Լրահոս
Օրվա լրահոսը

Խաբեությամբ խոշոր չափերի գումարներ են յուրացվել

Հունիս 30,2018 13:30

Կրել էր գնդապետի ուսադիրներով զինվորական համազգեստ, ներկայացել որպես պաշտպանության նախարարության զինծառայող կամ զինվորական բժիշկ

«Առավոտի» տեղեկություններով՝ մեղադրանք է առաջադրվել 13 անձի: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են զորակոչիկներից եւ նրանց հարազատներից խաբեությամբ գումարներ հափշտակելու մի շարք դրվագներ: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երեւան քաղաքի բնակիչ, 1969թ. ծնված Ա.Մ.-ն զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետում տրամադրելուն աջակցելու նպատակով, զորակոչային տարիքի հասած տարբեր երիտասարդների հարազատներից պահանջել եւ ստացել է տարբեր չափերի գումարներ։ Պարզվել է, որ Ա.Մ.-ն 1992-1994 թթ. մասնակցել է ՀՀ եւ ԼՂ սահմանների պաշտպանության մարտական գործողություններին, իսկ մարտական գործողությունների ավարտից հետո, հանդիսանալով «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Արաբկիրի տարածքային կազմակերպության փոխնախագահը, շարունակել է մասնակցություն ունենալ ՀՀ զինված ուժերին առնչվող տարբեր միջոցառումներին, առանց որեւէ հիմքի ձեռք է բերել ու կրել գնդապետի ուսադիրներով զինվորական համազգեստ, եւ օգտվելով զինված ուժերի հետ նշված առնչությունից` տարբեր անձանց շրջանում ներկայացել որպես պաշտպանության նախարարության զինծառայող կամ զինվորական բժիշկ, հայտնել, որ կապեր ու հնարավորություն ունի միջամտելու զորակոչի գործընթացին: Իր տեսադաշտում հայտնված առողջական տարբեր խնդիրներ ունեցող զորակոչիկներին, նրանց ծնողներին կամ մտերիմներին Ա.Մ.-ն առաջարկել է օգնել զինվորական ծառայությունից տարկետում ստանալու կամ ազատվելու հարցերում, մի շարք դեպքերում համաձայնություն ձեռք բերել այդ հարցը կաշառքի դիմաց լուծելու վերաբերյալ: Զորակոչիկին ներկայացնող անձանցից որպես կաշառք ստանալով տարբեր չափերի գումարներ` Ա.Մ.-ն իր նկատմամբ ձեւավորված վստահությունն ամրապնդելու եւ գումարներ հափշտակելու իր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով զորակոչիկներին ուղեկցել է տարբեր բժշկական հաստատություններ, երբեմն զորակոչի գործընթացի շրջանակներից դուրս հետազոտություններ կազմակերպել, զորակոչիկի կամ նրա հարազատների ներկայությամբ ձեւական հեռախոսազրույցներ վարել իր ծանոթ, զորակոչի գործընթացին այս կամ այն կերպ առնչվող բժիշկների ու այլ անձանց հետ: Մասնավորապես՝ Ա.Մ.-ն 2014թ. ամռանը Երեւանի բնակչի միջոցով համաձայնություն է ձեռք բերել Արարատի մարզի բնակչի հետ, նրա որդիներին, իրավասու պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով, 2017թ. ամառային զորակոչից առողջական վիճակի հիմքով տարկետում տրամադրելու եւ հետագայում ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցի շուրջ, նույն ժամանակահատվածում Երեւան քաղաքում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտակայքում միջնորդից ստացել է 4000 ԱՄՆ դոլար, այնուհետեւ` 2015թ. նոյեմբեր ամսին, Երեւան քաղաքում «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտակայքում Արարատի բնակչից ստացել է եւս 2000 ԱՄՆ դոլար եւ հափշտակել, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը ստանալ եւ հանցագործությունն ավարտին հասցնել չի կարողացել իրավապահ մարմինների կողմից ձերբակալվելու պատճառով:

Բացի այդ` Ա.Մ.-ն խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով` Լոռու մարզի բնակչի որդուն՝ զորակոչիկ Ա.Կ.-ին 2015թ. ձմեռային զորակոչից առողջական վիճակի հիմքով տարկետում տրամադրելու եւ հետագայում ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար իրավասու պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով ստացել եւ հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 7.123.800 ՀՀ դրամին համարժեք 15000 ԱՄՆ դոլար, որից 13.000 ԱՄՆ դոլարը 2015թ. նոյեմբեր ամսին Երեւան քաղաքի տարբեր հատվածներում մաս-մաս ստացել է որպես միջնորդ հանդես եկած նույն մարզի բնակչից, 2.000 ԱՄՆ դոլարը 2017թ. փետրվար ամսին Երեւան քաղաքում անձամբ ստացել է զորակոչիկի հորից, իսկ Ա. Կ.-ն այդ ընթացքում Կենտրոնական բժշկական հանձնաժողովի. եզրակացությամբ ստացել է տարկետում 5 ամիս ժամանակով, ապա խուսափել է հաջորդ` 2016թ. ամառային զորակոչից, այնուհետեւ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի 21.07.2017թ. եզրակացությամբ ճանաչվել է պիտանի եւ զորակոչվել ժամկետային զինվորական ծառայության: Բացի այդ` Ա.Մ.-ն 2016թ. մայիս-հունիս ամիսներին խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով Էջմիածին քաղաքի բնակչից նրա որդուն՝ զորակոչիկ Կ.Մ.-ին 2016թ. ամառային զորակոչից առողջական վիճակի հիմքով ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար իրավասու պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով Արմավիրի մարզի բնակչի օժանդակությամբ ստացել եւ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 5.711.760 ՀՀ դրամին համարժեք 12000 ԱՄՆ դոլար, որը նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ զորակոչիկի հայրը Արմավիրի մարզի բնակչին է փոխանցել Երեւան քաղաքի «Էրեբունի» հյուրանոցի բակում, իսկ զորակոչիկը՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի 07.07.2016թ. եզրակացությամբ ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը սահմանափակումով: Բացի այդ` Ա.Մ.-ն 2016թ. հունիս-հուլիս ամիսներին խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով, զորակոչիկից՝ ով Երեւան քաղաքի բնակիչ է, վերջինիս վերաբերյալ 2016թ. ամառային զորակոչից զինվորական ծառայությունից ազատման իրավունք վերապահող ախտորոշմամբ առողջական վիճակի հետազոտման ակտեր տալու եւ դրան համապատասխան որոշում կայացնելու համար իրավասու պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով Երեւան քաղաքի տարբեր հատվածներում մաս-մաս ստացել եւ հափշտակել է խոշոր չափի` 2.855.640 ՀՀ դրամին համարժեք 6000 ԱՄՆ դոլար: Բացի այդ` Ա.Մ.-ն 2016թ. նոյեմբեր ամսին որպես միջնորդ հանդես եկած Երեւան քաղաքի բնակչի միջոցով ծանոթանալով Արագածոտնի մարզի բնակչի հետ, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով` վերջինիս որդուն՝ զորակոչիկ Վ.Բ.-ին 2017թ. ամառային զորակոչից առողջական վիճակի հիմքով ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար իրավասու պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով, փորձել է հափշտակել խոշոր չափի՝ 2.396.050 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար, որից խոշոր չափի՝ 1.689.570 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլարը 2017թ. ապրիլի 27-ին եւ հունիս ամսվա ընթացքում առանձին մասերով Երեւան քաղաքի տարբեր հատվածներում անձամբ ստացել է զորակոչիկի հորից, իսկ մյուս մասը չի կարողացել ստանալ իր կամքից անկախ հանգամանքներով` իրավապահ մարմինների կողմից ձերբակալվելու պատճառով: Բացի այդ` Ա.Մ.-ն խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով Էջմիածին քաղաքի բնակչից վերջինիս որդուն՝ զորակոչիկ Հ.Ա.-ին 2017թ. ամառային զորակոչից առողջական վիճակի հիմքով ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու համար իրավասու պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով միջնորդի օժանդակությամբ հափշտակել է խոշոր չափի` 600.000 ՀՀ դրամ գումար, որը նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2017թ. ապրիլի 20-ին զորակոչիկի հայրը Էջմիածին քաղաքի իր բնակարանում տվել է միջնորդին:

Բացի այդ` Ա.Մ.-ն նույն միջնորդի օժանդակությամբ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով Երեւան քաղաքի բնակչից, վերջինիս որդուն՝ զորակոչիկ Գ.Կ.-ին 2017թ. ամառային զորակոչից զինվորական ծառայությունից ազատման իրավունք վերապահող ախտորոշմամբ առողջական վիճակի հետազոտման ակտեր տալու եւ դրան համապատասխան որոշում կայացնելու համար իրավասու պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով 2017թ. մայիս ամսին որպես միջնորդ հանդես եկած Ս.Հ.-ի միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափի` ընդհանուր 5.800.260 ՀՀ դրամին համարժեք 12000 ԱՄՆ դոլար, որն ինչպես միջնորդ Ս.Հ.-ի ու Երեւան քաղաքի բնակիչ միջնորդի միջոցով, այնպես էլ անձամբ Երեւան քաղաքի տարբեր հատվածներում մաս-մաս ստացել է զորակոչիկի հորից: Բացի այդ` Ա.Մ.-ն 2017թ. մայիս ամսին խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով` Վանաձոր քաղաքի բնակիչ, զորակոչիկ Ս.Խ.-ից՝ վերջինիս 2017թ. ամառային զորակոչից զինվորական ծառայությունից ազատման իրավունք վերապահող ախտորոշմամբ առողջական վիճակի հետազոտման ակտեր տալու եւ դրան համապատասխան որոշում կայացնելու համար իրավասու պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բուժքրոջ միջոցով, Երեւան քաղաքի բնակիչ միջնորդի օժանդակությամբ ստացել եւ հափշտակել է խոշոր չափի` 674,380 ՀՀ դրամին համարժեք 1400 ԱՄՆ դոլար: Բացի այդ, պարզվել է, որ Ա.Մ.-ն ապօրինի ձեռք է բերել եւ իրեն պատկանող «TOYOTA 4RUNNER» մակնիշի ավտոմեքենայում պահել է ռազմամթերք հանդիսացող 20 հատ 7.62 մմ, 2 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ, 2 հատ «Ֆ-1» տեսակի ձեռքի նռնակ` իրենց «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչներով, պայթուցիկ նյութ հանդիսացող 200-ական գրամ քաշով 2 հատ պայթաղյուսներ: Ա.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (4 դրվագ) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Մեղադրանք է առաջադրվել եւս 12 անձի, որոնցից 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 9-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 2-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

«Առավոտ»

29.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930