Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Շիրակի փոխմարզպետ է նշանակվել Վարդան Գրիգորյանը։
36-ամյա պաշտոնյան Aravot.am-ին տեղեկացրեց, որ ավարտել է Երևանի պետական համալսարանի երկու ֆակուլտետներ՝ Աստվածաբանության և Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետները։ Այնուհետ հաշվապահական դասընթացների գնալով՝ մասնագիտացել է այդ ոլորտում․ որպես հաշվապահ աշխատել է իր ընտանիքին պատկանող «Ռոյալ» կահույքի սրահում։
Մեր հարցին՝ որքանո՞վ են ճիշտ տեղեկությունները, թե դուք Շիրակի նորանշանակ մարզպետի՝ Կարեն Սարուխանյանի մոտ ընկերն եք, Վարդան Գրիգորյանը պատասխանեց․ «Իմ եղբայրն է Կարեն Սարուխանյանի ընկերը: Իհարկե, կան հարաբերություններ, բայց մոտ ընկեր անվանելը տվյալ պարագայում սխալ է։ Նշանակումը կատարվել է իմ մասնագիտական կարողություններից ելնելով և իհարկե՝ ինձ վստահելով։ Առանց մտերմության վստահություն չի կարող լինել, անծանոթ մարդուն վստահելը մի փոքր տարօրինակ է, բայց մյուս կողմից էլ ասել, թե մտերիմ ընկերներ են, դրա համար է կատարվել ընտրությունը, դա էլ է սխալ, որովհետև ավելի մտերիմներ շատ կան»։
Նորանշանակ փոխմարզպետը կուսակցական չէ։ Թե որ ոլորտները կհամակարգի, մեր զրուցակիցն ասաց՝ պարզ կդառնա երկուշաբթի։
Վարդան Գրիգորյանի լուսանկարը իր ֆեյսբուքյան էջից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ