Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ահա այն Հայաստանի մոտավոր պատկերը, որը ցանկանում է ունենալ մերօրյա հայաստանցին. «Ազգ»

Հունիս 29,2018 12:33

Երկիր, որտեղ աղքատություն չի լինի, հանրությունը կապրի այն հաղթահարած կենսաբանական, սոցիալական ու հոգեւոր-մշակութային բարվոք պայմաններում: Սրանք մեր այսօրվա ամոթալի վիճակի ցցուն դրսեւորումներն են, երբ հայաստանցիների բացարձակ մեծամասնությունը զրկված է համեստ սննդակարգից, կրթությանն ու առողջությանը հետեւելուց, հանգիստը կազմակերպելուց: Հայտնվել ենք մի իրողությունում, երբ խնդիր է պարզ ու հասարակ նախաճաշը, բժշկին այցելությունը, ֆուտբոլի ազգային հավաքականի տնային խաղերը մարզադաշտում դիտելը: Բայց չէ՞ որ սրանցից բացի օրն ու առօրյան բովանդակալից անցկացնելու մարդկայնորեն ընդունված շատ այլ ցանկություններ կանՙ ընտանեկան ճաշկերույթ սրճարանում, այց գեղեցկության սրահ, ժամանց լողավազանում ու թենիսի կորտում, ակտիվ հանգստի այլ հետաքրքրություններ: Ահա այն Հայաստանի մոտավոր պատկերը, որը ցանկանում է ունենալ մերօրյա հայաստանցին, մեծ թե փոքր, գյուղաբնակ թե քաղաքաբնակ:

Կարծես ուզածը մեծ բան ու անհասանելի խնդիր չէ, քանզի հեռուստահաղորդումներից լինի, թե արտերկրում գտնվող ընտանիքի անդամների հետ ամենօրյա «սկայպ»-ով կապվելու արդյունքում համոզվել է, որ ցանկացածն ամենուր հաղթահարել են, իրականություն դարձրել պարզ ու հասարակ աշխատանքով, առանց որեւէ գերլարման: Ի՞նչ ենք առաջնահերթը մտաբերում, երբ ասենք մեր բարի նախանձը շարժող երկիր Հոլանդիան ենք հիշումՙ պանիր, կարտոֆիլ, ծաղիկ, մեկ-մեկ էլ ֆուտբոլ: Նշվածներն իհարկե ունենք, միայն թե ոչ այն քանակի ու որակի, առավել եւս գրավիչ ու դինամիկ: Եթե նրանց լիարժեք պահված կովն օրը 35-40 լիտր կաթ է տալիս, խոզը 1,5 կգ քաշաճ ապահովում, կարտոֆիլի քառակուսի մետրի բերքը 10-12 կգ-ի է հասնում, ծաղիկը աչք շոյող ու դիմացկուն է առավել քան, իսկ ֆուտբոլն արագ ու դիտարժան, դրանք ինչո՞ւ ինքներս էլ իրականացնել չենք կարողանում: Կարծես կարող ենք, եթե գործին փոքր-ինչ սրտացավորեն մոտենանք, աշխատանքն ու աշխատելը կարեւորենք: Ոչ թե երկիրը փոքր հռչակելով ու ազգը սակավաթիվ հայտարարելով սեփական անճարակությունն ու անզորությունն արդարացնենք, այլ ունեցածը լավագույնս օգտագործելով կայանանք ու ինքնահաստատվենք, հիմնավորենք այն գնահատականները, որ այլք տալիս են աշխարհով մեկ սփռված մեր հայրենակից իրենց հայազգի գործընկերներին: Աստծո զավակ հայի երկու տեսակի ենք վերածվել, մեկըՙ բացարձակ օրինապաշտ ու իր անելիքին նվիրված, մյուսը բնօրրանում, թող ներվի գնահատականիս համար, անփույթ ու պատճառաբանելու սիրահար: Քաղաքներում հաճախ կարելի է դժգոհություններ լսել, թե գործ չկա, սրճարաններն ու ռեստորաններն են բազմանում, երբ սիրիահայերն այդ նույն միջավայրում արդեն հասցրել են բազմաբնույթ սպասարկման հարյուրավոր կետեր բացել, աշխատատեղեր ստեղծել, ոչ դյուրին պայմաններում գործունեություն ծավալել: Գյուղաբնակներն իրենց հերթին 5-6 կովերի կաթը հանձնում են մթերողներին ու դժգոհում ոչ միայն գնից, այլեւ գումարը օր առաջ ստանալու խնդրից, չնկատելով, որ անգամ տնային պայմաններում կաթի վերամշակումից ստացվող արտադրանքի մեծ պահանջ կա քաղաքաբնակ սպառողների մոտ: Ծանոթ եմ ավստրիացի պանրագործի, որի պահեստում մի քանի տոննա իր ընտանիքի անդամներով պատրաստած ու ամիսներով հնեցրած արտադրանք կա: Քաղաքի վաճառողները, մեր հասկացողությամբ վերավաճառողները կիլոգրամը 30-40 եվրոյով են այն առաջարկում իրենց սպառողներին եւՙ շնորհակալության են արժանանում, քանզի գնվածը պատրաստվել է սերնդե-սերունդ պանրագործությամբ զբաղվող մարդկանց կողմից: Նույն պատկերն է մսամթերք պատրաստողների, գինեգործների, բանջարեղեն ու մրգեր մշակողների պարագայում, որոնք իրենց հերթին աշխատանքներ են վստահում քաղաքաբնակ ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, սկսած տան ու տնամերձի դիզայնից մինչեւ ֆերմայի բարդ տեխնիկայի տեղադրումը:

Ուրեմն ո՞վ կամ ինչն է խոչընդոտում, ասենք արդեն հիշատակված Հոլանդիայի օրինակով վարել մեր գործերը, նույն տարածքն ունենալու պայմաններում համանման արդյունքների հասնել եւ մեր երկիրը յուրօրինակ Հայլանդիայի վերածել: Իրենց 41,5 հազար քառակուսի կիլոմետրի վրա 17 մլն հոլանդացիներ են ապրում, որոնց հազիվ 1 տոկոսն է գյուղգործունեություն վարում, երբ այդ նույն տարածքն զբաղեցնելու պարագայում հայերս մինչեւ 40 տոկոս ցուցանիշ ունենք: Դե եկ ու մի վրդովվիր, թե 20-25 տարիներ այդ ինչով եք զբաղվել, որ հազիվ 3 մլն հայաստանաբնակների ողջ հույսը արտերկրներն են մնացել, սկսած սփյուռքահայերի անվարձահատույց օգնություններից ու արտագաղթածների ուղարկած ֆինանսական միջոցներից մինչեւ թող ներվի այս գնահատականիս համար, մեր անկուշտ ու ագահ ներմուծողները, ովքեր ինչ պատահի առնում-բերում են, քանզի Հայաստան երկրամասում աշխարհի վերջն է, կենսական ու առաջնահերթ ոչինչ արտադրել հնարավոր չէ: Առաջին անհրաժեշտության կարագ ու ձե՞թ եք ուզումՙ Նոր Զելանդիայից ու Ֆինլանդիայից կբերեն, խոզի ու հավի միսՙ Բրազիլիայից, հագուստ Թուրքիայից, մարտկոցներ հեռավոր արեւելքից, խոհաանոցային պարագաներ Իտալիայից… Փոխարենը վերցրեք մեր անհատնում ընդերքի հանքահումքը, վերամշակեք ու ստացածը վաճառելով հարստացեք, միլիոնների ու միլիարդների տեր դարձեք, մեզ էլ մեկ-մեկ օգնության ձեռք մեկնեք: Հարց է մնում, թե մեր ո՞ր մեղքի համար ենք այս վիճակում հայտնվել, երբ առերեւույթ անգամ զանցանք չենք գործել:

 

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930