Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն մտահոգություններ է հնչեցրել Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակի ու անելիքների մասին

Հունիս 29,2018 14:29

Հունիսի 27-ին կայացած ԱՀ ԱԺ հերթական լիագումար նիստի ժամանակ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը ներկայացրել է ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հայտարարությունը:

«Անցած մեկ ամսվա ընթացքում ՀՅԴ Արցախի կառույցը օգտագործելով տարբեր ձևաչափեր ու հարթակներ իր մտահոգություններն ու տեսակետներն է հնչեցրել Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակի ու անելիքների մասին: Այդ ամենը մամուլով և ուղղակի հանդիպումներով փոխանցվել է թե՛ հանրությանը, թե՛ իշխանություններին և թե՛ քաղաքական ուժերին:

Սկսված  ներքաղաքական  գործընթացը Արցախում անցնելու է մի քանի հանգրվանով: Մենք դեռևս հաղթահարում ենք այս զարգացող գործընթացների նախնական  փուլը:

Վերլուծելով դեպքերի զարգացումներն ու իրադարձությունները, գնահատելով հնչեցված քաղաքական պահանջներն ու քայլերը, ծանոթ լինելով հանրության տարբեր շերտերի մոտ առկա դժգոհություններին ու ակնկալիքներին, կարելի է կատարել որոշակի ամփոփումներ և եզրակացություններ՝

Երկրում ընթացող բարեփոխումները պետք է ունենան համակարգային բնույթ: Ողջունելի է ԱՀ նախագահի կողմից հայտարարված բարեփոխումների իրականացման մեկնարկը, այն պետք է ունենա հարկ եղած թափն ու վճռական ընթացքը և արտացոլի հասարակության լայն շերտերի ցանկությունը ու հուսադրող մթնոլորտ ապահովի երկրի բնականոն զարգացման համար,

Անհրաժեշտ է առավել թափանցիկ դառնա պետական մարմինների գործունեությունն ու իշխանության կատարած աշխատանքների ծանուցումը հասարակությանը՝ ապահովելով լրատվական դաշտի ազատ և թափանցիկ գործունեություն,

Բարեփոխումները չպետք է առիթ դառնան մինչ այս պետական պատասխանատու պաշտոններ ստանձնած անձանց թերացումների և բացթողումների անտեսմանը և ըստ այդմ պատասխանատվությունից խուսափմանը,

Բարեփոխումները չպետք է սահմանափակվեն միայն  կադրային  նշանակումներով և տեղաշարժերով, որոնք չեն կարող ամբողջականացնել հանրության սպասելիքները:

Քաղաքական անցնցում զարգացումները երաշխիք են անվտանգության ապահովման ու պահպանման համար:

Ստեղծված իրավիճակում Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որպես խորհրդարանական ուժ իր պարտականությունն է համարում, ներկայացնել համապատասխան տեսակետներ ու առաջարկներ և գործնական  հողի վրա դնելով բարեփոխումների ընթացքը՝ կրել քաղաքական պատասխանատվություն: Անշուշտ քաղաքական պատասխանատվության չափը կախված կլինի բարեփոխումների ընթացքում մեր մասնակցության և դերակատարության աստիճանից:

Համոզված ենք, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որպես համահայկական կառույց, ունի այն ներուժն ու ունակությունը, որ երկրի կառավարման համակարգում կրի պատասխանատվություն, որն անկասկած կնպաստի Արցախի պետականության  ամրապնդմանն ու միջազգային հեղինակության բարձրացմանը:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930