Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առևտրային կցորդ Մոհսեն Ռահիմիին:
Պարոն Ռահիմին, շեշտելով, որ Իրանն ու Հայաստանը տարիներ ի վեր ունեն առևտրատնտեսական լավ հարաբերություններ, պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալ երկկողմ հարաբերութունների զարգացման և առաջացող խնդիրներն արագ կարգավորելու հարցում:
Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է սննդամթերքի անվտանգության բարելավմանն ուղղված իր տեսլականը, ընդգծել սննդամթերքի անվտանգության ապահովման հարցում բարեկամ երկրի աջակցության կարևորությունը: «Նոր Հայաստանում հարաբերություններն ու գործընթացները ենթադրում են առավելագույն պարզեցում ու թափանցիկություն, ինչը նշանակում է անհանդուրժողականություն ցանկացած կոռուպցիոն երևույթի նկատմամբ»,- հավաստիացրել է Ծառայության պետը:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև Ծառայության ենթահսկման ապրանքների արտահանման ու ներկրման ընթացակարգերը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենսդրական և կանոնակարգային ցանկացած փոփոխության մասին փոխադարձաբար տեղեկացնելու մասին:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն