Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ո՞ւր էիք դուք, երբ ադրբեջանցի դահիճները Ջուղայի պատմական գերեզմանոցը վերածեցին զորանոցի. Ն. Զոհրաբյան

Հունիս 29,2018 13:14

Այսօր Ստրասբուրգում քննարկվել է մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման և անօրինական թրաֆիքինգի խնդիրը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է ադրբեջանցի վանդալների կողմից Ջուղայի պատմական գերեզմանոցի բացառիկ խաչքարերի ոչնչացման մասին՝ նշելով, որ, ոչնչացնելով համաշխարհային մշակույթի այդ բացառիկ կոթողը, Ադրբեջանի նպատակը մեկն էր. իսպառ վերացնել հայկական հետքը, այնուհետեւ, իրենց բնորոշ ցինիզմով, վերասրբագրել պատմությունը։

Իր ելույթում Զոհրաբյանը նշել է.

Հարգելի գործընկերներ,

Մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացումը և անօրինական թրաֆիքինգը այսօր առավել քան արդիական խնդիր է, քանզի այն, ինչ արել է եւ դեռ շարունակում է անել ԴԱԻՇ-ը Իրաքում եւ Սիրիայում, մշակութային եղեռն է։ Ես միանում եմ զեկույցի հեղինակ Ստեֆան Շեննախին եւ կոչ եմ անում Եվրոպայի Խորհրդի անդամ այն պետություններին, որոնք դեռ չեն ստորագրել եւ վավերացնել «Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններում մշակութային արժեքների հանդեպ հանցագործության մասին» կոնվենցիան՝ դա համարել օրակարգի առաջնային հարց, ինչպես նաեւ՝ վավերացնել «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան:

Այն, ինչ արել եւ շարունակում է անել ԴԱԻՇ-ը իր վերահսկողության տակ գտնված տարածքներում՝ թալանելով, ոչնչացնելով եւ վաճառելով մշակութային ժառանգությունը, միջազգային ահաբեկչության եկամտի երրորդ աղբյուրն է՝ զենքի և թմրանյութերի ապօրինի վաճառքից հետո:

Այդուհանդերձ, հարգելի գործընկերներ, ես կրկին այս ամբիոնից ուզում եմ ուղղել հարց, որի պատասխանը այդպես էլ չի տրվել։ Ո՞ւր էիք դուք եւ ո՞ւր էր միջազգային հանրությունը, երբ ԴԱԻՇ-ից ոչ պակաս վանդալները 1998 թվականից հետեւողականորեն սկսեցին իրագործել Նախիջեւանի Ջուլֆա գավառում գտնվող հայկական պատմական գերեզմանոցի ոչնչացումը։ 2005 թվականին արդեն հնագույն գերեզմանոցը, որը մարդկության մշակութային բացառիկ արժեքներից մեկն էր՝ ադրբեջանցի զինծառայողները հավասարեցրին հողին եւ վերածեցին ռազմական բազայի։ Յոթը տարի շարունակ ադրբեջանական վանդալները ոչ միայն հողին հավասարեցրին Ջուղայի պատմական գերեզմանոցի բացառիկ խաչքարերը, այլեւ ոչնչացրին  9-ից 12-րդ դարերի Ամենափրկիչ վանքը, Պոմբլոզի ժամը, սուրբ Աստվածածին եկեղեցին եւ մշակութային այլ կոթողներ։ Ադրբեջանի նպատակը մեկն էր՝ իսպառ վերացնել հայկական հետքը, այնուհետեւ, իրենց բնորոշ ցինիզմով, վերասրբագրել պատմությունը։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ հիշեցնել, որ դեռ 2007 թվականին պետք է տեղի ունենար ԵԽԽՎ դիտորդական առաքելության այցը Նախիջեւան, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղ, սակայն Ադրբեջանի շանտաժի պատճառով այցը տապալվեց։ Թե՛ մեր Վեհաժողովը, եւ թե՛ Եվրոպական խորհրդարանը, բացի վանդալիզմի այդ աննախադեպ փաստն արձանագրելուց, որեւէ գործուն եւ կոնկրետ քայլ այդպես էլ չարեցին, որպեսզի երբեւէ այլեւս նման վայրագություններ տեղի չունենան եւ քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ չոչնչացվի մի ողջ ժողովրդի մշակութային ժառանգություն։

Հարգելի գործընկերներ, միջազգային հանրության դեկլարատիվ հայտարարությունների եւ լռության պատճառով ոչնչացվեց մարդկության ամենահիասքանչ կոթողներից մեկը՝ Ջուղայի խաչքարերը։ Հիմա այդ տարածքում ադրբեջանական հրոսակների հրաձգարանն է։ Այս պահին, երբ մենք քննարկում ենք այս զեկույցը, ամեն րոպե աշխարհի այս կամ այն կետում մշակութային եղեռն է տեղի ունենում։ Ես չեմ ուզում, որ վաղը մենք կրկին հավաքվենք ու, ինչպես Ջուղայի դեպքում եղավ, ասենք, որ մենք, ցավոք, կրկին ուշացանք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930