«Առավոտն» օրերս հյուրընկալել էր դիրիժոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան Ռուբեն Ասատրյանին: Արվեստագետը չէր եկել իր կամ գործընկերների PR-ն անելու նպատակով: Այս քայլին նրան դրդել էր Սփյուռքում վերջին շուրջ 30 տարիներին անցկացվող իսկապես հայրենանվեր մշակութային որոշ դասական միջոցառումների անցկացման փաստը, որն այս դեպքում արժանացել էր ամերիկյան ԶԼՄ-ների ուշադրությանը, անտեսված մնալով հայաստանյան մամուլի կողմից:
Ռուբեն Ասատրյանը տեղեկացրեց, որ վերջերս հեղինակավոր Բոստոն սիմֆոնիկի համերգասրահում Բոստոնի Pops նվագախումբը, դիրիժոր Քեյթ Լոքհարդի ղեկավարությամբ, հնչեցրեց Էդգար Հովհաննիսյանի եւ Պարույր Սեւակի հանրահայտ «Սարդարապատ» խմբերգը՝ իր նվագախմբային տարբերակի փոխադրումով եւ Սիբելիուսի ջութակի կոնցերտը՝ ամերիկահայ երաժիշտ Հայկ Հովսեփյանի մեկնաբանմամբ:
«Նման, կարելի է ասել՝ հայկական երեկոն անցկացվում է 67-րդ տարին անընդմեջ՝ 1952 թվականից, օրինակ, նույն համերգասրահում 2015թ. կայացավ Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն: Նախագծի հիմնադիրն ու հովանավորն ի սկզբանե «Հայկական մշակութային ընկերության բարեկամներ» (FAСS) կազմակերպությունն է:
Տասնամյակների ընթացքում ամեն ինչ սկսեց ծաղկել այս կազմակերպության երկու ղեկավարների տեսլականի՝ խորհրդի նախագահ Քերան Չոբանյանի եւ երկար տարիների վարչությունը նախագահող Վարանդ Հակոբյանի շնորհիվ,- հայտնեց մեր զրուցակիցը ու հավելեց,- FAСS-ը անցած տասնամյակների ընթացքում հայկական դասական եւ ժողովրդական երաժշտության պրոպագանդման գործում մեծ գործ է կատարել ոչ միայն համերգասրահներում, այլեւ կազմակերպել ռադիո եւ հեռուստահաղորդումներ: Հայկական մշակութային հարուստ ժառանգությունը ներկայացրել է Արամ Խաչատրյանի, Մետրոպոլիտեն օպերայի սոպրանո Լուսին Ամարայի, կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի, դիրիժորներ Ռիչարդ Հարդումյանի, Ռուբեն Գրիգորյանի եւ այլ հայտնի անունների միջոցով եւ այդ ամենում ներգրավելով բարձրակարգ երաժիշտների ու կոլեկտիվների»: Մեր զրուցակիցը առանձնացրեց հատկապես հայկական միջոցառմանը մասնակից բոստոնյան Pops նվագախումբը, նշելով, որ այն հիմնադրվել է 1885թ.: Անդրադառնալով վերջերս կայացած համերգին, մեր զրուցակիցն ասաց, որ այն նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման եւ Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակներին: Երեկոն, որին ներկա են գտնվել ոչ միայն հայ, այլեւ օտարազգի հանդիսականներ, սկսվել է Եկմալյանի «Հայր մեր» տերունական աղոթքով:
«Ոգեւորություն ապրեցի, երբ իմացա, որ պրոֆեսորիս՝ անվանի ջութակահար ու մանկավարժ Անահիտ Ցիցիկյանի թոռը՝ Հայկ Հովսեփյանն է հանդես եկել ջութակի համաշխարհային գրականության ամենաբարդ երկերից Սիբելիուսի կոնցերտի կատարումով: Եվ, որ ամենակարեւորն է՝ բարձր գնահատականի է արժանացել հանդիսականի կողմից»,- ասաց պարոն Ասատրյանը: Հետաքրքրությանը՝ ով է այս ամենի մասին իրեն հայտնել, մեր զրուցակիցը պատասխանեց. «FAСS կազմակերպության նախագահ Արա Առաքելյանը, որն էլ խնդրել էր դիրիժորին՝ նվագախմբի համար փոխադրել հայտնի «Սարդարապատ» խմբերգը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հայկ Հովսեփյանը՝ Բոստոն Pops-ի հետ ելույթի պահին:
«Առավոտ»
28.06.2018