Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը՝ «Ելք» խմբակցության ղեկավարի հարցում Փաշինյանի ու Մարուքյանի պայմանավորվածության մասին

Հունիս 29,2018 15:55

ԱԺ նստաշրջանն ավարտվեց, բայց այդպես էլ «Ելք» խմբակցության ղեկավարի հարցը չորոշվեց: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խմբակցության անդամ Արամ Սարգսյանն ասաց. «Իմ կարծիքով «Ելք» խմբակցության ղեկավարի հարցը այնքան էլ կարեւոր չի այն հարցի հետ համեմատ, ինչն այսօր քննարկվում է «Ելք» խմբակցությունում: Այսինքն, «Ելք» դաշինքը քննարկման ավելի լուրջ հարց ունի, դա ապագա ընտրություններն են, ինչը շատ բնական է, ներքաղաքական այս իրավիճակում միանշանակ պիտի լինեն արտահերթ ընտրություններ, ու այս իրավիճակում «Ելքի» մասնակցության ձեւին է վերաբերվում»:

Արամ Սարգսյանն ասաց, որ եթե միասնական ճակատով գնալու որոշում լինի, այդ դեպքում թեկնածուն կարող է լինել այն մարդը, ով իսկապես ԱԺ-ի անցուդարձին ավելի տեղյակ է, ավելի փորձառու է. «Այդպես այսօր խմբակցությունում մի մարդ է՝ Էդմոն Մարուքյանը: Մնացածը բոլորը նոր են մտել ԱԺ եւ ընդամենը 6 ամսվա փորձ ունեն: Շատ քչերն են, որ ԱԺ-ի կանոնակարգ օրենքն այդքան լավ տիրապետում են, ինչքան Էդմոն Մարուքյանը: ԱԺ-ում մի մարդ կա Էդմոն Մարուքյանից ավել, որը այդ օրենքին տիրապետում է, նա է, ով առաջին շարքում նստում է ու պարոն Բաբլոյանը միշտ ասում է՝ արեք ասեք այս հարցում ոնց լինի»:

Մեր հարցին՝ մյուսները դե՞մ են, որ Էդմոն Մարուքյանը լինի՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Խնդիրը քաղաքական է: Եթե որոշվում է, որ կուսակցությունները առանձին-առանձին են գնալու՝ ամեն մեկն իր թիմով, այստեղ, իհարկե, խնդիրը վերածվում է քաղաքականի եւ այս առումով յուրաքանչյուր քաղաքական թիմ ուզում է իր դիրքն ամրապնդել, իր տեղն ամրապնդել, ինչը շատ բնական է»:

Արամ Սարգսյանը «գաղտնազերծեց», թե ինչ պայմանավորվածություն է եղել նախկինում Նիկոլ Փաշինյանի ու Մարուքյանի միջեւ. «Եղել է պայմանավորվածություն, որ ԱԺ խմբակցությունը լինելու է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ Երեւանի քաղաքապետարանում լինելու է «Լուսավոր Հայաստանը»: «Հանրապետություն» կուսակցությունը, ի դեմս ինձ եւ Արտակ Զեյնալյանի, ես ի սկզբանե ասել եմ, որ չեմ ուզում խմբակցության ղեկավար լինել եւ որպեսզի ձեր երկու թիմերի մեջ նեղացվածություն չլինի, խնդիրը հարթվի, այնտեղ էլ չեմ լինի, այստեղի նեղացողը թող գնա այնտեղ: Խնդիրն այդ կարգով լուծվել է: Չնայած մի անգամ պարոն Փաշինյանն ասաց, որ տեսականորեն Արամ Սարգսյանն ամենազիջողը լինելով՝ ինքն է որոշում, թե մեզանից ով լինի, որովհետեւ 3 հոգի ենք»:

Հարցին՝ Լենա Նազարյանի անունն է շրջանառվում՝ որպես խմբակցության ղեկավարի թեկնածուի, դուք ի՞նչ կարծիք ունեք՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, տեղյակ եմ, թեկնածությունը քննարկվել է՝ որպես թեկնածուներից մեկը: Լենա Նազարյանը ՔՊ-ում եղած պատգամավորներից ինձ ամենահոգեհարազատ պատգամավորն է, ինքը կարողանում է լսել, ինչը շատ կարեւոր է եւ ինքը հարցերին նայում է շատ գլոբալ:Երբեք չի իջնում հարցերը մանրելու, վերցնում է վերեւի հիմնակետը, թե ինչ խնդիր ենք ուզում լուծել եւ հանդես է գալիս այդ տեսանկյունից»:

Լենա Նազարյանի դրական կողմերը թվարկելուց հետո Արամ Սարգսյանն ասաց, որ նրան շատ բարձր է գնահատում եւ գտնում է, որ ինքը ոչ միայն խմբակցության ղեկավար, այլեւ շատ ավելի բարձր պաշտոնների կարող էր լինել, քան այսօրվա եղածներից ոմանք:

Հարցին՝ այսինքն, սկզբունքորեն դեմ չեք, որ Լենա Նազարյանն էլ լինի՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Խնդիրը ոչ թե նրանում է, որ դեմ եմ կամ կողմ եմ, նրանում է, թե ինչպիսի քաղաքական հանգուցալուծում կունենա «Ելք» դաշինքի հետագա ճակատագիրը: Այդ ճակատագրի ցանկացած արդյունքի դեպքում ցանկացած մեկի՝ Էդմոն Մարուքյանի եւ թե՛ Լենա Նազարյանի լինելը կհամարեմ օրինաչափ, որովհետեւ եթե ՔՊ-ն գնում է առանձին, շատ օրինաչափ է, որ իրենք պնդեն խմբակցության ղեկավար իրենց թեկնածուին ունենալու: Եթե «Ելք» դաշինքով է գնում, ավելի օգտակար կլինի ունենալ մարդու, ով գործն ավելի լավ գիտի, լավ է տիրապետում եւ ԱԺ-ում այն էլ այս շրջանում, որ Ընտրական օրենսգիրք պիտի հաստատվի, քննարկումներ ու դեբատներ պիտի լինեն, միանշանակ է, որ Էդմոն Մարուքյանը լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930