Մեր տեղեկություններով, ուրբաթ աշխատանքից ազատվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը (լուսանկարում՝ ձախից)։ Նա թոշակի է անցել:
Ըստ մեր աղբյուրի՝ Տիգրան Նավասարդյանին ցանկացել են տեղափոխել «Սեւան» ՔԿՀ, սակայն նա չի համաձայնել:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ, գնդապետ Սերոբ Հարությունյանը եւս (լուսանկարում՝ աջից) ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Այս լուրերը ճշտելու մեր խնդրանքին ի պատասխան՝ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ, արդարադատության մայոր Նոնա Նավիկյանն ասաց. «Մենք պաշտոնական նման տեղեկատվություն չունենք»:
Սերոբ Հարությունյանի առնչությամբ հիշեցնենք, որ նա ժամանակին ոստիկանության Կոտայքի մարզի վարչության պետն էր, եւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել էր աշխատանքից՝ քրեական հեղինակությունների հետ ճաշկերույթի մասնակցելու համար:
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ
Հ. Գ. Ավելի ուշ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց. «Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Սերոբ Ռազմիկի Հարությունյանն իմ՝ N 298-Ա հրամանով ազատվել է քրեակատարողական ծառայությունից և N 300-Ա հրամանով նույն հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդուարդ Մյասնիկի Գրիգորյանին:
Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Տիգրան Նավասարդյանն իմ՝ N 299-Ա հրամանով ազատվել է քրեակատարողական ծառայությունից և N 301-Ա հրամանով նույն հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Խաչիկ Սիմոնի Հարությունյանին»: