Վանաձորցի ձեռներեցի կարծիքով, ոլորտում խնդիրները կնվազեն,
երբ ՓՄՁ-ները մասնակցեն որոշումների կայացման գործընթացին:
Վանաձորցի երիտասարդ ձեռներեց Կարինե Ղուկասյանն արդեն 18 տարի է, ինչ իր ներդրումն ունի երկրի տնտեսական զարգացման գործում: Նա Վանաձորում հիմնել է «Կառա եւ Կարեն» ՍՊԸ-ն, որը զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ:
Ընկերության հիմնադիր-տնօրենն ասում է, որ 2000 թվականին, երբ նոր էր գործունեություն ծավալում, արտադրում էր միայն «Նարինե» մածունը: Բայց քանի որ միայն մեկ արտադրատեսակը դժվար է սպառելն ու դրանով գոյատեւելը, ընկերությունը տարիների ընթացքում ընդլայնել է արտադրվող ապրանքների տեսականին: Այժմ ՍՊԸ-ն արտադրում է տարբեր մրգային համերով յոգուրտ, կարագ, մածուն եւ թան: «Կառա եւ Կարեն» ՍՊԸ-ն մարզերում միակ մանկական սնունդ արտադրող ընկերությունն է:
Կարինեն ասում է, որ խոշոր արտադրողների կողքին փոքր եւ միջին բիզնեսները դժվարությամբ են կարողանում գոյատեւել. «Մենք մերթընդմերթ ենթարկվում ենք, այսպես ասած, տարբեր հարձակումների ու դժվարությունների: Օրինակ, 2003 թվականին կաթի գները բարձրացան: Խոշոր արտադրողները՝ «Աշտարակ կաթ», «Մարիաննա» ընկերությունները սկսեցին մարզերում սառնարաններ տեղադրել եւ սկզբնական շրջանում կաթի գները բարձրացրեցին: Դրա արդյունքում փոքր արտադրողները սկսեցին փակվել, որովհետեւ այդ գնով չէին կարող կաթ վերցնել եւ արտադրել»:
Տնօրենի խոսքով՝ այս պահին ոլորտի հիմնական ու կարեւոր խնդիրը կապված է հարկային դաշտի հետ. «Ամեն տարի վազում ենք հարկային դաշտի հետեւից, որ հասկանանք ինչ է լինելու, որպեսզի վարչարարություն չիրականացվի մեր մասով: Մենք աշխատում ենք շրջանառության հարկով, իսկ խանութների մեծ մասն աշխատում է ավելացված արժեքի հարկով: Այսօր խանութների սեփականատերերը հարմար չեն գտնում աշխատել շրջհարկով աշխատող ընկերությունների հետ: Իրենց համար հեշտ է աշխատել նույն հարկատեսակով աշխատող ընկերության հետ, որպեսզի հարկման հետ խնդիրներ չունենան: Իսկ մերը քանի որ շրջանառության հարկ է, դա իրենց ձեռք չի տալիս: Ես աշխատում եմ ունենալ որոշ ստաբիլ քանակություն եւ բավականին էժան գին առաջարկել, որպեսզի կարողանանք գոյատեւել: Եթե աշխատենք նորմալ գներով, որպեսզի մեր շահույթն ավելացնենք 10-20 տոկոսով, չի ստացվում: Մենք ավելացնելու ենք 2-5 տոկոս շահույթ, որպեսզի կարողանանք աշխատել»,- ասում է Կարինեն, եւ հավելում, որ ԱԱՀ-ի դեպքում էլ ՓՄՁ-ները եւս խնդրի առաջ են կանգնում: Այս անգամ փաստաթղթային խնդիրներ են ավելանում. «Դա նույնպես ինձ համար դժվարություն է: Ներկայումս, հաշվապահությունն իրականացնում է «Կոնս Ալիանս» ընկերությունը, իսկ ես՝ որպես տնօրեն, կարողանում եմ վերահսկել եւ՛ հաշվապահությունը, եւ՛ իմ գործառույթները: Իսկ ԱԱՀ-ի դեպքում, պետք է ես ինքս ունենամ հաշվապահական մեծ գիտելիքներ, որպեսզի հաշվապահի հետ միասին կարողանամ այդ գործառույթները կատարեմ: Հիմա հարկը մեզ համար շատ բարձր է: Բացի այդ փաստաթղթաշրջանառությունը շատ է: Եթե լինում է վարչարարություն, դա նույնպես մեր շահույթից է գնում»:
«Կառա եւ Կարեն» ՍՊԸ-ի հետ նույն ժամանակահատվածում հիմնված այլ ընկերություններ այժմ չեն գործում: Նշված ընկերությունն այն եզակիներից է, որ կարողացել է գոյատեւել մինչեւ այսօր: Իսկ այս տարի Կարինե Ղուկասյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից արժանացել է «Հերոս կին» կոչման. «Իմ գործընկերներից շատերը փակվեցին, հետո վերաբացվեցին, ես կարողացա այս տարիների ընթացքում գոյատեւել: Սրանից մի 5-6 տարի առաջ, որ ՓՄՁ-ները մեր քաղաքում սկսեցին փակվել, հարկայինի հետաքրքրությունն ինձ էլ հասավ: Գալիս էին հարկայինի աշխատակիցներն ու ասում, որ պետք է գոնե մի 100.000 դրամ տուգանենք, հարցնում էին, թե ի՞նչ տուգանենք: Ասում էի ինչի՞ համար տուգանեք: Տուգանելու հրահանգը գալիս էր ոչ թե ներքեւից, որ մենք սխալ ենք եւ դրա համար ենք տուգանվում, այլ գալիս էր՝ վերեւից, որ պետք է որոշ քանակի անձինք տուգանվեն: Կապ չունի, թե ինչի համար, իրենց ասել են քանակ կբերեք: Այդ վարչարարությունը միշտ է եղել, բայց վերջին տարիներին, որ ասոցիացիաներն ակտիվացան, սկսեցին գրել, ինտերնետային տարբեր հրապարակումներ եղան, այդ գործընթացը դուրս եկավ»:
Կարինեն ասում է, որ փոքր եւ միջին բիզնեսի համար առաջնային խնդիրների շարքին է դասվում նաեւ համապատասխան սարքավորումների հարցը: Նրա խոսքով՝ այսօր շատ ձեռներեցներ չեն կարողանում արտադրության համար ժամանակակից ու անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերել. «Մեր բոլորի մոտ սարքավորումները հին են: Ես մի հատ վաննա գնեցի, բայց ինձ օգնեց Եվրամիությունը: Բայց ունենք բլոկ անող սարք, որը մենք տեղում ենք պատվիրում, դա էլ երկարաժամկետ չի աշխատում: Հայկական տեղական փոքր արտադրողների հետ կապված երեւի USID-ին է ծրագրեր ունեցել, որը վերջացել է: Հիմա երկար ժամանակ է, որ ոչ մի ծրագիր չկա, որպեսզի մենք կարողանանք օգտվել: Ոչ՛ կառավարության, ո՛չ գյուղնախարարության կողմից ոչ մի աջակցություն չենք ստանում: Ամեն ինչ անում ենք մեր ուժերով, դրա համար էլ երկար տարիներ են անցնում, մինչեւ մի սարքավորումը կարողանում ենք փոխել, էն մյուսն արդեն հին է լինում»:
Այս պահին ընկերությունը յուրաքանչյուր տեսականուց օրական արտադրում է մինչեւ 400 հատ: Սակայն ունի քանակը մինչեւ 3.000 ընդլայնելու հնարավորություն: Մինչդեռ այդքանը սպառելու համար շուկա չկա: Փորձել է իրացման շուկան մեծացնել, եւ դուրս գալ Հայաստանի սահմաններից: Սակայն խնդիրներ են առաջացել. «Ես փորձեցի Վրաստանում իրացնեմ: Բայց անհատապես դա բավականին դժվար է: Եթե ինչ-որ ասոցիացիաներ զբաղվեն կամ առեւտրի արդյունաբերական պալատը, միգուցե ստացվի: Ես կուզեմ մեր սպեցիֆիկ արտադրությունը կամ Ռուսաստան արտահանենք, կամ այնտեղ մասնաճյուղ բացենք, չգիտեմ»,- ասում է Կարինեն:
Տնօրենը սրտնեղում է, ասում է, որ երկիրն իր մասնակցությունը չունի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման գործընթացում: Հույսը նոր կառավարության հետ է կապում: Կարծում է ոլորտում մի շարք խնդիրներ իրենց լուծումները կստանան միայն այն դեպքում, երբ ՓՄՁ-ների ներկայացուցիչները նույնպես կարողանան մասնակցել որոշումների կայացման գործընթացին. «Ես ցանկանում եմ, որ նոր կառավարությունն այնպես անի, որպեսզի ՓՄՁ-ների մասնակցությունը նույնպես լինի օրենքների մշակման, վարչարարության եւ այլ խնդիրների հետ կապված հարցերում: Ուզում եմ, որ նոր կառավարության օրոք գործարարը սթրեսով չապրի, լինի հանգիստ: Մենք սիրում ենք մեր երկիրը, եւ պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ տնտեսական զարգացման գործընթացում: Տարիների ընթացքում ՓՄՁ-ների բեռն ավելանում է, այլ ոչ թե պակասում»:
ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարները հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
28.05.2016