«Գրավով կամ երաշխավորագրով ազատ արձակելը վիրավորական է հենց քաղբանտարկյալների համար: Այն խուլիգանները, որոնք անչափահասի են ծեծում, ազատ են արձակվում նույնիսկ առանց ստորագրության, սա նշանակում է, որ նրանք ցանկացած պահի կարող են երկիրը լքել»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություն հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը:
Նա նշեց, որ «Սասնա ծռերի»՝ պատերազմից եկած առողջական խնդիրները երկու տարի կալանքում լինելու հետևանքով ավելի են սրվել, և այժմ նրանք բուժման ու վիրահատության կարիք ունեն:
Ըստ պարոն Եղնուկյանի՝ դասական հեղափոխության ժամանակ առաջին գործը, որ արվում է, քաղբանտարկյալների ազատ արձակումն է. «Դա արվում է ընդհանրապես ոչ դատական պրոցեսով, այլ քաղաքական որոշմամբ: Հեղափոխության հեղինակները բացում են Բաստիլի դռները և ազատ արձակում քաղբանտարկյալներին: Մեզ մոտ թավշյա հեղափոխություն է, որը տարբեր արտաքին ուժերի կողմից հրահրվում էր, որ դա լինի օրենքի և սահմանադրության շրջանակներում: Դա միառժամանակ կապանք է այս նոր իշխանությունների ձեռքին, հետևաբար նրանք չեն կարող դասական մեթոդով բացել Բաստիլի՝ «Նուբարաշենի» դռները և ազատել քաղբանտարկյալներին: Այստեղ միայն քաղբանտարկյալները չեն, որ պիտի ազատ արձակվեն: ՀՀ-ում բանտերը լեցուն են մարդկանցով, որոնք դատապարտված են անհիմն կամ դատապարտված են անհամապատասխան պատժով: Հետևաբար ազատությունը ոչ միայն քաղբանտարկյալների համար է, այլև հանիրավի բանտերում գտնվող մարդկանց համար»:
Ըստ պարոն Եղնուկյանի՝ այս քաղբանտարկյալները նախորդ իշխանությունից եկած քաղբանտարկյալներն են. նորերը ժառանգել են նրանց և հայտարարել, որ ՀՀ-ում չպետք է լինեն քաղբանտարկյալներ: Կարո Եղնուկյանի դիտարկմամբ՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու ամենաարագ ձևը խափանման միջոցը փոխելու գործընթացն է:
Դառնալով միջոցին, որով փոխվում է խափանման միջոցը, պարոն Եղնուկյանը մտահոգություն հայտնեց. «Գրավով կամ երաշխավորագրով ազատ արձակելը բացի նրանից, որ վիրավորական է հենց քաղբանտարկյալների համար, միևնույն ժամանակ նրանք դառնում են դատական համակարգի պատանդ և այն պահանջում է պատանդավճար, որ իրենց ազատ արձակեն: Այնինչ, դա օրենքով պիտի անեն»: Պարոն Եղնուկյանը տեղեկացրեց՝ 500.000 դրամ գրավը, որը հայտարարվեց, թե պատգամավորներն են վճարում խափանման միջոցը փոխելու համար, վճարել է «Հիմնադիր խորհրդարանը». միայն Ներսես Պողոսյանի համար են նրանք վճարել:
«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը տեղեկացրեց, որ մինչ այսօր «Հիմնադիր խորհրդարանը» 65.000 դոլար վճարել է 16 հոգու խափանման միջոցը փոխելու համար: Նա մանրամասնեց. «Նյութական մեծ մարտահրավերներ են մեր առաջ կանգնած ընդամենը կալանքի խափանման միջոցը փոխելու համար: Հսկայական գումարներ են: Սա գնահատում եմ հալածանք նախկին ռեժիմի մնացորդների կողմից «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռերի» անդամների նկատմամբ: Սա հալածանք է, քանի որ երկու տարի այդ մարդիկ չեն աշխատել, եկամուտներ չեն ստացել, նրանց ընտանիքները գտնվում են ծայրահեղ նյութական վիճակում, և այդքանով հանդերձ նման մեծ գումար նշանակելն անտրամաբանական և ոչ մարդկային է: Դեռ 18 հոգի գտնվում է բանտերում, որոնցից երեքի համար նվիրաբերությամբ վճարել ենք, բայց 15 հոգու համար դեռ մենք կարիք ունենք վճարման»:
Հարցին՝ «Հիմնադիր խորհրդարանը» կուսակցություն դառնալո՞ւ է, պարոն Եղնուկյանն ու Սյուզան Սիմոնյանն արձագանքեցին՝ դեռ նման քննարկում չի եղել: Տիկին Սիմոնյանը հայտնեց՝ նման քննարկումներ կսկսվեն, երբ ողջ անձնակազմը ներկա լինի և բանտից դուրս կգան: Պարոն Եղնուկյանը հավելեց. «Հիմնադիր խորհրդարանը որպես քաղաքական միավոր մասնակցելու է ընտրություններին, իսկ թե ինչ ձևաչափով, դեռ պարզ չէ: Ընտրությունները քաղբանտարկյալների ներկայությամբ թերի կլինեն: Այնպես որ, պարտադիր է, որ ընտրություններից բավական ժամանակ առաջ բոլոր քաղբանտարկյալներն ազատ լինեն, որ եկող ընտրությունները համարվեն լեգիտիմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ