Հայ-բուլղարական ԱԺ բարեկամական խմբի ասուլիսն էր այսօր: Խմբի ղեկավար Ջեմմա Բաղդասարյանն ասաց, որ մի շարք ոլորտներում առաջ ենք Բուլղարիայից, Սոֆիան հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց, իսկ մենք գոնե քայլեր ենք արել այդ ուղղությամբ:
Արամ Սարգսյանը համաձայնեց. «Ես էլ եմ կարծում, որ մենք մի 10 տարի առաջ ենք Բուլղարիայից, օրենսդրական առումով, տնտեսության առումով, էներգետիկ առումով իրենք 7 մլն են, մենք՝ 3, նույն քանակի էլեկտրաէներգիա ենք արտադրում: Ժամանակին սովետին գյուղմթերքով ապահովող Բուլղարիան այսօր հիմնականում հացահատիկ ունի»: Արամ Սարգսյանը կատակեց, որ եթե այդ ծովը մենք ունենայինք, տարածքում գլխարկ ու խորոված վաճառողներ կլինեին, իսկ իրենք չեն անում նման բաներ:
Ըստ Արամ Սարգսյանի, հայերը Բուլղարիայում շատ հարգված են, իրենց տեսակետը ազդում էր բուլղարների վրա, նրանց կարծիքի հետ հաշվի էին նստում: Հայի աշխատասեր լինելը շատ հարցեր է լուծում: Մեր պատվիրակության անդամները Բուլղարիայի հայերի հետ կապված խնդիրների մասին խոսեցին: Օրինակ, մինչեւ 16 տարեկան երեխաներին անձնագիր տրամադրելու խնդիր կա Բուլղարիայում, անուղղակի ցուցում կա, որ պարտադրեն նախնական համաձայնություն տալ բանակի ծառայության համար, որից հետո նոր անձնագիրը կտրամադրեն, այն դեպքում, երբ 18 տարեկանը լրանալուց հետո այդ մարդը կգա ու կծառայի. «Բողոքում էին, որ 16 տարեկանները տրավմա են ունենում, որովհետեւ իրենց մասով մտածում են, որ կփախնեն»,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ զրուցել է այդ տարիքի տղաների հետ, գտնում է, որ չի կարելի նրանց չվստահել եւ չի կարելի դեսպանատներում նման փաստաթուղթ ունենալ:
Արամ Սարգսյանը պատմեց, որ Բուլղարիայի հայերը կաթողիկոսից են բողոքել. հնաբնակ բուլղարները ասում են, որ իրենց ծոռներին, թոռներին դաստիարակում են հայ քրիստոնյայի ոգով, եկեղեցում ու եկեղեցուն կից դպրոցներում են իրենց երեխաներին հայերեն սովորեցնում ու այս ֆոնի վրա այն, ինչ կատարվում է Էջմիածնում, համարում են սխալ. «Բնականաբար, մենք չենք կարող միջամտել դրան, բայց կան այսպիսի տեսակետներ ու այսպիսի մոտեցումներ հայ համայնքի մոտ՝ աշխարհի գրեթե բոլոր տեղերում»:
Պատվիրակության կողմից առաջարկություն է արվել չվերթների հետ կապված: Առաջարկն ուսումնասիրում են: Ջեմմա Բաղդասարյանը նշեց, որ «միայն տուրիզմի համար դա կարող է արդյունավետ չլինի, բայց երբ որ մենք որպես տրանզիտ գոտի ենք նայում, դա շատ օգտակար կլինի եւ տնտեսությունների զարգացման համար, եւ մշակութային տուրիզմի համար: Լոբբինգ ենք արել, բայց խնդիրը լուրջ ուսումնասիրության կարիք ունի»:
Երեւան-Բուրգաս, Երեւան Վառնա չվերթներ կան,, այս տարի եւս մեկ չվերթ է ավելացել դեպի Վառնա, սա խոսում է տուրիստական եւ առեւտրատնտեսական հարաբերությունների աճի մասին. «Մենք էլ պետք է բուլղարացիներին հետաքրքիր լինենք, իրենք հսկայական ուղեւորներ ունեն, որոնք գնում են ԱՄԷ, միջին ասիական երկրներ եւ Հայաստանը իրենց կարող է հետաքրքիր լինել»,- ասաց բարեկամական խմբի անդամ Միհրան Հակոբյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ