Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչները հունիսի 12-26-ը հանդիպումներ ունեցան 6 նախարարությունում` ծրագրի կողմից ֆինանսավորված դրամաշնորհային ծրագրերի ներկայացման և երկկողմ արդյունավետ համագործակցության պայմանավորվածության ձեռքբերման նպատակով:
Նշենք, որ 9 թիրախային ոլորտում ծրագրերի իրականացման համար մինչև 25 միլիոն դրամի դրամաշնորհներ են հատկացվել քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կոալիցիաներին՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին ներկայացվեց «Բյուջե բոլորի համար» և «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրերը, որոնք իրականացվում են «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը և «Համայնքների զարգացման և մասնակցային կառավարման միավորում» կոալիցիան:
«Շատ ուրախ կլինենք համագործակցության համար, մենք շատ կարևորում ենք նաև մարզային կազմակերպությունների ներգրավվածությունը և մասնակցությունը»,- նշեց նախարար Սուրեն Պապիկյանը։
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին ներկայացվել է ծրագրի «Մասնակցային քաղաքականություն, կայուն գյուղատնտեսություն» ծրագիրը, որն իրականացնում է Հայաստանի գյուղատնտեսական դաշինքը:
«Մենք կարևորում ենք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցությունը, հատկապես այդ համագործակցությունը շատ կարևոր է մոնիթորինգի իրականացման հարցերում: Ծրագրի իրականացումից սպասում ենք ստանալ ռեալ արդյունքներ»,- նշեց նախարար Արթուր Խաչատրյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ հանդիպմանը ներկայացվեց «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագիրը, որն իրականացվում է Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիան: Նախարարը նշեց, որ այս ծրագրի իրականացման համար պետք է համագործակցություն լինի նաև առողջապահության և կրթության նախարարությունների հետ.
«Առանց միմյանց հետ արդյունավետ աշխատանքի՝ արդյունք չենք ունենա։ Եթե մենք այսօր չունենք այնպիսի արդյունք, որը կուզեինք տեսնել, դա այն պատճառով է, որ մինչ այժմ չենք ունեցել փոխադարձ արդյունավետ համագործակցություն։ Եթե քաղաքացիական հասարակությունը ևս հարթակ լինի մեր համագործակցության համար, ապա մեր աշխատանքը շատ օգտակար կլինի»,- ասաց նախարար Մանե Թանդիլյանը:
Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիպմանը ներկայացվեց և քննարկվեց «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագիրն ու դրա շրջանակներում անելիքները: Հանդիպման ավարտին կողմերը որոշեցին պարբերաբար հանդիպումներ կազմակերպել՝ քննարկելու ու ներկայացնելու կատարված աշխատանքները։
Համագործակցության պայմանավորվածություններ են ձեռքբերվել նաև ֆինանսների առաջին փոխնախարար Կարեն Բրոտյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ ներկայացվեց «Բյուջե բոլորի համար» ծրագիրը, ինչպեսև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ. աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը հայտնեց, որ պատրաստակամ են ստեղծել աշխատանքային խումբ և անմիջական հանդիպումների, քննարկումներ ունենալ, աջակցել ծրագրի իրականացմանը:
Նախարարների հետ հանդիպումների ժամանակ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը նշեց, որ ակնկալվում է թիրախային ոլորտներում ծրագրեր իրականացնող ՔՀԿ կոալիցիաների հզորացումը և կառավարության համար կայուն գործընկեր, աջակից դառնալը:
Մամուլի հաղորդագրություն