Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայոց պատմությունն այնքան հնամենի է… գերմանացիները դրա մասին անգամ երազել չեն կարող. Կատարինա Բերնդ

Հունիս 29,2018 12:38

Գերմանուհի գիտնական, «Գերմանո-հայկական ընկերության» անդամ Կատարինա Բերնդի հանդիպումը Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ կայացավ «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագրի շրջանակներում: Նախաձեռնությունը «Դիալոգ» հասարակական կազմակերպությանն էր:

Բերնդը, Մոսկվայում ուսանելու տարիներին, իր գործընկերոջ՝ ՄՊՀ-ի պրոֆեսոր Սվետլաննա Տատունցի տանը պատահաբար թերթում է «Էջմիածնի գանձերը» գիրքը և անվերադարձ հրապուրվում է հայոց մշակույթով ու պատմությամբ: Դա այն ժամանակ էր, երբ Բաքվի ջարդերից բազմաթիվ հայեր էին մազապուրծ հասնում Մոսկվա, պատմում է Կատարինան: Հայերի նկատմամբ համակրանքը գերմանուհուն հասցնում է, նույնիսկ, Մոսկվայի հայկական եկեղեցու խորանի մոտ, որտեղ նա կնքվում և դառնում է հայ առաքելական եկեղեցու հետևորդ:

Դյուսելդորֆի բարձրագույն ազգային դպրոցի լեզվաբանական բաժնում, որտեղ դասավանդվում է մոտ երեսուն օտար լեզու, Կատերինայի նախաձեռնությամբ, արդեն տասնհինգ տարի է, ինչ կա նաև հայերենի դասընթաց: Այդ դասընթացը իր տեսակի մեջ միակն է Գերմանիայում, որտեղ, բացի դպրոցականներից, բոլոր ցանկացողները կարող են ուսումնասիրել հայերեն:

«Գերմանո-հայկական ընկերությունը», որին անդամակցելու շնորհիվ Բերնդին հաջողվել է կազմակերպել մի շարք հայկական թեմատիկ ուղղվածության ցուցահանդեսներ, տուրիստական այցելություններ և շնորհանդեսներ, հիմնվել է Յոհանես Լեփսիուսի և Ավետիք Իսահակյանի կողմից՝ 1914 թվականին: Ընկերությունը նպատակ էր հետապնդում մարդասիրական օգնություն ցուցաբերել օսմանյան սրից փրկված հայերին:

1956-ին իր գործունեությունը դադարեցրած և 1972 թվականին վերաբացված կազմակերպությունը մեծ ներդրում է ունեցել Գերմանիայում ցեղասպանության ճանաչման բարդ գործում: Այսօր արդեն ընկերությունն այլ՝ Գերմանիայի հայ համայնքը համախմբելու առաքելություն է իրականացնում, ասում է Կատարինան: Նա ընդգծում է, որ Հայաստանից, Սիրիայից, Իրանից ու Իրաքից եկածներով համալրված գերմանահայ համայնքի միասնականությունը առաջնային նշանակություն ունի, քանզի ի տարբերություն թուրքական համայնքի, այն խիստ փոքրաթիվ է և չունի կուռ միասնականություն, ինչը, ըստ Բերնդի, շատ կարևոր նախապայման է գլոբալ հարցերին լուծում տալու համար: Գլոբալ հարցերի թվում, բացի ցեղասպանության ճանաչումից, Բերնդը թվարկում է ազգային դիմագծի պահպանումն ու մշակութային կապերի ամրապնդումը:

https://www.youtube.com/watch?v=J6F7HHMt3WU

Արցախը, իր հեքիաթային գեղեցկությամբ, նույնպես, անտարբեր չի թողել գերմանացի գիտնականին և նա, իր գործընկերոջ՝ ծագումով արցախցի պրոֆեսոր Տատունցի հետ միասին, այսօր փորձում է միջոցներ գտնել Հադրութի շրջանի Ծակուռ գյուղում գտնվող, 12-րդ դարում կառուցված կիսավեր եկեղեցու վերականգնողական աշխատանքների համար: Արցախի նախագահ Բակո Սահակյանը անձամբ է հավանություն տվել այդ նախագծին, որն ամբողջությամբ իրականացնելու համար պահանջվում է 130 հազար ամերիկյան դոլար: Միջոցների կեսն արդեն հավաքված է, ասում է Տատունցը, մյուս մասը հույս ունեն հավաքել մոտ ժամանակներում: Կատերինան հպարտությամբ նշում է, որ, նույնիսկ, իր 94 ամյա հորաքույրն է, մահից առաջ, մի քանի հազար եվրո կտակել այդ գաղափարին:

«Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը ամփոփելով հանդիպումը ներկաների ուշադրությունն է հրավիրում սիմվոլիզմի վրա, երբ Ռուսաստանի մայրաքաղաքում Գերմանիայից ժամանած գիտնականը խոսում է Արցախի մասին: Նավոյանը խոստանում է, որ Հայաստանը բարեկամների աչքերով տեսնելու հնարավորություն դեռ հաճախակի կստեղծվի իրենց կազմակերպությունը կողմից:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930