Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կարեւոր ուղերձներ Երեւանից Բրյուսելին, Բրյուսելից՝ Երեւանին

Հունիս 29,2018 12:00

Սկիզբը՝ այստեղ

Հայաստանյան իրադարձությունները՝ «ժողովրդավարական փոփոխության լավ օրինակ»

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 20-21-ը Բրյուսելում էր, որտեղ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը կայացավ: Այն խիստ կարեւոր էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարների, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման տեսանկյունից: Իսկ հունիսի 22-ին Մինսկում նա մասնակցեց Արեւելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էր Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

Մնացականյանի եւ Հանի հանդիպմանը վերջինս Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները դիտարկել էր որպես «ժողովրդավարական փոփոխության լավ օրինակ»: Նրանք քննարկել էին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության ձեւաչափում համագործակցության հեռանկարները: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել էր ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ընդգծելով նաեւ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի առաջմղման համար։

Հունիսի 20-ին Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էր Միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսին: Նրանք քննարկել էին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման մասին համաձայնագրերի իրականացման ուղղությամբ արձանագրված ցուցանիշները։ ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձել էր վերոհիշյալ համաձայնագրերի իրագործման գործում ԵՄ անդամ պետությունների դերակատարությանը եւ ներկայացրել Հայաստանի միգրացիոն քաղաքականության եւ սահմանների կառավարման բարելավման, հետընդունման եւ վերաինտեգրման կարողությունների ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքներին։ Այս հանդիպմանն ընդգծվել էր Արեւելյան գործընկերության վերջին գագաթնաժողովների հռչակագրերում ամրագրված Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարեւորությունը։ Մնացականյանը կարեւորել էր ԵՄ եւ անդամ երկրների հետ սերտ համագործակցությամբ Հայաստանի կողմից արձանագրված ձեռքբերումների գնահատումը, որը կնպաստի արտոնագրային ռեժիմի ազատականացման եւ ազատ տեղաշարժի երկխոսության գործընթացի արագացմանը։

Նոր կառավարության վճռականությունն աներեր է ու ապացուցվում է գործով. Մնացականյանը՝ Մոգերինիին

Հունիսի 21-ին Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էր ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել էր, որ հանդիպումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին՝ հնարավորություն ընձեռելով առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում ընթացող գործընթացներին, մտքեր փոխանակելու տարբեր հարցերի շուրջ դիրքորոշումների եւ մոտեցումների, առաջին հերթին` Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ։ Մնացականյանն արձանագրել էր, որ Հայաստանի համար այս նշանակալի ժամանակահատվածում Գործընկերության խորհրդի նիստի գումարումը հնարավորություն է ընձեռում անմիջական մտքերի փոխանակում ծավալել Հայաստան-ԵՄ համագործակցության լայն օրակարգի շուրջ։ Մնացականյանը Մոգերինիին ներկայացրել էր Հայաստանում վերջին զարգացումները, կառավարության արտաքին քաղաքական գերակայությունները, որոնց հիմքում ընկած է շարունակականության սկզբունքը՝ ուղղված Հայաստանի ազգային շահի պաշտպանությանը։ Հայաստանի ԱԳ նախարարը նշել էր, որ ժողովրդի ուժեղ մանդատը վայելող նոր կառավարությունն իր գործողություններով ցուցաբերել է մեծ կամք ու պատասխանատվություն՝ կյանքի կոչելու հասարակության բարձր ակնկալիքներն արդարադատության, օրենքի գերակայության, տնտեսական, սոցիալական եւ այլ ոլորտներում հավասար իրավունքների ապահովման ուղղությամբ՝ վճռականորեն արձագանքելու կոռուպցիայի սպառնալիքներին եւ մարտահրավերներին։ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի նոր կառավարության այդ վճռականությունն աներեր է ու ապացուցվում է գործով։

Այս համատեքստում ԵՄ բարձր հանձնակատարը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթը՝ միաժամանակ վերահաստատելով ԵՄ պատրաստակամությունը աջակցելու Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին։ Մնացականյանը եւ Մոգերինին վերահաստատել էին երկկողմ պատրաստակամությունը՝ ամրապնդելու եւ ընդլայնելու համապարփակ փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ առաջնահերթությունները համընկնում են:

Մնացականյանը Մոգերինիին է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնայնությունները՝ այս համատեքստում վերահաստատելով Հայաստանի կառավարության ծրագրում ամրագրված դրույթները, մասնավորապես՝ Հայաստանի հանձնառությունը ԼՂ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Մոգերինին վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։

ՀՀ-ԵՄ հարաբերությունները ավելի են ամրապնդվում

«Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները վերջին շաբաթներին ու ամիսներին գնալով ավելի են ամրապնդվում: Դրա ամենաակնհայտ արտացոլումն է մեր նոր երկկողմ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որը կարող է շատ կարեւոր դեր խաղալ՝ ի շահ հատկապես Հայաստանի, ինչպես նաեւ ԵՄ քաղաքացիների»,- ասել է Մոգերինին: Իր հերթին Մնացականյանը նշել է, որ համաձայնագիրը «բեկումնային համաձայնագիր էր մեզ համար, քանի որ այն ոչ միայն իրավական հիմք է մեր հարաբերություններում, այլեւ շատ կարեւոր գործիք Հայաստանի համար՝ զարգացնելու բարեփոխումները»:

Մոգերինին նաեւ դրական է գնահատել Հայաստանի հետ վիզայի դյուրացման ու ռեադմիսիայի գործընթացը: Ըստ «Արմենպրեսի»՝ հունիսի 21-ին Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նա նշել է. «Մենք քննարկել ենք մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցը ԵԽ-ում երկխոսության ժամանակ: Ես գիտեմ, թե որքան կարեւոր է սա ոչ միայն կառավարության, այլեւ այդ երկրի քաղաքացիների համար, ես դա ամբողջովին հասկանում եմ: Ինչպես գիտեք, մենք ունենք երկու տարբեր փուլեր: Այսօր մենք քննարկել ենք մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի կիրառման հարցը: Սրանք տեխնիկական պահանջներ են, որոնք անհրաժեշտ են հաջորդ քայլին անցնելու համար: Այդ տեխնիկական նախապայմանները ավելի ուշ կհանգեցնեն վիզայի ազատականացման հարցի շուրջ երկխոսության, որի վերջնական նպատակն է առանց վիզային ռեժիմի հաստատումը»: Մոգերինին հավելել է, որ Հայաստանի հետ վիզայի դյուրացման ու ռեադմիսիայի գործընթացը հաջող է իրականանում. «Մշտապես կան բարելավման եզրեր, մենք քննարկել ենք դրանք: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ դա մեր համագործակցության համար դրական ոլորտ է»:

ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի առաջին նիստում

Հունիսի 21-ին ԵՄ-ն եւ Հայաստանը գումարեցին Գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված եւ այս տարվա հունիսի 1-ին միջանկյալ կիրառման մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում: Նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ խորհուրդը ՀԸԳՀ շրջանակներում ստեղծված բարձրագույն մարմին է, որը կոչված է վերահսկելու համաձայնագրի իրականացումը եւ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ՀՀ-ն եւ ԵՄ-ն իրենց պատրաստակամությունն են հայտնել ընդլայնելու եւ խորացնելու համագործակցությունը նոր իրավական փաստաթղթի, Արեւելյան գործընկերության եւ վերանայված Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում:

Խորհուրդը ողջունել է Հայաստանում վերջերս տեղի ունեցած բողոքների խաղաղ բնույթը, բարձր է գնահատել բոլոր կողմերի ցուցաբերած ընդհանուր զսպվածությունը եւ կոչ է արել քաղաքական շահագրգիռ ուժերին, այդ թվում նաեւ քաղաքացիական հասարակությանը, շարունակական եւ ներառական երկխոսության։ ԵՄ-ն ողջունել է Հայաստանի կառավարության հանձնառությունը պայքարելու կոռուպցիայի դեմ եւ այդ ուղղությամբ կառավարության ձեռնարկած գործողությունները: «Գործընկերության խորհուրդը ընդգծեց Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու կարեւորությունը՝ համահունչ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին` ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման համար: ԵՄ-ն պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին նոր ընտրությունների կազմակերպման եւ դիտարկման հարցում: Գործընկերության խորհուրդը նաեւ շեշտեց, որ արդյունավետ եւ անկախ դատական համակարգը կարեւոր է օրենքի գերակայության համար եւ արժեքավոր նախապայման տնտեսական եւ սոցիալական զարգացման համար: Խորհուրդը նաեւ մատնանշեց նոր Քրեական օրենսգրքի եւ նոր Քրեական դատավարության օրենսգրքի մշակման արագ առաջընթացի անհրաժեշտությունը եւ ընդգծեց հակակոռուպցիոն բնագավառում համապարփակ օրենսդրության կարեւորությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Գործընկերության խորհուրդն ընդգծել է նաեւ շարունակական ջանքերի միջոցով առեւտրի ոլորտում ՀԸԳՀ դրույթների հետագա կատարման անհրաժեշտությունը` Հայաստանում կայուն, բիզնեսի զարգացման համար բարենպաստ եւ կանխատեսելի առեւտրային միջավայրի ապահովման համար, այդ թվում՝ աշխարհագրական տեղանունների պաշտպանության վերաբերյալ դրույթների լիարժեք եւ ժամանակին իրականացումը: Գործընկերության խորհուրդն ընդգծել է հարկային ոլորտում լավ կառավարման կարեւորությունը` ըստ Բիզնեսի հարկման ոլորտում բարեվարքության կանոնների: Էներգետիկ ոլորտում Գործընկերության խորհուրդը մատնանշել է էներգետիկ անվտանգության, էներգախնայողության, վերականգնվող էներգիայի եւ միջուկային անվտանգության կարեւորությունը՝ ըստ ՀԸԳՀ եւ 2018թ. փետրվարի 21-ին ստորագրված ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների։ Տրանսպորտային ոլորտում Գործընկերության խորհուրդն ակնկալում է 2017-ի նոյեմբերի 24-ին նախաստորագրված ՀՀ-ԵՄ համապարփակ օդային փոխադրամիջոցների մասին համաձայնագրի ստորագրում, ինչը կբարելավի շուկայի հասանելիությունը եւ կնպաստի անվտանգության, բնապահպանության եւ սոցիալական առավելագույն չափանիշների ապահովմանը: Ավելին, բոլոր չափանիշների բավարարման դեպքում Հայաստանը պատրաստակամություն է հայտնել սկսել մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը:

«Գործընկերության խորհուրդը վկայակոչեց, որ ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնահերթությունները կձեւավորեն Հայաստանին ԵՄ աջակցության գերակայությունները: Ավելի քան 160 մլն եվրո է հատկացվում 2017-2021թթ. համար: Գործընկերության խորհուրդը ընդգծեց այդ ռեսուրսների առավելագույնս օգտագործման անհրաժեշտությունը` աջակցելու Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը եւ քաղաքացիների կենսապայմանների տեսանելի եւ շոշափելի բարելավմանը»,- ասված է հայտարարության մեջ: Գործընկերության խորհուրդը ի գիտություն է ընդունել Հայաստանի վերաբերյալ հունիսի 6-ին հրապարակված Եվրոպական հարեւանության քաղաքականության երկրների զեկույցը եւ կարեւորել մայիսին ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդից ի վեր ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացը: Խորհուրդը որոշել է, որ հետագա զեկույցները կվերնագրվեն «Գործընկերության զեկույցներ»՝ կենտրոնանալով ՀԸԳՀ իրականացման վրա: Ի լրումն ՀԸԳՀ շրջանակներում երկկողմ հարաբերություններին՝ Գործընկերության խորհուրդն ընդգծել է Հայաստանի ակտիվ մասնակցությունն Արեւելյան գործընկերությանը՝ որպես համընդգրկուն բազմակողմ ձեւաչափի:
ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաեւ իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, եւ հորդորել է կողմերին ներգրավվել այս գործընթացի մեջ առանց որեւէ նախապայմանի:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 28.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930