Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական տարրերը վտանգ են սպառնացել Մանվել Գրիգորյանի համար. Արամ Սարգսյանը պատմում է Մանվել Գրիգորյանի հետ հանդիպումից

Հունիս 29,2018 15:27

Պարզվում է՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հանդիպել է Մանվել Գրիգորյանի հետ՝ մինչեւ նրա ձերբակալվելը:

Այսօր Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ձերբակալվելուց երեւի 3 օր առաջ հանդիպել եմ եւ խոսակցություն է եղել,, որ ճիշտ կլինի՝ դու հրաժարվես Երկրապահի նախագահի պաշտոնից՝ հնարավորություն տալով, որ մնացած տղաները վերադառնան երկրապահ, դու մնաս ԵԿՄ վարչության անդամ, վարչությունն ում կընտրի նախագահ ԵԿՄ-ի, թող նա էլ լինի, դու էլ, որպես ԵԿՄ-ն այսքան տարիների պահած մարդ, ինչով կարող ես, օգնես էդ տղաներին: Նման խոսակցություն, քննարկում եղել է, բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ»:

Հարցին՝ Մանվել Գրիգորյանը համաձա՞յն էր ձեր ասածի հետ՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Խնդիրն այն չի, որ ինքը համաձայն էր, բայց այնպես էլ չի, որ այդ զրույցը շարունակելու տեղ չուներ: Իհարկե, առաջին հայացքից էդ իր համար շոկային էր, բայց ես հասկացա, որ դա թեմա է, որը կարելի է զարգացնել»:

Նա ասաց, որ այդ ժամանակ չգիտեր, որ մի քանի օր անց Մանվել Գրիգորյանին բռնելու են. «Իսկ ո՞վ գիտեր՝ բացի պարոն Վանեցյանից»:

Իսկ թե ի՞նչ է արձագանքել այդ ժամանակ Մանվել Գրիգորյանը, որ շոկային է գնահատում դա Արամ Սարգսյանը՝ նա պատասխանեց. «Մարդը երբ համարում է, որ ինքը ամեն ինչ արել է երկրապահը պահելու համար, որ ինքը հավատարիմ է մնացել ԵԿՄ-ին ու մնացածներն են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի գումարներով ու նրա հրահանգներով տարբեր ժամանակներում լքել ԵԿՄ-ն՝ թուլացնելով այն, համարում է, որ ճիշտ ինքն է: Բայց ինքն էլ հասկանում էր, որ այդ բաժանվելը թուլացրել է իրենց ամբողջությամբ եւ այդ առումով արդեն զգում էր, որ ինքն էլ օգնության, օժանդակության կարիք ունի, որովհետեւ արդեն տարբեր քրեական անցյալ ունեցողներն էին իրեն վտանգ սպառնում եւ ինքը զգում էր, թե այդ ժամանակվա երկրապահի ուժն ինչում է: Ու այս առումով է, որ կարծում եմ, կուզենար, որ խոսակցությունը շարունակվի: Կարող էր այդ խոսակցությունը ինչ-որ ժամանակ հետո ճիշտ հանգուցալուծման բերեր»:

Արամ Սարգսյանն ասաց, որ հիմա դժվարանում է ասել՝ կուզենա՞ր տեսնել Մանվել Գրիգորյանին. «Չէի ուզենա հանդիպել, որովհետեւ այս պահին ասելիք չունեմ: Այն, ինչ մտածում եմ, այն, ինչ տեսել եմ՝ կանգնելն ու ասելը հենց հիմա իր երեսին՝ չեմ կարծում, որ էդքան էլ ճիշտ է: Գնալ ու մխիթարել, սուտ բաներ ասել՝ դրա ցանկությունը չունեմ բացարձակ: Ինքն ասել է,որ ինքն ի զորու է, ինքը պատրաստ է իր անմեղությունն ապացուցել, դրանում իր մասնակցությունը բացառել, ես շատ-շատ կուզենայի, կցանկանայի, որ ինքը դա կարողանար: Ինքը իսկապես շատ լուրջ առողջական խնդիրներ ունի, օնկոլոգիական հիվանդ է, 12 անգամ քիմիաթերապիա ընդունած, թոքի 50 տոկոսը հեռացրած: Ես ուղղակի զարմացած եմ, որ նման մահվան ու կյանքի եզրին գտնվող մարդը կարող էր նման պահվածք ունենալ»: Ըստ Արամ Սարգսյանի, այն մարդիկ, որոնք մահվան շեմին են, սովորաբար փորձում են հնարավորինս բարություն անել, աշխատում են բոլորին ներել, իրենց ունեցածը բաժանել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930