Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նպատակներից մեկը հենց աղմուկն էր՝ «արա՜, տեսա՞ք, Սերժ Սարգսյանի ախպորը բռնեցին…». «Հայոց աշխարհ»

Հունիս 29,2018 10:16

Հունիսի 25-ին, ինչպես հայտնի է, իրավապահ մարմինները կարճ ժամանակով, «Անի» հյուրանոցից ելնելիս բերման էին ենթարկել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, «ապօրինի զենք պահելու» կասկածանքով: Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ նրան նույն օրվա երեկոյան բաց են թողել, որեւէ մեղադրանք կամ այլ քրեաիրավական պահանջ, որքան հայտնի է, նախկին նախագահի եղբորը չի ներկայացվել:

Կառավարության երեկվա նիստը հարմար առիթ էր ոստիկանապետ Վալերի Օսիպյանին հարց ուղղելու. Ալեքսանդր Սարգսյանի մոտ եղած զենքը օրինակա՞ն է եղել, թե՞ ոչ: Լրագրողի այդ «ճակատային» հարցին Վալերի Օսիպյանը բառացիորեն պատասխանեց. «Ուրեմն տեսեք. մենք ի սկզբանե չգիտեինք՝ զենքը օրինակա՞ն ա, թե՝ ոչ: Բայց էն, որ մենք տեղեկություն ենք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանը իր մոտ եւ հետեւի երկրորդ մեքենայի մեջ կան զենքեր, դա փաստ է:

Եվ այդ փաստը ստուգելու համար ներկայացրեցինք ոստիկանություն: Ստուգեցինք, այո, այդ զենքերը օրինական են եւ հիմա փորձաքրեագիտականում են, անցնում են համապատասխան փորձաքննություն»:    Ինչեւէ: Եղել է զենք։ Ու ոստիկանությունը, որ հարկ է ենթադրել, խիստ պատահաբար է դրա մասին տեղեկացել, ուրիշ այլ կերպ չէ՞ր կարող ստուգել՝ տվյալ զենքն օրինակա՞ն է, թե՞ ոչ:

Չի կարող որեւէ քաղաքացի օրինական հիմունքներով ունենալ զենք, կոնկրետ՝ հրազեն (ատրճանակ, ակոսափող կամ թեկուզ հենց որսորդական ողորկափող հրացան), որի մասին ոստիկանությունը տեղյակ չլինի կամ անտեղյակ լինի։ Չէ՞ որ հենց ոստիկանության համապատասխան բաժինն է զբաղվում օրինական զենքերի հաշվառմամբ (տեսակ, գործարանային համար եւ այլն):

Լավ, ենթադրենք, ունեին տեղեկություն: Եթե առանց «մասկի շոուի» պարզապես մոտենային, թեկուզ հյուրանոցի մուտքի մոտ, մարդավարի ասեին՝ այսպես ու այսպես, խնդրեմ, պետք է զենքի օրինականությունն ստուգենք, ի՞նչ էր լինելու: Բայց այդպես անհետաքրքիր է: Աղմուկ չկա: «Պատահական» նկարող չկա: Ձանձրո՜ւյթ:    Սակայն այս պատմությանը նետված թռուցիկ հայացքն իսկ բավարար է պարզորոշ հասկանալու համար, թե իրականում ինչ նպատակներ էին հետապնդում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, իսկ նրա միջոցով, հնարավոր է, նաեւ թավշահեղափոխական կառավարությունը՝ ժողվարչապետի գլխավորությամբ: Այդ նպատակներից մեկը հենց աղմուկն էր՝ «արա՜, տեսա՞ք, Սերժ Սարգսյանի ախպորը բռնեցին…»:

Այսինքն՝ հանրությանը էլի մի աղմկահարույց տեսարանով ապահովելը: Աղմուկին զուգահեռ, դա նաեւ «ուժի ցուցադրություն» էր, որ տեսեք՝ իսկապես մորուսակիր երիտասարդները շատ լուրջ են տրամադրված: Կարճ ասած, ընդհանուր գովազդ, «փի-ար», ցուցադրականություն («պակազուխա»), ով որ տարբերակը կամ բնորոշումը հարմար կնկատի:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930