Լրահոս
Օրվա լրահոսը

Ութ տարի Արփինեն քրեական հետապնդման մեջ է

Հունիս 29,2018 14:30

Այս տարվա հունվարի 27-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էին բերել հինգ տարվա ազատազրկման դատապարտված Արփինե Մայսուրյանը, նրա պաշտպաններ Արթուր Ալիխանյանն ու Մակբեթ Կարապետյանը: Արփինեի նկատմամբ կիրառվել է 2 միլիոն դրամի չափով գրավը:

Երեկ վերաքննիչ քրեական դատարանի կազմում փոփոխություն էր եղել, դատավոր Սերգեյ Չիչոյանի փոխարեն դատավոր Սիմոնյանն էր ներգրավվել, ինչի կապակցությամբ նախագահող դատավոր Ռուբիկ Մխիթարյանն ասաց, թե նոր ներգրավված դատավորը ծանոթացել է քրեական գործի նյութերին: Արփինեն մեղադրվել է այն բանի համար, որ նախնական համաձայնության գալով մինչ օրս հետախուզման մեջ գտնվող ոմն Արմենակ Հովհաննիսյանի հետ, ութ տարի առաջ խարդախությամբ հափշտակել է Զարուհի Պողոսյանին պատկանող բնակարանը, չվճարելով դրա համար:
Մակբեթ Կարապետյանը խնդրել է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ ճանաչելով Արփինեի անմեղությունը, իսկ պաշտպան Արթուր Ալիխանյանը պահանջել է կարճել սույն քրեական գործը, դադարեցնել Արփինեի նկատմամբ քրեական հետապնդումը:

Դատարան հերթական անգամ չէին ներկայացել հանգուցյալ, տուժող Զարուհի Պողոսյանի դուստրը եւ նրանց ներկայացուցիչ Անուշ Հակոբյանը: Վերջինս դատարան էր ուղարկել վերաքննիչ բողոքի պատասխան, պահանջել էր առաջին ատյանի դատավճիռը թողնել անփոփոխ, քանի որ այն օրինական է եւ արդարացի:
Նախորդ դատական նիստին դատարան էին ուղարկվել քաղգործով առաջին ատյանի դատական նիստի ձայնագրությունները, դատարան, որտեղ իրենց անդրանիկ վկայություններն են տվել թե տուժողը, թե Արմենակ Հովհաննիսյանը՝ հանրապետությունը լքելուց առաջ: Դրանք պետք է հետազոտվեին, այդ պատճառով փոխվել էր անգամ դահլիճը, քանի որ այս կազմով դատական նիստերի դահլիճում տեխնիկական հնարավորություններ չկային: Սակայն երեկ դատարանը հասցրեց լսել Ա. Մայսուրյանի պաշտպան Ա. Ալիխանյանին եւ դատախազի առարկությունները:
Պաշտպանական կողմն ասաց, որ Երեւանի Խանջյան փողոցի շենքերից մեկի բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը Արփինեի եւ տուժողի միջեւ ստորագրվել է նոտարական գրասենյակում, ինչը հաստատել է նաեւ նոտար Մարինե Մանուկյանը՝ դատարան կանչվելով:


Նոտարի մոտ կնքված պայմանագրի տակ ստորագրել է Զարուհի Պողոսյանը:

Արփինեն տվել է գումար բնակարանի համար, իսկ Զարուհին գործարքից հետո գնացել է ՌԴ՝ երեխաների մոտ: Պաշտպանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՌԴ-ից վերադառնալով, գործարքից վեց ամիս հետո նրանք դիմել են Արփինեին ու նրա մորը, որպեսզի վճարեն եւս յոթ հազար դոլար գումար: Երբ Մայսուրյանն ու մայրը հրաժարվել են, նրանք իրենց հարազատների, շահագրգիռ վկաների միջոցով սպառնացել են, թե կհայտնեն, որ Արփինեն ողջ գումարը չի տվել բնակարանը գնելու համար: Այդպես էլ լինում է:
Պաշտպանն անդրադարձավ նաեւ Արփինեի եւ Զարուհու առերեսման ձախողմանը:

Արփինեն քառասունմեկ օր գտնվել է անազատության մեջ՝ կալանավորված, այդ ժամանակ պաշտպանական կողմը միջնորդել է, որպեսզի առերեսում կազմակերպվի, սակայն մի դեպքում պատճառաբանել են, թե տուժողը հանրապետությունում չի, մի այլ դեպքում, թե նա վատառողջ է: Տուժողը մահացել է, այդպես էլ չառերեսվելով Արփինեի հետ:
Ըստ Արթուր Ալիխանյանի՝ տուժողի ցուցմունքն անարժանահավատ է:

Տուժողն ասել էր, որ Արփինեն բերել է թղթեր, թե վերելակի գումարի համար է, ինքը ստորագրել է, հետագայում պարզվել է, որ դա կապ չունի վերելակի հետ, այլ իր տան հետ է կապված: Պաշտպանական կողմն առնվազն տարակուսանք է հայտնում այդ կապակցությամբ, ասելով, թե առքուվաճառքի գործարքից հետո սեփականատերը ըստ էության Արփինեն էր եւ նա իր անունից էլ կարող էր տալ նման փաստաթղթեր:
Ըստ Ա. Ալիխանյանի, «ստեղծագործական ենթադրություններով» մեղադրական ակտ կայացվեց ի վնաս իր պաշտպանյալի:

Դատախազ Մանուկյանն առարկեց պաշտպանի փաստարկների դեմ, անհիմն համարեց դրանք: Ըստ դատախազի, ապացույցները պաշտպանները ներկայացնում են կամայական, այնպես, ինչպես նրանց ձեռք է տալիս… Ըստ նրա, տուժողը իրավապահներին ներկայացրել է այն, ինչ կատարվել է, այն, որ Արփինեն նրան 27 000 դոլար գումար չի տվել: Ի դեպ, այդ գումարը պաշտպանական կողմը հայտնել էր, որ ուղարկել էր Ուկրաինայից Արփինեի հայրը, որը դատական գործընթացների ժամանակ նույնպես մահացել է: Այդ գումարն ուղարկվել էր երթուղայինի վարորդի միջոցով, ինչն արժանահավատ չհամարեց դատախազը, ասելով, թե ապացույց չկա, ստացական, որ նման գումար է մտել Հայաստան, կամ չկա վարորդը, որի հետ ուղարկվել է այդ գումարը:

Ինչ վերաբերում է հետախուզվող Արմենակ Հովհաննիսյանին, նա Թուրքիա է ուղարկել 34 000 դոլար գումար՝ դեկտեմբերին: Մեղադրող Մանուկյանի ասելով, չապացուցվեց, թե ով է Արմենակի անունով փոխանցել, եթե նա է ուղարկել, ապա կան այլ ապացույցներ էլ, որ նա սնանկ է ճանաչվել, ըստ դատախազի՝ «պաշտպանական կողմը շատ լավ հարմարեցրել էր դիրքորոշումը փոխանցման հետ»:
Դատական նիստը նշանակվեց օգոստոսի 7-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

28.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930