Ինչպես տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից ստեղծված հետաքննող անկախ մարմնի՝ կոռուպցիայի վերաբերյալ զեկույցում, որոշ բացահայտումներ կան նաև Հայաստանի հետ կապված: Այս առիթով որոշ պարզաբանումներ ստացանք ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանից:
-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից ստեղծված հետաքննող անկախ մարմնի՝ կոռուպցիայի վերաբերյալ զեկույցում որոշ բացահայտումներ կան նաև Հայաստանի հետ կապված: ԵԽԽՎ մի շարք պատվիրակներ վկայություններ են տվել, որ հայկական պատվիրակության տարբեր տարիների անդամներ, ղեկավարներ իրենց նվերներ կամ կաշառք են առաջարկել: Ի՞նչ եք կարծում, այն, որ նման արձանագրում կա զեկույցում դա արդյոք կազդի՞ ՀՀ-ի վարկանիշի վրա:
-Զեկույցում Հայաստանի վերաբերյալ ակնարկները լուրջ ուշադրություն չեն պահանջում, քանի որ խոսքը պարզապես վերաբերում է մի ընդունված ավանդույթի՝ հուշանվերներ տրամադրելուն եւ հուշանվերներով փոխանակվելուն։ Այս պրակտիկան որեւէ կերպով վարկանիշի վրա ազդող փաստ չի կարող լինել։ Բացի դրանից՝ զեկույցում նշվում են մեր հարեւան երկրի հանրահայտ լոբբիստների այսպես ասած «վկայությունները», որոնք շինծու են եւ իրենց երեւակայության արդյունք։
-Նշված վկայությունների հետ կապված ի՞նչ տեղեկություններ ունեք, դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը:
-Արդեն այս հարցին պատասխանեցի. խոսքը գնում է կամ օրենքին համապատասխանող դեպքերի մասին, կամ հորինված փաստերի մասին։
-Զրուցե՞լ եք, կամ պատրաստվո՞ւմ եք զրուցել վկայություն տված այն պատվիրակների հետ, որոնք այժմ վեհաժողովի անդամ են, օրինակ՝ Արիևի հետ:
-Վկայություն տված պատգամավորներից մեկը, օրինակ, Ալան Դեստեքսն է, ում նկատմամբ Բելգիայում քրեական գործ է հարուցված։ Բնականաբար այս դեպքում նման կարիքը չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է այլ դեպքերի՝ ժամանակին պատշաճ կերպով արձագանքվել է։
-Հայկական պատվիրակությունը պատրաստվո՞ւմ է համագործակցել անկախ մարմնի հետ այս վկայությունների վերաբերյալ հետաքննություն սկսելու հարցում:
-Հայկական կողմը բազմիցս հայտարարել է հետաքննող մարմնի հետ համագործակցելու իր պատրաստակամության մասին։ Մինչ օրս որեւէ հատուկ հայտ կամ դիմում չի եղել։ Պետք է նաեւ նշեմ, որ դեռեւս երբ նոր էր սկսվում խավիարային դիվանագիտության եւ այլ երեւույթների մասին հետաքննությունը, հայկական կողմը ԵԽԽՎ-ին տրամադրել էր համապատասխան նյութեր։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ