Երևանում այսօր մեկնարկել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունների կողմից համատեղ անցկացվող ամենամյա հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովը։
Համաժողովի լիագումար նիստին ներկա են գտնվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, ՀՀ և ՌԴ դեսպանները, մարզպետներ, ՌԴ նահանգների բարձրաստիճան ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք, գործարար ու հասարակական շրջանակների ներկայացուցիչներ։
Համաժողովի մասնակիցներին և հյուրերին իրենց ուղերձն են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը: ՀՀ վարչապետն իր ուղերձում ընդգծել է, որ Հայաստանի` իր կողմից ղեկավարվող նոր կառավարությունը, վճռական է տրամադրված լրացուցիչ ազդակ հաղորդել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը, և նմանօրինակ համաժողովները մեր երկրների միջև դաշնակցային փոխգործակցության ամրապնդման կարևոր գործիք են։ «Մեր երկրների առջև մեծամասամբ ծառացած են միատեսակ խնդիրներ՝ մեր քաղաքացիների համար ապահովել կյանքի, բիզնեսի վարման, նոր արտադրություններ կազմակերպելու առավելագույն հարմարավետ միջավայր, տարածաշրջանների զարգացման համար ստեղծել առավել բարենպաստ մեկնարկային պայմաններ։ Ուստի կարծում եմ` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համակարգվող և մեր պետությունների կողմից կենսագործվող թվային օրակարգը թույլ կտա կրճատել վարչական ծանրաբեռնվածությունը, միջտարածաշրջանային համագործակցությանը կհաղորդի առավել ժամանակակից ու թափանցիկ բնույթ։ Վստահ եմ, որ համաժողովին հնչած առաջարկություններն ու մոտեցումները կգտնեն իրենց գործնական կիրառումը, կծառայեն առաջադրված խնդիրների լուծմանը, կնպաստեն հեռանկարային գործարար ու ներդրումային ծրագրերի իրագործմանը՝ հանուն մեր եղբայրական երկրների և ժողովուրդների»,- ասված է վարչապետի ուղերձում։
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուղերձում կարևորել է միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում հասարակական, բիզնես հանրույթների, պետական կառավարման մարմինների մեկտեղման արդեն կայացած ավանդույթը, որի միջոցով քաղաքական երկխոսության, հումանիտար, գիտատեխնիկական և տնտեսական համագործակցության զարգացման նոր ուղիներ են նախանշվում։ Նախագահ Պուտինը համոզմունք է հայտնել, որ համաժողովի ընթացքում կյանքի կկոչվեն նոր հետաքրքիր գաղափարներ, որոնք իրենց նպաստը կբերեն Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային կապերի հետագա ընդլայնման, ինչպես նաև եվրասիական տարածաշրջանում փոխշահավետ ինտեգրացիոն նախագծերի իրականացման գործում:
ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը իր և նախարարության անունից ողջունել է հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովի մասնակիցներին ու հյուրերին և նկատել, որ համաժողովի հանդեպ բարձր հետաքրքրվածությունը, պետական գործարար և հասարակական շրջանակների ակտիվ ներգրավվածությունն առաջին հերթին վկայում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակի, ինչպես նաև տարածաշրջանային հարթության մեջ գործնական տնտեսական կապեր, նոր հարաբերություններ ու ծրագրեր հաստատելու մարդկանց անկեղծ ձգտման մասին: «Տարածքների համաչափ զարգացումը, տարածաշրջանային անհավասարության բացառումը և ապակենտրոնացված միջտարածաշրջանային համագործակցությունն առաջնահերթ խնդիրներ են համարվում ՀՀ կառավարության համար: Հենց այդ պատճառով մենք միասին պետք է փնտրենք համագործակցության ճանապարհներ և հնարավորություններ` ինչպես պետական մակարդակով, այնպես էլ` մասնավոր հատվածի: Համոզված եմ, որ կազմակերպական հարցերի արդյունավետ լուծման դեպքում մենք ականատեսը կդառնանք նոր համատեղ ինովացիոն ծրագրերի մշակման և իրագործման»,- նշել է նախարար Պապիկյանը՝ համաժողովի մասնակիցներին մաղթելով արգասաբեր և արդյունավետ աշխատանք։
Իր հերթին ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, արժևորելով Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների բնույթը, շեշտել է, որ դրանք արդեն հարյուրամյակներ շարունակ զարգանում են բարեկամության, իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա:
Այնուհետև ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու ներկայությամբ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունների արտաքին տնտեսական գործունեության զարգացման և կառավարման դեպարտամենտի տնօրեն Վիտալի Գուդինը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի 2018-2021թթ. իրականացման միջոցառումների ծրագիրը։ Համաձայնագիր է ստորագրվել նաև տեղեկատվական անվտանգության ոլորտում Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի և ռուսական Այ Բի խմբի միջև փոխգործակցության վերաբերյալ։
Համաժողովի շրջանակում կկազմակերպվեն թեմատիկ քննարկումներ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարություն