Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես չափել կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի վաստակը

Հունիս 30,2018 12:30

Դեռեւս տարեսկզբից մշակույթի գործիչները տարբեր առիթներով հիշատակելով կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի 90-ամյակը, որը լրանում է հուլիսին, կարծիք էին հայտնում, թե 1956թ.-ից շուրջ երեքուկես տասնամյակ կոմպոզիտորի ղեկավարած լեգենդար Հայաստանի պետական ջազ նվագախումբը կանվանակոչվի նրա անունով: Ի դեպ, 1960-70-ական թվականներին հայկական ջազ արվեստը հենց այս նվագախմբով է ճանաչվել արտասահմանում. հայ երաժիշտները հյուրախաղերով շրջագայել են եվրոպական երկրներում, մասնակցել միջազգային փառատոների: 1970-ականների վերջերին ԱՄՆ-ում առաջինը խորհրդային երկրից հյուրախաղերով հանդես եկած հայաստանյան ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը դեռեւս 1966թ. մասնակցել է Պրահայում անցկացված ջազ փառատոնին: Նվագախմբում Օրբելյանի ղեկավարությամբ են աշխատել այնպիսի երգիչներ, որոնց ներկայացնելու հարկ չկա, այդ թվում՝ Էլվինա Մակարյանը, Զառա Տոնիկյանը, Տաթեւիկ Հովհաննիսյանը, Լարիսա Դոլինան, Գեորգի Մինասյանը, համագործակցել են Բելլա Դարբինյանը, Ռաիսա Մկրտչյանը եւ այլն:

Երկու Օրբելյանները։

 

 

Ժամանակին Երեւանում ապրել եւ Օրբելյանի նվագախմբի հետ բեմ է բարձրացել Ալլա Պուգաչովան: Նման ցանկություն է հայտնել նաեւ Իրինա Ալեգրովան, բայց ասում են՝ մաեստրոն նրան «վիրավորել» է՝ առաջարկելով սկզբնական շրջանում հանդես գալ բեք-վոկալի կազմում: Այսօր էլ Պուգաչովան, Դոլինան հարցազրույցներում սիրով են հիշում իրենց գործունեության «օրբելյանական» շրջանը: Նեղ շրջանակներին է հայտնի, որ Վալերի Լեոնտեւը չէր ունենա այսօրվա անունն ու փառքը, եթե 1980-ականների սկզբում համամիութենական մրցույթի ժյուրին չգլխավորեր Օրբելյանը…
Հայաստանի պետական ջազ նվագախումբն այսօր էլ ունի հիանալի ղեկավար՝ ի դեմս տաղանդավոր երաժիշտ Արմեն Հյուսնունցի: Բայց մի առաջարկ, ինչը արել ենք նախկինում եւս. նվագախմբին անհրաժեշտ են հաստիքով աշխատող մեներգիչներ: Միեւնույն է, նվագախմբի ելույթներին հաճախ են հրավիրվում նրանք, իսկ նվագախմբի մեներգչի կարգավիճակում, ինչպես նախկինում էր, գեղարվեստական ղեկավարի անմիջական «հսկողությամբ» նրանք կստեղծագործեն: Առաջինը կշահեն իրենք՝ մեներգիչները, հենց թեկուզ երգացանկի առումով: Օրինակ, Օրբելյանը չափազանց զգույշ էր մոտենում ժողովրդական երգ-երաժշտության ջազային մշակումներին, նույն աշխատաոճն է որդեգրել նաեւ Հյուսնունցը: Օրբելյանը նույն զգուշավորությամբ էր մոտենում նաեւ մեներգիչների երգացանկին…:
Տաղանդավոր արվեստագետին բնորոշ՝ Օրբելյանը նաեւ հիանալի հումոր ուներ: Ժամանակին («Առավոտ», 25.06.2011թ.) երբ նրան հայտնեցինք, թե ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի հրապարակած լավագույն տղամարդկանց տասնյակում տեղ է գտել նաեւ Կոնստանտին Օրբելյան անունը եւ հետաքրքրվեցինք, թե մաեստրոն չի՞ պատրաստվում հանդես գալ նման «ելույթով», բնականաբար նշելով իր կանանց անունները, կոմպոզիտորը ժպտալով պատասխանել էր. «Բացի Ալլա Բորիսովնայից, բարեկամական հարաբերությունների մեջ եմ եղել ու կամ Լարիսա Դոլինայի, Իրինա Պոնարովսկայայի, Իրինա Ալեգրովայի… բոլորի անունների համար թերթի էջերը չեն բավականացնի…»: Հետո էլ հավելել էր. «Այնուամենայնիվ, ես տասնյակի ո՞ր հորիզոնականում էի…»:


Մինչ այսօր Օրբելյանի ծննդյան հոբելյանի առիթով մեկ քայլ է արված՝ Երեւանի «Մալաթիա» արվեստի դպրոցը (տնօրեն՝ Տաթեւիկ Համբարձումյան) փետրվարին անվանակոչվել է կոմպոզիտորի անունով, ինչը, մեղմ ասած, չի գոհացնում մաեստրոյի գործընկերներին եւ նրա արվեստն ու վաստակը գնահատողներին: Լայն լսարանին հայտնի են Օրբելյանի երգերը (առաջինը՝ «Օրորոցայինը», գրված է 1945թ.), որոնք մինչ օրս էլ արդեն որերորդ սերունդն է հնչեցնում տարբեր առիթներով, ֆիլմերի համար գրված երաժշտությունը, նրա սիմֆոնիկ գործերը եւ այլն: Ի դեպ, 1961թ. Երեւանի օպերային թատրոնում բեմադրվեց նրա «Անմահություն» բալետը, որի մասին մինչ օրս էլ խոսում են՝ նշելով, թե այդ մեծակտավ ստեղծագործության մեջ յուրովի են վերակերպվել հայկական ժողովրդական երաժշտության լադաինտոնացիոն եւ ռիթմական առանձնահատկությունները, հայ սիմֆոնիզմի նվաճումները:

«Առավոտը» կապվեց Կոնստանտին Օրբելյանի եղբորորդու՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ: Նա ասաց, որ Օրբելյանի ծննդյան հոբելյանի առիթով Գորիսում, որը հռչակված է 2018թ. ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք, հուլիսի 8-ին իր ղեկավարությամբ հանդես կգա Հայաստանի պետական ջազ նվագախումբը եւ մինչեւ տարեվերջ, տասնամյակներ անց, խաղացանկում դարձյալ կհայտնվի «Անմահություն» բալետը: Հետաքրքրությանը, թե պետական մակարդակով որեւէ միջոցառում չի՞ նախատեսված, մեր զրուցակիցն ընդամենն ասաց. «Հավանաբար նախատեսված է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

«Առավոտ»

29.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930