Դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի մասի գործով հերթական դատական նիստն էր: Ամբաստանյալներից չէր ներկայացել Արամ Հակոբյանը (վերջերս է կալանքից ազատվել): Նրա շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Եգորյանը դատարանին հայտնեց, որ Հակոբյանը հիվանդանոցում է եւ ստացիոնար բուժում է ստանում:
Ինչպես հայտնի է, նա մի շարք առողջական խնդիրներ ունի, որի հիմքով էլ ազատվել է կալանքից: Եգորյանը հայտարարեց, որ ըստ համապատասխան հետազոտությունների՝ նա վերջերս երկու անգամ գլխուղեղի կաթված է ստացել, սակայն չի իմացել այդ մասին, քանի որ կալանավայրում պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել:
Գործով մեղադրող-դատախազ Հակոբ Ենոքյանը նկատեց՝ Քրեական օրենսգիրքը սահմանում է, որ առանց ամբաստանյալի՝ նիստ չի կարող լինել: Ըստ այդմ, դատավոր Վարդանյանի որոշմամբ՝ նիստը հետաձգվեց մեկ շաբաթով:
Տիգրան Եգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հակոբյանի առողջական վիճակը տեւական ժամանակ իրավապահների կողմից նրան անտեսելու հետեւանքն է:
Հիշեցնենք, որ ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման անդամ, գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանը մեղադրվում է զինված խմբի կազմում ապօրինի զենք կրելու, ռազմավարական շենք-շինություններ զավթելու, պատանդառություն կատարելու համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ