«Եթե բանակցություններ չեն ընթանում, պատերազմի վտանգը մեծանում է: Հայկական կողմը պետք է ավելի զգոն դիրքորոշում ունենա եւ ասի՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Արցախը դառնա բանակցային կողմ, սակայն ինքը չի հեռանա բանակցային սեղանից եւ կշարունակի բանակցել՝ ինչ-որ փուլի պնդելով Արցախի մասնակցությունը»,-«Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս արած հայտարարությանը, թե Արցախը պետք է դառնա հակամարտության բանակցային կողմ, ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նրա կարծիքով, եթե հայկական կողմը նշյալ հարցում ավելի կտրուկ հայտարարություններ անի, մտավախություն կա, որ Ադրբեջանը կգնա ռազմական գործողությունների վերսկսման:
«Ադրբեջանի իշխանությունն այժմ սպասողական վիճակում է, լավ չի հասկանում, թե ինչպիսին են ՀՀ նոր իշխանության դիրքորոշումները: Ադրբեջանն Արեւմուտքի կողմից զգուշացված է, քանի որ Արեւմուտքը ողջունել է ՀՀ-ում տեղի ունեցած ժողովրդական շարժումը: Բայց տեսակետը, թե Ադրբեջանը կվախենա ռազմական գործողություններ սկսել, չեմ ընդունում: Եթե զգաց, որ կարճ ժամանակում մեծ հաջողություն կունենա, կանի դա»:
Երվանդ Բոզոյանի խոսքով՝ ժամանակն է, որպեսզի ՀՀ-ի նոր իշխանությունները հստակեցնեն Արցախյան հակամարտության հարցում իրենց մարտավարությունն ու քայլերը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ