Լրահոս
Օրվա լրահոսը

Արտոնագրային հարկի պատճառով ավտոկայանատեղիներում բարձիթողի վիճակ է

Հունիս 29,2018 15:00

Կարմիր գծերից անդին

Ներկայացվող հրապարակման պատճառը մեր մեկօրյա առեւտրաշրջագայությունն է, նորովի՝ «շոփինգը» Երեւանի հանրախանութներում, տոնավաճառներում, շուկաներում եւ, իհարկե, մոլերում: Այդ մեկ բառով ասած՝ «օբյեկտների» պատերից ներս ամեն ինչ կարգին է. դասավորված, ցուցափեղկավորված, լուսավոր ու ներկայացված: Սակայն պատերից դուրս՝ այնտեղ, ուր հաճախորդները մոտենում են իրենց ավտոմեքենաներով, տարածքներ` հատկացված մեքենաների ժամանակավոր կայանման համար, «օբյեկտների» մեծ մասում վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ. բացակայում են հստակ գծանշումները, հսկողություն չկա, մեքենաները կայանված են «ով ինչպես ուզում է» սկզբունքով, չկա անվտանգության երաշխիք: Ստիպված պետք է չհեռանալ մեքենայից կամ սպասել եւ ընտրել ապահով ու հարմար տեղ: Ի պատասխան այս իրավիճակի վերաբերյալ մեր հարցին՝ «օբյեկտներից» մեկում հուշեցին, որ ավտոմեքենաների կայանատեղիների սպասարկումը կատարվում է արտոնագրային հիմունքներով, որի հարկային տուրքի չափի անհամապատասխանությունը ստացվող արդյունքի հետ այդ «բիզնեսով» զբաղվողների համար ուղղակի «ձեռնտու չէ»:
Մենք փորձեցինք Հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածվներով ճշտել այդ տեղեկատվությունը: Այսպես. հանրապետությունում տրանսպորտային միջոցների եւ հատկապես թեթեւ մարդատար ավտոմեքենաների թվաքանակի՝ ներկրումների բումով պայմանավորված կտրուկ եւ չնվազող աճի պայմաններում առաջնային են դառնում ոչ միայն ենթակառուցվածքների ապահովման, ճանապարհային երթեւեկության կարգավորման, սպասարկման եւ տեխնիկական բարելավման հիմնախնդիրները, այլ նաեւ ավտոկանգառների, ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման վայրերի ընտրության, հատկացման եւ ընդհանրապես երկրորդական թվացոող այս խնդրի լուծման հարցը:

Հանրապետության խոշոր քաղաքներում, հիմնականում մայրաքաղաքում, բացառությամբ արդեն կարմիր գծանշումներով առանձնացված ճամփեզրային կայանատեղիներից, ավտոմեքենաների ժամանակավոր կայանման տարածքների հատկացումները կարգավորվում են համապատասխան որոշումներով, եւ տնտեսվարողներին այդ տարածքները շահագործման են տրամադրվում արտոնագրային հարկման հիմունքներով, ինչը հանդիսանում է ԱԱՀ եւ շահութահարկին փոխարինող պետական հարկ: Ավտոկանգառների գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների համար արտոնագրային հարկի ամսական դրույքաչափերը սահմանվում են հատկացված տարածքների մակերեսի համապատասխան՝ որպես ելակետային չափորոշիչ ընդունելով 1 քմ միավորը, որի արժեքը Երեւան քաղաքում նվազագույնը հինգ անգամ ավելի է, քան հանրապետության այլ քաղաքներում կամ բնակավայրերում: Բացի վերոհիշյալից, հատկապես ավտոկանգառների գործունեության մասով արտոնագրային հարկի հաշվարկման համար կիրառվում են նաեւ լրացուցիչ գործակիցներ, տվյալ դեպքում՝ գոտիավորման եւ տարածքների գտնվելու վայրով պայմանավորված գործակիցներ (շուկաների, վերնիսաժների, տոնավաճառների, Երեւանի կայարանների, մետրոպոլիտենի կայարանների կամ դրանց անմիջապես հարող տարածքներ), ինչն ինքնըստինքյան ավելի է բարձրացնում հարկման ելակետային շեմը:
Արտոնագրային հարկման նման սկզբունքի կիրառումն այսօր հանգեցնում է այն բանին, որ հատկապես վերոնշյալ գոտիավորմամբ եւ տեղայնությամբ պայմանավորված տարածքների տնտեսվարողների մեծամասնությունը չի կարողանում հավաքագրել հարկման եւ աշխատակազմի պահպանման համար անհրաժեշտ միջոցներ եւ ստիպված հրաժարվում է գործունեության հետագա ծավալումից, ինչի հետեւանքով էլ կայանատեղիների համար գումարներ ուղղակի չեն գանձվում, որպես հետեւանք` հարկեր չեն տրվում, աշխատակիցները կորցնում են իրենց աշխատատեղերը: Նման իրավիճակ է տիրում այսօր քաղաքի համարյա բոլոր խոշոր տոնավաճառներին, շուկաներին եւ առեւտրի ու սպասարկման այլ օբյեկտներին, մարկետներին եւ այլն հարող տարածքներում, որոնցում ավտոմեքենաների ժամանակավոր կայանումը չի կազմակերպվում, կրում է անկանոն բնույթ, բացակայում է հսկողությունը, ինչը լրացուցիչ անհարմարությունների պատճառ է դառնում հաճախորդ-քաղաքացիների համար եւ շատ հաճախ հանգեցնում անցանկալի հետեւանքների:

Ստեղծված իրավիճակում տվյալ գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների համար անհրաժեշտություն է առաջանում օրենսդրական կարգավորմամբ հարկային մոտեցման վերանայում՝ հարկման չափանիների նվազեցումից մինչեւ ուղղակի հարկատեսակի փոփոխություն՝ հնարավորություն տալով շարունակել գործունեությունը, ապահովել հարկային մուտքեր եւ աշխատատեղեր:

Սեփ.լր.

«Առավոտ»

28.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930