Նախորդ կառավարությունները, որոնք իրենց ռազմավարական ծրագրերում փոքր ու միջին բիզնեսի` ՓՄՁ-ի զարգացումը դասում էին առաջնահերթությունների շարքին, որոշում կայացրին պետական ավիատոմսերի գնումները կենտրոնացնել մեկ ընկերության` ԷԿԵՆԳ-ի ձեռքում:
Այսինքն` այս բիզնեսում ներգրավված մի քանի տասնյակ ՓՄՁ ընկերություններ, որոնք զբաղվում էին ավիատոմսերի առուվաճառքով, դուրս մնացին պետական ավիատոմսերի մրցույթներից, քանի որ մենաշնորհը տրվեց ԷԿԵՆԳ-ին:
Գործարարները մի քանի անգամ այն ժամանակվա իշխանության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահին, վարչապետին նամակներ գրեցին, նամակները թարմացրին նաեւ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք, սակայն որեւէ դրական պատասխան չստացան: Մենաշնորհների դեմ ակտիվ պայքար հայտարարած Կարեն Կարապետյանի թիմը սկզբում գործարարներին խոստումներ տվեց, ապա հրաժարվեց խնդիրն ուսումնասիրելուց: Ավելին, ԷԿԵՆԳ-ից բողոքող գործարարների ընկերություններում հարկայինն ու այլ կառույցներ ակտիվ ստուգումներ սկսեցին:
Կառավարության այդ որոշման պատճառով ավիատոմսերի վաճառքով զբաղվող եւ ավիատոմսերի պետական գնումներին մասնակցող որոշ ընկերություններ ստիպված եղան բիզնեսի ուղղությունը փոխել, աշխատակիցներ կրճատել:
Երկու տարուց ավելի է՝ պետական ավիատոմսերը գնվում են ԷԿԵՆԳ-ի միջոցով: Ոչ մի պետական հիմնարկ իրավունք չունի ավիատոմս գնելու ինչ-որ կազմակերպությունից` անգամ եթե ավիագործակալությունները նրան ԷԿԵՆԳ-ի առաջարկած ավիատոմսից էժան ավիատոմս են առաջարկում: Ավիատոմսերի առուվաճառքով զբաղվող գործարարները պատմում են, որ շատ հաճախ է լինում, երբ այս կամ այն նախարարության, պետական հիմնարկների աշխատակազմից զանգում եւ ավիագործակալությունից այս կամ այն երկրի ավիատոմսի գին են ճշտում: Արդյունքում պարզվում է, որ ավիագործակալության եւ ԷԿԵՆԳ-ի առաջարկած ավիատոմսի արժեքի մեջ 20-30՝ անգամ 40 հազար դրամի տարբերություն է լինում:
Այսօր արդեն www.govtravel.am-ում ուսումնասիրելով ԷԿԵՆԳ-ի հաշվետվությունները՝ պարզ է դառնում, որ այս ընկերությունն այնքան էլ մատչելի ավիատոմսեր չի առաջարկում պետական գերատեսչություններին, ինչպես որ ծրագիրը ներդնելու նպատակն էր ենթադրում:
Ի սկզբանե ԷԿԵՆԳ-ի ներդրման նպատակը բյուջեի փողերը խնայելն էր:
2016 թվականի հունիսի 2-ի նիստում, երբ ներկայացվեց ԷԿԵՆԳ-ի անհրաժեշտությունը եւ այն, որ «ԷԿԵՆԳ ՓԲԸ»-ն ուղիղ կապ էր ունենալու ավիատոմսերի վաճառքի համար նախատեսված «Ամադեուս» ծրագրի հետ եւ ավիատոմսերը գնելու է չմիջնորդավորված, այն ժամանակվա ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը մտահոգություն հայտնեց, որ մեկ ընկերությունից տոմսեր գնելը կարող է նոր խնդիրներ առաջացնել: Նրա խոսքով՝ «Ամադեուս»-ը դրված է խելացի կառավարման մոդելի վրա: Եթե միայն իրենցից ենք տոմս գնելու, իրենք մենաշնորհային դիրք են զբաղեցնելու եւ թանկ տոմսեր առաջարկելու, որը դուք չեք նկատում: Այնպես չլինի, որ մենք ընկնենք մի իրավիճակում, որ ունքն ուղղելու տեղը աչքը վնասենք»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Նախորդ կառավարության օրոք ԷԿԵՆԳ-ի հրապարակած հաշվետվություններն ու ներկայիս կառավարության օրոք հրապարակված հաշվետվությունները միայն տարբերվում են նրանով, որ որեւէ պաշտոնյա մայիս ամսին բիզնես կարգի ավիատոմսով չի թռչել: Անգամ նախարարները գործուղումների են գնացել էկոնոմ կարգով: Ճիշտ է, այս հանգամանքը ստիպել է, որ ավիատոմսերն ավելի էժան ձեռք բերվեն, սակայն այնպես չէ, որ էկոնոմ կարգի դեպքում ավիատոմսերն էժան են ստացվել:
Այս տարվա մայիսին, օրինակ, ՀՀ պատշպանության նախարարության 4 պաշտոնյայի համար ԷԿԵՆԳ ընկերությունը Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղությամբ ավիատոմսեր է դուրս գրել` յուրաքանչյուրը մոտ 148 հազար դրամով: ՊՆ աշխատակիցները մեկնել են Մոսկվա մայիսի 14-ին եւ վերադարձել մայիսի 18-ին: Այդ ամսին դեպի Մոսկվա ինքնաթիռի տոմսը, ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացմամբ, 120-130 հազար դրամ է եղել: Այսինքն` 4 հոգու ավիատոմսի մեջ մոտ 70 հազար դրամ պետությունը տուժել է: Ի դեպ, այս կառավարության օրոք ԷԿԵՆԳ-ն իր հաշվետվություններում թանկ ավիատոմսերի պարագայում նաեւ պատճառաբանություններն է նշում: ՊՆ-ի աշխատակիցների ավիատոմսի գնի վերաբերյալ բացատրում է, որ «բոլոր առաջարկվող տարբերակները կարմիր պիտակով են», ինչը նշանակում է, որ «Ամադեուս» ծրագրում առկա կարմիր պիտակով նշված ավիատոմսերը շեղվում են ավիատոմսերի գնման քաղաքականությունից:
ԷԿԵՆԳ-ը մայիս ամսին ֆինանսների նախարարության պաշտոնյայի համար էլ ավիատոմս է ձեռք բերել մոտ 157 հազար դրամով: Ֆիննախի աշխատակիցը մայիսի 14-ին Մոսկվա է մեկնել եւ 25-ին վերադարձել: ԷԿԵՆԳ-ն այս գնման դիմաց պարզաբանում է. «Տոմսը ձեռք է բերվում համաձայն ուղեւորի ներկայացրած զեկուցագրում նշված ժամերի եւ նախապես համաձայնեցրած նրա հետ»:
Այնպես չէ, որ ավիատոմսը որեւէ ավիագործակալությունից ձեռք բերելիս հաճախորդի` տվյալ դեպքում պետական պաշտոնյայի հետ չէր համաձայնեցվելու, եւ գործակալությունն իրեն հարմար ժամեր էր ընտրելու:
Մեկ այլ դեպքում էլ, կրկին մայիսին, ԷԿԵՆԳ-ը արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյայի համար է գնում կատարել` Երեւան-Մոսկվա-Ստամբուլ-Մոսկվա-Երեւան չվերթի տոմսը գնելով 232 հազար դրամով: ԱԻՆ պաշտոնյան մայիսի 30-ին է մեկնել: Այս դեպքում էլ ԷԿԵՆԳ-ը պատճառաբանել է աշխատանքային անհրաժեշտությամբ:
Կրկին աշխատանքային անհրաժեշտության պատճառաբանությամբ Հայկական ատոմային Էլեկտրակայանի՝ ՀԱԷԿ-ի համար Մոսկվա-Երեւան ուղղության միայն մի կողմը գնել է 105 հազար դրամով:
«ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի մասնագետի համար Երեւան-Մոսկվա-Օսլո-Մոսկվա-Երեւան ավիատոմսը ձեռք է բերվել 336 հազար դրամով, ինչը համարժեք է մոտ 600 եվրոյի: Այս ՊՈԱԿ-ի համար ԷԿԵՆԳ-ը երկու տոմս է գնել, որը նույնպես 600 եվրոյի կարգի է եղել: «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի մեկ աշխատակցի համար էլ, չգիտես ինչու, ավիատոմս է գնել Թբիլիսիի օդանավակայանով՝ Թբիլիսի-Ռիգա-Իսլանդիա-Ռիգա-Թբիլիսի էկոնոմ կարգի ավիատոմսի համար վճարելով 354 հազար դրամ:
Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի պատվիրած Երեւան-Փարիզ-Բորդո ավիատոմսի միայն մեկ ուղղության համար ԷԿԵՆԳ-ը ձեռք է բերել 264 հազար դրամով` մոտ 470 եվրո: Այս գինը, ինչպես, ավիագործակալությունների շրջանում անցկացրած մեր հարցումները ցույց տվեցին, մի կողմի համար մատչելի չէ, անգամ պիկ սեզոնին դեպի եվրոպական շատ երկրներ, առանց տարանցիկ երթուղու` ուղիղ չվերթով, այս գնով երկկողմանի ավիատոմս են վաճառում:
Գիտությունների ազգային ակադեմիայի մեկ աշխատակցի համար էլ ԷԿԵՆԳ-ը Բուլղարիայի էկոնոմ կարգի ավիատոմսը ձեռք է բերել 285 հազար դրամով` մոտ 510 եվրո` «բացառիկ դեպքի կանոն» պատճառաբանությամբ:
Չվերթը տեղի է ունեցել Երեւան-Մոսկվա-Սոֆիա-Մոսկվա-Երեւան երթուղով:
Մեկնումը եղել է մայիսի 18-ին: Կրկին բացառիկ դեպքի պատճառաբանությամբ ԷԿԵՆԳ-ը կրկին ԳԱԱ-ի աշխատակցի համար էկոնոմ կարգի ավիատոմս է ձեռք բերել 386 հազար դրամով` 685 եվրոյով:
«ԳԱԱ էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն էլ ԷԿԵՆԳ-ի գնած ավիատոմսի համար 413 հազար դրամ` 730 եվրո է վճարել Երեւան-Մոսկվա-Իսպանիա-Մոսկվա -Երեւան մեկ անձի էկոնոմ կարգի ավիատոմսի համար: Մեկնումը եղել է մայիս 15-ին, վերադարձ` 19-ին:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեկ պաշտոնյայի համար ձեռք բերված էկոնոմ կարգի Երեւան-Մոսկվա-Մինսկ-Մոսկվա-Երեւան ավիատոմսն արժեցել է 235 հազար դրամ` 416 եվրո: Ավիատոմսի այս գնման դիմաց նշված է, որ «համակարգում առկա չեն թափանցիկ պիտակով ավիատոմսեր»:
Կրթության ազգային ինստիտուտի համար ԷԿԵՆԳ-ը ձեռք է բերել Երեւան-Փարիզ-Մոսկվա-Երեւան մեկ հոգու ավիատոմսը 337 հազար դրամով՝ մոտ 600 եվրո: Այստեղ էլ. ըստ ընկերության, կիրառվել է ուղիղ չվերթի կանոնը: Նույն կանոնը կիրառվել է նաեւ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մեկ պաշտոնյայի ավիատոմսը գնելիս: Այս դեպքում էլ Երեւան-Փարզ-Երեւան էկոնոմ կարգի ավիատոմսը ձեռք է բերվել 530 հազար դրամով` մոտ 940 եվրո:
Ավիատոմսերի առուվաճառքով զբաղվող ընկերությունները, որոնց նամակն այս պահին կառավարությունում է, վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկում են ԷԿԵՆԳ-ի մենաշնորհը վերացնել եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել զուգահեռ մասնակցել պետական ավիատոմսի գնման մրցույթներին: Նրանք համոզված են, որ ավելի մատչելի ավիատոմսեր են կարողանալու առաջարկել պետությանը, քանի որ «Ամադեուս» ծրագիրը, որից օգտվում է ԷԿԵՆԳ-ը, այնքան էլ ճկուն չէ, կան ներքին մի շարք չվերթներ, որ այս ծրագիրը չի կարողանում ապահովել, ինչն էլ թանկացնում է տոմսի արժեքը, եթե այնպիսի տարբերակներով է տոմսը դուրս գրվում, որպեսզի ամեն գնով ապահովի տվյալ պաշտոնյայի չվերթը:
Իսկ ավիագործակալություններն աշխատում են մի շարք այլ ծրագրերով, որոնց շնորհիվ էլ մատչելի տոմսեր են գտնում` չհաշված, որ տոմսի արժեքին ԷԿԵՆԳ-ի պես չեն գումարում անհասկանալի միջնորդավճարներ, ծառայությունների համար գանձվող վճարներ:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
29.06.2018