Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արմեն Բադալյան. «Ներկա իշխանությունները հետ չեն մնում նախորդներից՝ աչքի ընկնող պաշտոններում նշանակելով իրենց սատարող, աջակցող ու հարող մարդկանց». «Իրատես»

Հունիս 29,2018 10:46

«Նոր իշխանություններն այդպես էլ մինչ օրս չեն ներկայացրել Հայաստանի զարգացման այն տեսլականը, որը կտարբերվի նախորդների որդեգրածից: Քայլերի հաջորդականությունը հուշում է մեկ բան՝ նորեկները կառավարում են՝ շարունակելով «հին ու բարի» ավանդույթները»,- «Իրատեսի» հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ՝ հավելելով, որ Փաշինյանն ու թիմակիցները մինչ այս պահը զբաղված են հինը ջարդելով, փոխարենը, սակայն, նորը չեն կառուցում:

Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ նոր կառավարիչների առաջին քայլը պետք է լիներ հասարակության սոցիալական վիճակի բարելավումը, ինչի ուղղությամբ ներկա իշխանությունները ոչ միայն քայլեր չեն նախաձեռնում, ավելին, կարծես, նման նպատակ էլ չունեն:

Անդրադառնալով տարբեր ոլորտներում նոր իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝ «Իրատեսի» զրուցակիցը վստահեցրեց, որ, խոշոր հաշվով, որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ասաց՝ թե՛ արտաքին քաղաքականության մեջ, թե՛ տնտեսական բլոկում, թե՛ կադրային նշանակումներ կատարելիս Փաշինյանն առաջնորդվում է նախորդների քայլերի տրամաբանությամբ:

Նախորդ կառավարության նման այս կառավարությունը ևս տնտեսության զարգացման գերակա ուղղություններ է սահմանել տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտները, իսկ ինչո՞վ են զբաղվելու այն մարդիկ, որ ո՛չ տուրիզմի մենեջեր են, ո՛չ հող ունեն դրանում ինչ-որ բան աճեցնելու համար, ո՛չ էլ մաթեմատիկոս են, որ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնեն:

«Այդ մարդկանց կառավարությունն ի՞նչ է առաջարկում, ինչպե՞ս վաստակեն իրենց ապրուստի միջոցը: Արդյունաբերության զարգացումը, որը տնտեսության կարևորագույն բաղադրիչներից է, տեղ չի գտել կառավարության ծրագրում, բայց չէ՞ որ արդյունաբերությունն է, որ ի վիճակի է ամենաշատ աշխատատեղերն ապահովելու: Դրա մասին անգամ քննարկումներ չեն կազմակերպվում մասնագետների հետ, նրանց կարծիքի, խորհուրդների հետ հաշվի չեն նստում»,- շեշտեց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ ներկա իշխանությունները պատկերացում չունեն, թե Հայաստանը 15-20 տարի հետո ինչպիսի երկիր պետք է լինի, իսկ պատճառաբանությունը, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կրկին իշխանության գալով միայն լուրջ ու ծանրակշիռ ծրագիր կներկայացնեն, ընդամենը հարցադրումներից խուսափելու միջոց է:

Կադրային քաղաքականության հարցում նույնպես, ըստ Բադալյանի, ներկա իշխանությունները հետ չեն մնում նախորդներից՝ աչքի ընկնող պաշտոններում նշանակելով իրենց սատարող, աջակցող ու հարող մարդկանց:

Քաղտեխնոլոգը նկատեց, որ թեև վարչապետը խոստացել էր, որ կադրային ջարդ չի իրականացնելու, բայց հակառակն ենք տեսնում, և այն մարդիկ, ովքեր կես ժամով այս կամ այն փողոցն են փակել, փոխարինում են ոչ միայն քաղաքական, հայեցողական պաշտոն զբաղեցնողներին՝ նախարար, նախարարի տեղակալ, մարզպետ, այլև շատ ավելի ցածր օղակներում աշխատողներին:

«Անհասկանալի է նաև ամենատարբեր պաշտոնյաների՝ ԵՊՀ ռեկտորի, դատախազի, ՏԻՄ ղեկավարների հրաժարականի պահանջ ներկայացնելը: Այո, վերջիններս կարող են չարաշահումներ արած լինել, բայց դրա համար ոչ թե հրաժարականի պահանջ պետք է ներկայացնել, ինչը հաճախ գռեհիկ կերպով են անում, այլ պատասխանատվության կանչել վերջիններիս,- նշեց Արմեն Բադալյանն ու ամփոփեց.- Իսկ նրանք, ովքեր փորձում են այս կառավարության հասցեին որևէ քննադատություն հնչեցնել, անարգանքի սյունին են գամվում: Անհանդուրժողականության մթնոլորտը խեղդում է, ինչն արժեքների հեղափոխության մասին չի վկայում»:

 

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930