Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիդիան Արմենիայի» աշխատակիցները փակել են Ջերմուկ տանող ճանապարհը

Հունիս 29,2018 16:58

Այսօր առավոտյան «Լիդիան Արմենիա» հանքարդյունաբերական ընկերության մի խումբ աշխատակիցներ փակել են Ջերմուկ տանող ճանապարհը:

Իսկ Ջերմուկի համայնքի բնակիչները մոտ մեկ շաբաթ է փակել են Ամուլսարի հանք տանող գրունտային ճանապարհները. Նրանք պահանջում են դադարեցնել շինարարությունը, բնակիչները դեմ են հանքի շահագործմանը:

Բնապահպանական ակտիվիստ, հանքի ազդակիր համայնքի բնակիչ Թեհմինե Ենոքյանի՝ Aravot.am-ին տրամադրած տեղեկության համաձայն՝ «Մի մեքենա փորձել է բարձրանալ Ջերմուկ առողջարանային քաղաք, Ջերմուկի պետական ճանապարհը փակած «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները հարձակվել են մեքենայի վրա, վնասել են այն, մարդկանց ահաբեկել: Մեքենայում եղել են կանայք»։

Տեսանյութը՝ Թեհմինե Ենոքյանի

«Լիդիան Արմենիայի» մի խումբ աշխատակիցներ էլ նամակ են ուղարկել Aravot.am-ին, որով դիմում են ՀՀ վարչապետին եւ պնդում՝ Ջերմուկ համայնքի շատ բնակիչներ կողմ են Ամուլսարի շահագործմանը:

«Արդեն 10-ը տարի է «Լիդիան Արմենիա» ընկերությունը գործունեություն է ծավալում մեր համայնքներում, եւ մենք հասցրել ենք տեսնել ընկերության պատասխանատու գործունեությունը, հոգատար վերաբերմունքը՝ բնապահպանական խնդիրների եւ շրջակա համայնքների նկատմամբ: Կարող ենք վստահաբար ասել, որ այսպիսի մանրամասն պլանավորված եւ որակյալ աշխատանք, բոլորովին նոր եղանակներով ու մեթոդներով՝ Հայաստանում գոյություն չի ունեցել։ Եթե մեր համայնքում, մեր սարում հայտնաբերվել է ոսկու պաշար, եւ դա երբեւիցե պետք է կորզվի, ապա մենք պնդում ենք եւ պահանջում, որ դա արվի այնպիսի ընկերության կողմից, ինչպիսին «Լիդիան Արմենիան» է, որը հետեւում է բոլոր չափանիշներին եւ ունի այնպիսի հեղինակավոր ներդրողներ, ինչպիսիք են Եվրոպական զարգացման եւ Վերակառուցման բանկը։ Ընկերության գործունեության ազդեցության շնորհիվ մեր համայնքներում փոխվել է անգամ վերաբերմունքը բնության, կենդանական աշխարհի ու բույսերի նկատմամբ, փոխվել է գյուղացիների վերաբերմունքը աշխատանքի անվտանգության եւ առողջ կենսակերպի նկատմամբ։ Համայնքներում սկսել են սովորել անգլերեն, ու զարգանում են հանքում աշխատելու մասնագիտությունները»,-գրված է նամակում։

Նամակի հեղինակները նաեւ նշել են՝ «Արդեն 3-րդ անգամ Ջերմուկի մի խումբ քաղաքացիների, նաեւ այլ մարզերից եկած անծանոթ մարդկանց կողմից փակվում են Ամուլսարի հանք տանող ճանապարհները՝ խոչընդոտելով հանքի բնականոն շինարարական աշխատանքներին, եւ պահանջում են, որ այստեղ ոչ մի դեպքում չպետք է հանք լինի։ Եթե հանքը կարելի է անվտանգ շահագործել, ինչո՞ւ պետք է մենք շարունակենք աղքատ ապրել, գործազուրկ մնալ ու չօգտվել այն հարստությունից, որը մեզ տվել է բնությունը։ Համայնքը հակառակը՝ աշխատանք է պահանջում «Լիդիանից», քանի որ ընկերությունն ապահովում է նորմալ աշխատավարձ ու աշխատանքի լավ պայմաններ։ Չի կարելի մեր համայնքը զրկել զարգանալու այսպիսի հրաշալի հնարավորությունից»։

Հունիսի 25-ին ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ցուցարարներին դադարեցնել անհնազանդության գործողությունները եւ թույլ տալ կառավարությանը զբաղվել այդ հարցով, նշելով՝ եթե այդ գործողությունների նպատակը սաբոտաժն ու կառավարության համար փակուղային իրավիճակներ ստեղծելը չէ, ապա դադարեցնեն բողոքի գործողությունները:

Նույն օրը նույն կոչով փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր դիմել ցուցարարներին՝ բացել ճանապարհը:

Հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, եւ փորձագետների մասնակցությամբ կառավարության որոշմամբ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը պետք է քննարկի եւ վերլուծի Ամուլսարի հանքի շահագործման խնդիրները: Այս խումբը ղեկավարելու է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, որը մինչ այս պաշտոնին նշանակվելը եւս պայքարում էր Ամուլսարի հանքի շահագործման դեմ, նաեւ դատական գործընթաց էր սկսել ընկերության դեմ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930