Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հանուն Երեւանում իշխանությունը զավթելու կարելի է անտեսել գործադիր իշխանության կողմից ՏԻՄ ղեկավարի նկատմամբ ճնշումներ գործադրելու հակաժողովրդավարական ու անօրինական լինելու հանգամանքը. «Հայոց աշխարհ»

Հունիս 29,2018 11:15

Կառավարությունը տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին բիրտ ուժով պարտադրում է կա՛մ հեռանալ ընտրովի, շեշտում ենք՝ ընտրովի պաշտոնից, կա՛մ որպես մեծ լավություն պահանջում դուրս գալ ՀՀԿ-ից: Դա արվում է շանտաժի եւ ամբոխավարությամբ ողջ զինանոցի կիրառմամբ՝ սկսած «զոմբիների» ցույցերից եւ փողոցների ու վարչական շենքերի շրջափակումից, վերջացրած ԱԱԾ, ոստիկանության կամ այլ ուժային կառույցների «այցելություններով»: Էջմիածին, Արմավիր, Մասիս, Հրազդան, հիմա էլ՝ Երեւան:

Բնական է, ինչպե՞ս կարելի է Երեւանը թողնել ՀՀԿ-ական քաղաքապետի, այն էլ՝ բարձր վարկանիշ ունեցող քաղաքապետի կառավարման ներքո: Հանուն Երեւանում իշխանությունը զավթելու կարելի է անտեսել ե՛ւ գործադիր իշխանության կողմից տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի նկատմամբ ճնշումներ գործադրելու հակաժողովրդավարական ու անօրինական լինելու հանգամանքը, ե՛ւ մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի տոնակատարությունը տապալելու վտանգը, եւ մնացած ամեն ինչ:

Նպատակն արդարացնում է միջոցները՝ նույն փորձված «կոռուպցիայի դեմ պայքարելու», շոուներ սարքելու ճանապարհով ուղի է հարթեցվում Տարոն Մարգարյանին չեզոքացնելու ուղղությամբ:

Եթե ասվածին էլ ավելացնենք լրատվամիջոցների նկատմամբ «հակապետական քարոզչության» մեղադրանքները, լրատվամիջոցներից մեկին «մերժելու» արշավը, Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ շարունակվող արշավը, պատկերը լիարժեք կլինի:

Ավելին՝ Նիկոլ Փաշինյանին վախեցնում է մեկ այլ հասարակական կազմակերպություն եւս՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ամենամեծ ժողովրդականություն վայելող խաղի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում եւս իր կուսակցությանը եւ «ժողովրդական շարժմանը» հպատակություն հայտնող մարդ տեսնելու համար նա ամեն ինչ անելու է, որ այս կառույցի ներկայիս նախագահը եւս «կոռուպցիոն սխեմաներ» կոչվող սերիալի մեջ ընկնի: ՖԻՖԱ-ի կողմից նման դեպքերում երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն անգամ հետ չեն պահի ամբոխի կուռքին:

Առջեւում ընտրություններն են եւ իշխանությունը վայելելու հնգամյա հեռանկարը՝ լուրջ մրցակիցներ չպետք է լինեն ո՛չ մի տեղ եւ ո՛չ մի ձեւով:

ՍԱՀԱԿ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Արքան հրաժարական տվեց,կեցցե արքան?

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930