Հունիսի 29-ին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում (տնօրեն՝ Սոնյա Զուրաբյան) կայացավ Ուրախների եւ հնարամիտների ակումբի (ՈՒՀԱ) համայնքային դպրոցական լիգայի եզրափակիչը: Դպրոցական լիգայի առաջնությունը անցկացվեց 3 փուլով, սկզբում դրան մասնակցում էին Նոյեմբերյան, Կողբ եւ Այրում համայնքների 7 թիմ: Եզրափակիչ խաղին մասնակցում էր 4 թիմ՝ Նոյեմբերյանի ավագ դպրոցի «Բարեւ ձեզ», Նոյեմբերյանի հիմնական դպրոցի «Միքս», Նոյեմբերյանի պետական քոլեջի «Անտիբիոտիկներ» եւ «Քրեյզի» թիմերը: Եզրափակիչն անցկացվեց 4 փուլով: Թիմերի ելույթները գնահատում էր ժյուրին, որի անդամներն էին Ելենա Բորիսենկոն, Աղաս Մանուկյանը, Խաչատուր Առաքելյանը,Կարեն Նազարյանը, Վարուժան Բաբաջանյանը, Սոնյա Զուրաբյանը:
Ցուցադրվեց հետաքրքիր խաղ, բազում գեղեցիկ դրվագներ, անկեղծ հումոր: Այդ ամենը ծափահարություններով գնահատում էր լեփլեցուն դահլիճը: Եզրափակիչ խաղն իրեն հատուկ անկաշկանդ ոճով, կատակներով վարում էր ՈՒՀԱ-ի դպրոցական լիգայի կազմակերպիչ, Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի ռեժիսոր Վահե Հովհաննիսյանը: Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեց Նոյեմբերյանի ավագ դպրոցի «Բարեւ ձեզ» թիմը,ում հանձնվեց ՈՒՀԱ-ի դպրոցական լիգայի մրցանակը, լիգայի փոխչեմպիոններ հռչակվեցին «Միքս» եւ «Անտիբիոտիկներ» թիմերը:
Լավագույն տղա խաղացողի պատվոգիրը հանձնվեց Տիգրան Աբազյանին, աղջիկ խաղացողի պատվոգիրը՝ Անի Ղազարյանին, այլ անվանակարգերում եւս տրվեցին պատվոգրեր: Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանը հայտարարեց, որ կենտրոնը հաղթող թիմի համար անակնկալ է պատրաստել, հոգալով թիմի անդամների առաջիկա այցը Լաստիվեր հանգստյան գոտի: Դրանից հետո ժյուրիի անդամ, մի շարք լրատվամիջոցների ղեկավար Վարուժան Բաբաջանյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է հոգալ եզրափակիչ խաղի մասնակից մյուս թիմերի Լաստիվեր այցի հետ կապված ծախսը:
Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի դահլիճում բարձր տրամադրություն էր տիրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ