են ներմուծում: Ինչ վերաբերում է նրան, որ նախկինում էլ չկային մենաշնորհներ: Գիտեք, մեզ ասում էին՝ դուք ժառանգել եք 7.5% տնտեսական աճով պետություն: Տարբերությունը ներկայիս Հայաստանի եւ նախորդի միջեւ այն է, որ տնտեսական աճերը միայն թղթի վրա էին: Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի աճերը լինեն փողոցում, մարդու կենսամակարդակի փոփոխություն լինի, քաղաքացու կյանքի որակը փոխվի: Այդ տնտեսական աճն արտահայտվում է 878 հազար 144 աղքատ մարդու առկայությամբ, 377 հազար արտագաղթով, 30% գործազրկությամբ, համատարած կոռուպցիայով: Մեր խնդիրը թվեր չնկարելն է, այլ կյանքի որակի բարելավումը:

Ն. Բ.- Պարոն Գրիգորյան, Հարկային օրենսգիրքը դժգոհություններ է առաջացրել տնտեսվարողների շրջանում, նրանք պնդում են, որ այն ամենեւին էլ նպաստավոր պայմաններ չի ստեղծում բիզնեսի համար եւ նույնիսկ կոռուպցիոն գործարքների տեղիք է տալիս:

Ա. Մ.– Այո, կան կոնկրետ, այսպես ասած՝ ուղղորդումներ, որոնք փոքր ու միջին ձեռնարկատիրոջը մղում են դեպի ստվեր: Մշակման փուլում է օրենսդրական նախաձեռնությունը՝ շուկայի ազատականացման համար: Քանի որ սաղմնային փուլում է, թույլ տվեք մանրամասներ չնշեմ: Բայց վստահեցնում եմ՝ հնարավորն արվելու է:

Ս. Գ.– Իսկապես, Հարկային օրենսգիրքն այնքան բարդ է, որ ՊԵԿ-ը հավելյալ ինչ-որ պարզաբանումներ պետք է տա որոշ հոդվածների կամ դրույթների մասին: Այսինքն՝ միանշանակ չէ, չես հասկանում՝ ինչ է գրված: Իմ կարծիքով՝ ցանկացած օրենսգիրք՝ լինի հարկային, թե քրեական, եթե այն միանշանակ չէ, եթե կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, արդեն խնդիր է ստեղծում, կոռուպցիոն ռիսկեր պարունակում: Մի օրինակ բերեմ՝ ինչո՞ւ է այսօր մանր բիզնեսը վախենում ավելացված արժեքի հարկի դաշտ գնալ: ԱԱՀ-ի դաշտում աշխատելու պարագայում մանր գործարարը պետք է ունենա շատ հզոր հաշվապահ, քանի որ դաշտն այնքան բարդացված է, որ անհնար է էժան հաշվապահություն անելով աշխատել: Ընկերությունները, որոնք ԱԱՀ-ով են աշխատում, 2-3 հաշվապահ են ունենում, որոնք ամենաքիչը 300 հազար դրամ աշխատավարձ են ստանում, իրավաբաններ ունեն, ինչը մանր բիզնեսն իրեն չի կարող թույլ տալ: Մանր բիզնեսի համար ԱԱՀ-ն համարվում է սահման, որից հետո նույնիսկ կարող են փակվել: Եթե մանր բիզնեսին բերեն 58 միլիոն դրամի շրջանառության հարկի շեմին… ես հաշվարկ էի արել եւ սոցցանցում տեղադրել: Մանր բիզնեսը մեծամասամբ առեւտրից է կախված: Նրանք իրենց գործունեությունն իրականացնում են հիմնականում շուկաներում, վարձավճարներ են տալիս, հարկերը վճարելուց հետո, ընդամենը 1 աշխատող պահելու դեպքում էլ եւ գումարած այլ ծախսեր անելուց հետո, գործարարն ունենալու է 65 հազար դրամ եկամուտ: Ուստի բիզնեսը պահանջում է, որ գոնե սկզբի համար մնար 115 միլիոնի շեմը, մինչեւ տեսանելի լինեն փոփոխությունները, տեսնենք, թե ինչպես է տնտեսությունն ազատականացվելու: Կոռուպցիայի համատեքստում մի օրինակ էլ բերեմ մաքսային սահմանի հետ կապված, դեռ սննդի մասին չխոսենք, սա ավելի բարդ վիճակում է: Ուրեմն՝ եթե ներմուծում ես էլեկտրոնիկա, դու պետք է 3 տեղից փաստաթուղթ բերես դրա համար:

Պարզ կոռուպցիոն ռիսկ է. դրա պատճառով ամբողջ բեռը պետք է 10 օր մնա մաքսային պահեստում, մինչեւ փաստաթղթերը հավաքվեն: 10 օրում կհավաքվի, եթե դիմում ես սեփական կառույցներին, որոնք լիազորված են, միջնորդված են կատարել պետական մարմնի գործառույթները, եւ բավականին մեծ գումարներ վճարելով: Եթե դիմում ես ուղիղ պետական մարմնին, ապա այդ ամենը 20 օր է տեւում: Ասենք՝ բերում ես եզրակացության փաստաթուղթ, որ, ենթադրենք՝ հեռախոսի լիցքավորիչը ռազմական նշանակություն չունի, կամ կրիչը հասարակ գաղտնագրման հնարավորություն չունի: Սա ԵԱՏՄ պահանջ է: Այս փաստաթղթերը ձեռք բերելու համար ժամանակ է պահանջվում: Բիզնեսի համար ամենաթանկը ժամանակն է: Եվ գալիս ենք դեպի կոռուպցիա, եւ բիզնեսն ամեն ինչ անելու է, որ ժամանակ չկորցնի, որովհետեւ դուք կոնտեյներով եք բերել, եթե դա կանգնի 20 օր, օրը 100 դոլար է, դուք դրա համար վճարելու եք: Այսինքն՝ բիզնեսին ավելի ձեռնտու կլինի, ասենք՝ 1000 դոլար կողքից վճարել, քան ավելին վճարել օրինական սպասելով: Հիմա այս օրենքի պահանջը գործում է, ու հնարավոր է՝ գործարքների գնան այս օրենսդրական բացի պատճառով: Դա կլինի երկու հոգու միջեւ, որը բացահայտելը շատ դժվար կլինի: Մեկ այլ օրինակ էլ բերեմ՝ կոռուպցիան պարտադիր չէ, որ կաշառք տալը լինի, ամեն հակաօրինական գործողություն կարող է կոռուպցիա լինել: Տեսեք՝ փորձագիտական եզրակացություն է տրվում ապրանքի համար: Մինչ այսօր ես դեռ չեմ տեսել, որ այդ ապրանքն իրականում գնա փորձագիտության: Այսինքն՝ ուղարկում ես ընդամենը նկարն ու տեխնիկական մի քանի «պարամետրեր», վճարում ես կլորիկ գումար՝ 2 օրում 3 անուն ապրանքի համար 60 հազար դրամ: Իրական փորձաքննություն, որպես այդպիսին, չի անցնում, բայց գումար ես տալիս: Սա արվում է, որ մաքսազերծման դեպքում, ասենք, տվյալ ապրանքը գաղտնագրող սարք չէ: Փորձաքննության եզրակացություն են տալիս նկարով: Մի՞թե հնարավոր չէ այնպես անել, որ այս ամենը 2 օրում եւ մեկ պատուհանով իրականացվի:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Հաղորդման մանրամասները

«Առավոտ»

29.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930