Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լուսաձոր համայնքի ղեկավարը գույքահարկի արտոնություն է տվել հարազատ եղբորը

Հունիս 29,2018 21:44

Հունիսի 5-ին կայացել է Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր համայնքի ավագանու նիստ: Համայնքի ավագանին բաղկացած է 5 հոգուց, ավագանու անդամներից մեկը Ռուսաստանում է գտնվում, մեկ ուրիշ անդամ այդ նիստին չի մասնակցել: Նիստին մասնակցել են ավագանու 3 անդամներ՝ Զոհրաբ Մատինյանը,Համլետ Սարդարյանը, Անդրանիկ Մատինյանը: Ի թիվս այլ որոշումների՝ ավագանու նշված անդամները որոշել են ղեկավարվելով « Գույքահարկի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով՝ համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը եւ քաղաքացիներ Հայկ Շամիրի Սարդարյանին՝ 45 հազար դրամի, Հայկ Ասիլբեկի Սարդարյանին՝ 40 հազար դրամի արտոնություն տալ: Որոշման մեջ գրված է արտոնություն ստացած Սարդարյանների ավտոմեքենաների մակնիշները՝ «Նիսան» եւ «Տոյոտա» :
2016թ.-ից Լուսաձոր համայնքի ղեկավարը 1963թ. ծնված ՀՀԿ անդամ Վարդան Ասիլբեկի Սարդարյանն է, ով Լուսաձորը ղեկավարել է նաեւ 1991-2005 թվականներին:

Գույքահարկի արտոնություն ստացած Հայկ Ասլիբեկի Սարդարյանը համայնքի ղեկավարի հարազատ եղբայրն է: Լուսաձորից տեղեկացանք, որ արտոնություն ստացած Հայկ Շամիրի Սարդարյանը համայնքապետի հորաքրոջ թոռան ամուսինն է, ավագանու անդամ Համլետ Սարդարյանը գույքահարկի արտոնություն ստացած Հայկ Շամիրի Սարդարյանի հարազատ եղբայրն է:

Ավագանու անդամ Զոհրաբ Մատինյանն ասաց, որ գույքահարկի արտոնություն տալու համար «բյուջեն ներում է», իրենց համագյուղացիներին արտոնություն են տրամադրել: Նա ժխտեց, որ ինքը համայնքի ղեկավարի բարեկամն է: Համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանն ասաց, որ գույքահարկի մասին օրենքով իրենք իրավունք ունեն համայնքի գույքահարկի գումարի 10 տոկոսի չափով քաղաքացիներին արտոնություն տրամադրել, նրա խոսքերով՝ Լուսաձոր համայնքի գույքահարկը 1 միլիոն 300 հազար դրամ է: Նա ասաց, որ իր եղբոր ավտոմեքենան շուրջ մեկ տարի իրեն`որպես համայնքի ղեկավարի, ծառայել է, քշվել սարերում: Նա Հայկ Շամիրի Սարդարյանի վերաբերյալ նշեց, որ վերջինս հաշմանդամ է:

Նշենք, որ 2017թ. դեկտեմբերի 12-ին Լուսաձորի ավագանին հաստատել է համայնքի բյուջեն, որտեղ գույքահարկի 2018թ. տարեկան պլանը նշված է 1 միլիոն 64 հազար 800 դրամ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930