Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առաջիկա մի քանի ամիսներին գործող կառավարությունը հանրությանը սնելու է ձերբակալությունների տեսարաններով. «Իրատես»

Հունիս 29,2018 10:06

Ի՞նչ կարող է անել իշխանությունը մինչև ընտրությունները։

Իշխանությունն իրականում ունի երկու հիմնական խնդիր՝ շտկումներ մտցնել սոցիալ-տնտեսական իրավիճակում, ներկայացնել լավ տեսլական, ցույց տալ ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր և նշվածին զուգահեռ ձեռնարկել հակակոռուպցիոն գործողություններ, պայքարել քրեական աշխարհի հետ, երկրում վերականգնել արդարությունը, ոչ պոպուլյար, հանրության համար ատելի ֆիգուրների ձերբակալություններ և այլն։

Մինչև ընտրությունները տնտեսական հրաշքներ և սոցիալական իրավիճակի կտրուկ բարելավում սպասելը հեքիաթի ժանրից է։ Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի նկատմամբ ձևավորվել են գերսպասումներ, ինչպես սովորաբար դա լինում է հեղափոխություններից հետո։ Պարզ է, որ նման գերսպասումները հնարավոր չէ բավարարել, դա ցույց է տվել նաև պրակտիկան՝ անցնող երկու ամիսները։ Առավել ևս, որ գործող կառավարությունը բնույթով ժամանակավոր է և կարծես թե առանձնապես ճիգեր էլ չի ցանկանում գործադրել, որպեսզի ռազմավարական առումով տնտեսական հարցեր լուծի։

Այս կառավարության ամենաթույլ օղակը հենց տնտեսական թիմի բացակայությունն է, առավել ևս որ տնտեսական թիմը կազմված է նախկին ռեժիմի հետ կապված ուժերի՝ ՀՅԴ-ի և «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներից։ Այսինքն՝ խոսել, որ մինչև ընտրություններ իշխանությունները կհասցնեն տնտեսական ոլորտում հեղափոխություն անել և սոցիալական ոլորտում էականապես իրավիճակ փոխել, հեռատեսական չէ։

Պրագմատիկ հաշվարկից ելնելով՝ ավելի իրատեսական է երկրորդ ճանապարհը՝ գործուն միջոցառումների շնորհիվ ցույց տալ պայքար կոռուպցիայի, քրեական աշխարհի դեմ, մեկուսացնել օդիոզ կերպարներին, այդ ամենը տեսագրել ու ցուցադրել հանրությանը՝ տուրք տալով վերջինիս պահանջներին։ Մի խոսքով այն, ինչ հիմա մենք ականատես ենք լինում. ամեն օր ներկայացվում են ԱԱԾ-ի և ոստիկանության գործողությունները նախկինում դիրքեր ունեցող այս կամ այն գործչի նկատմամբ, գործարարի ձերբակալման, բերման ենթարկելու դրվագներ, ապահովում է իշխանության վարկանիշի կայուն բարձր մակարդակը։ Նախկինում անձեռնմխելի համարվող, Հայաստանում թալանը, ամենաթողությունը խորհրդանշող մարդկանց ձերբակալությունների տեսարանները խթանիչի դեր են կատարում, սակայն, մյուս կողմից, հանրությունն իմունիտետ է ձեռք բերում, և նման դրվագները դառնում են սովորական պատմություններ։

Ուստի գործող անձինք աստիճանաբար պետք է խոշորանան։ Խոշորանալու խնդիրը, ինչպես երևում է, կա. երբ վարչապետը Մոսկվայից գալուց հետո անմիջապես անցավ գործողությունների, ակներև դարձավ, որ նա գնում է դեպի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ամենամերձավոր շրջապատը։ Ըստ էության վարչապետը ցույց է տալիս, որ անձեռնմխելի մարդիկ չկան։ Բավականին տպավորիչ էր Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ Վաչագան Ղազարյանի հետ կապված պատմությունը։ Նիկոլ Փաշինյանը պետք է կարողանա բավարարել հանրության գերսպասումները։ Ընդ որում՝ պահեստայինների նստարանը բավականին բազմամարդ է։ Ու հասարակական պահանջ կա, որպեսզի զբաղվեն այդ մարդկանցով։

Իհարկե, իշխանությունների գործողությունները մի կողմից կարելի է շոու անվանել, սակայն մյուս կողմից՝ հաստատում են խաղի նոր կանոններ։ Երբ երկրում մթնոլորտն այնպիսին է, որ խաղի հին կանոններն այլևս չեն աշխատում, տեխնիկական, ֆինանսական, իրավական, բարոյահոգեբանական առումներով նոր կանոններ են հաստատվում։ Նիկոլ Փաշինյանի կառավարության գերխնդիրը միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը չէ։ Գերխնդիր է դրված կառավարել գործող իշխանությունների վարկանիշի անկումը, և թույլ չտալ, որպեսզի այդ անկումը մեծ տոկոսների հասնի։ Առաջիկա մի քանի ամիսներին գործող կառավարությունը հանրությանը սնելու է ձերբակալությունների տեսարաններով։ Այդ ձերբակալություններին զուգահեռ լուծվում է նաև այլ կարևոր խնդիր. քաղաքական ճնշում են գործադրում հնարավոր հակառակորդների նկատմամբ։ Մանավանդ որ հակառակորդներն էլ սուրբ չեն։ ԲՀԿ-ի պարագայում կարող են խնդիրներ առաջանալ և՛ հարկային պարտավորությունների, և՛ ապօրինի հարստացման ու բազմաթիվ այլ հարցերի հետ կապված։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930