Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում, երբ քննարկվում էր Ստեֆան Շենախի «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացում եւ անօրինական առեւտուր» թեմայով զեկույցը, կրկին փոխհրաձգություն տեղի ունեցավ հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ելույթ ունեցավ, որի ընթացքում հիշեցնելով Ջուղայում մի ողջ մշակութային ժառանգության կործանման և այժմ դրա տեղում ադրբեջանական ռազմաբազա լինելու մասին՝ նշեց, որ դա տեղի ունեցավ Վեհաժողովի լռության պատճառով: Տիկին Զոհրաբյանը չբացառեց նաև, որ այս պահին աշխարհի ինչ-որ կետում մշակութային ժառանգություն է ոչնչացվում, քանի որ վեհաժողովում խոսելուց՝ բացի որևէ իրավական գնահատական չենք տալիս:
Տիկին Զոհրաբյանին արձագանքեց ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան: Նա հայտարարեց, որ հայերն իր բնութագրմամբ գրավյալ տարածքներում ոչնչացնում են ադրբեջանական մշակութային արժեքները, Ադրբեջանի մշակույթի նախարարը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և պահանջել դիտորդական առաքելություն ուղարկել «օկուպացված տարածքներ»: Նա նշեց, թե տիկին Զոհրաբյանը զրպարտում է և կոչ արեց նրան դադարեցնել զրպարտական արտահայտություններն Ադրբեջանի հասցեին: Տիկին Փաշաևան մի գիրք ցույց տվեց և հայտարարեց, թե սա է իրականությունը: Այնուհետև նշեց, որ պահանջում են իրավական գնահատական տալ նրան, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են իրենց մշակութային արժեքների կործանման համար:
Այնուհետև ելույթ ունեցավ Ռաֆայել Հուսեյնովը՝ նշելով, որ օկուպացված տարածքներից որպես ռազմավար անգամ գորգեր էին վերցրել և ՀՀ տարբեր պաշտոնյաների ու անձանց տներում նրանից շատերը վաճառում էին որպես մշակութային թրաֆիքինգ:
Այս ելույթներից հետո կրկին հանդես եկավ պարոն Շենախը և հայտարարեց, որ հերթական անգամ զեկույցի քննարկումը վերածվեց հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև փոխհրաձգության: Այնուհետև նշեց. «Սա ինձ հանգեցրեց այն եզրակացության, որ ես պետք է մեկ առանձին զեկույց նախապատրաստեմ հակամարտության գոտում երկու կողմերի մշակութային արժեքների թեմայով: Ավելին, մենք պիտի հստակ հետևողական կերպով ebay և այլ կայքերում հսկողություն սահմանենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ