Երեւանի երկաթուղային կայարանից ես նստում եմ Գյումրի մեկնող էքսպրես ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, աշխատող նկ2Ժ հարմարավետ էլեկտրագնացքը եւ 1 ժամ 58 րոպե հետո հայտնվում Շիրակի դաշտավայրում, Ախուրյան գետի ձախ ափին, Երեւանից 126 կմ հեռավորության վրա գտնվող, բնակչության քանակով եւ մշակութային նշանակությամբ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, պատմական Ալեքսանդրապոլում:
Նշեմ, որ Գյումրու երկաթուղային հանգույցը՝ հիմնադրված 1897 թվականին, Հայաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի հնագույն եւ ամենախոշոր կենտրոնն է եղել։ Առաջին գնացքը Թիֆլիսից Ալեքսանդրապոլ է ժամանել 1899 թվականին, իսկ մինչեւ 1902 թվականը երկաթուղին հասել է Ղարս, Երեւան, Ջուլֆա, Թավրիզ։ Դեպի ծով ելք չունեցող Հայաստանի համար երկաթուղային տրանսպորտը համարվել է ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող օբյեկտ:
Գյումրիում կլիման մի փոքր այլ է, օդի մեջ հարաբերական սառնություն է զգացվում, ես հագնում եմ բաճկոնս եւ սկսում ծանոթանալ 1988 թվականին վայրկյանների ընթացքում քաղաքի ընդհանուր բնակելի մակերեսի ավելի քան 80%-ը կործանած երկրաշարժից հետո վերակենդանացած Գյումրիի պատմական ժառանգության հրաշալի կոթողներին:
Պատահական չէ, որ հնուց ի վեր Գյումրին համարվել է արվեստների եւ արհեստների քաղաք. այն ունի մշակութային ինքնատիպ գունապնակ: Այստեղ պահպանվել է Գյումրվա ուրույն ճարտարապետությունը, այն ինձ հիշեցնում է պատմական Կարսի ճարտարապետական ոճը։ Քաղաքի վարպետները բազմաթիվ շենքեր ու եկեղեցիներ են հրաշակերտել, որոնցից շատերը պահպանվել են մինչ այսօր։ Ես այցելում եմ «Մեր մանկության տանգոն» եւ մի շարք այլ սիրված ֆիլմերի նկարահանման վայրերը, պատմական բակերը… Այնուհետ տեղացիների խորհրդով ճաշակում Գյումրվա ավանդական խոհանոցի ուտեստները՝ պանրախաշը, չանախը, քաղցր յաղլին՝ շաքարի փոշիով պատված խմորաթերթիկը, որի անվանումը կապված է Արեւմտյան Հայաստանի Յաղլի-Մուսա գյուղի հետ.. Մեծ եղեռնից մազապուրծ շատ հայ ընտանիքներ, բնակություն հաստատելով Գյումրիում, իրենց հետ բերել են ազգային ուտեստների եւ սովորույթների մի շարք տարրեր, որոնք այսօր էլ որոշ չափով պահպանվել են գյումրեցու կենցաղում: Գյումրվա ժողովրդական ավանդույթներին, քաղաքային կենցաղին եւ ազգային ճարտարապետությանը ծանոթանալու նպատակով ես այցելում եմ Ձիթողցոնց տուն-թանգարան, որտեղ ներկայացված է պատմական Ալեքսանդրապոլի առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Գյումրին առանձնանում է իր հնաոճ փայտե դռներով եւ անզուգական կամուրջներով: Ըստ ավանդության՝ կամուրջ կառուցելուց հետո կամրջագործի ողջ ընտանիքը պետք է գտնվեր կամրջի տակ, իսկ վարպետը ֆայտոնով պետք է անցներ կամրջի վրայով։ Եթե կամուրջը լավ չկառուցվեր, կամրջագործ վարպետն իր ընտանիքով կզոհվեր։ Գյումրիում զարգացած են եղել ատաղձագործական, դարբնոցային, կարի համքարությունները։ Այդ համքարությունների դրոշները ներկայացված են Գյումրու Ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի այս թանգարանում։
1912 թ. առաջին անգամ հենց Գյումրիում է բեմադրվել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան եւ դրվել ազգային օպերային թատրոնի հիմքը։ Գյումրիում են ծնվել հայ ազգի տաղանդավոր զավակները՝ գրողներ Հովհաննես Շիրազը, Ավետիք Իսահակյանը, դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը: Եվ ես այցելում եմ նրանց տուն-թանգարանները: Մուտքի մոտ ցուցադրված մեծ դիմանկարից՝ հայացքում անսահման տխրություն ամբարած, ինձ է նայում տաղանդավոր դերասանը՝ Ֆրունզիկը… Եվ թանգարանի աշխատակիցը ներկայացնում է մեծ հայի համեստ կենցաղից ցուցադրված իրերը: Այնուհետ ոտք եմ դնում ծաղկաշատ բակով մի գեղեցիկ թանգարան, որտեղ ամենուր ասես լսվում է.
Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ…
Թանգարանի աշխատակցուհին այցելուներին է ներկայացնում Հովհաննես Շիրազի ողբերգական մանկության դրվագները, որբանոցում ապրած տարիները եւ մոր հետ հուզական հանդիպման պատմությունը. «Փողոցով անցնում է սեւ հացի բոքոնը ձեռքին մի խեղճ կին: Սոված Օնիկը փորձում է փախցնել հացը, բայց կինը բռնում է նրան, մինչ երեխան սպասում է, որ կինը կվերցնի հացն ու կծեծի իրեն գողության համար, կինն Օնիկին կրծքին է սեղմում եւ «գիժ ջան, գիժ» կրկնելով՝ նրան տուն տանում… Այդ կինը նրա մայրն էր՝ Աստղիկը, որ համատարած սովի ու թշվառության այդ օրերին վերջապես գտել էր կորած որդուն…»:
1988թ. երկրաշարժից հետո Գյումրին վերստին սգաց 2016թ. ապրիլի 2-ի արյունոտ լուսաբացին: Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ծավալված պատերազմական գործողությունների ժամանակ հայոց աշխարհի սահմանների անառիկ պաշտպանության համար մղված պայքարում իրենց քաջագործություններով աչքի ընկան գյումրեցի հերոսները… Նրանցից շատերն անմահացան… Ես այցելում եմ 2016 թվականի ապրիլի 2-ին Թալիշում զոհված հետախուզական դասակի հրամանատար, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, լուսե ժպիտով իմ սիրելի հերոսի՝ Մերուժան Ստեփանյանի ծնողներին: Հասնելով Մուշ թաղամաս՝ մի շենքի բակում նկատում եմ եռագույնով ծածկված պատշգամբ ու կանգ առնում: Շենքի բակում ցայտաղբյուր է եւ գյումրեցի հերոսների անվամբ քարակերտ մի ծառ, որի կտրված ճյուղերից մեկի վրա կարդում եմ իմ հերոսի անունը՝ Մերուժան: Տան շեմքին ինձ դիմավորում է Մերուժանի մայրը՝ տիկին Նունեն: Ես համբուրում եմ հերոսածին մորն ու նրան հանձնում «Առավոտ» օրաթերթի այն համարը, որում տպագրված է իր հերոս որդու մասին գրած իմ ակնարկը: Մտնելով հյուրասենյակ՝ ես մի պահ անշարժացած կանգ եմ առնում. այն կարծես թանգարան լիներ, որտեղ ամենուր հերոսի նկարներն էին, կիսանդրին, նշանածի համար նրա պատրաստած մանրակերտ տնակը, որում լույս էր վառվում՝ հավետ վառ պահվող նրա հիշատակի անմար լույսը…
Երեկոյան ես այցելում եմ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն՝ դիտելու արցախյան ազատամարտի մասին պատմող «Հարսանիք թիկունքում»՝ դրամատուրգ Անահիտ Աղասարյանի պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը… 2016թ. ապրիլի 2-ին հայ ընտանիքներից մեկում հարսանիք էր, իսկ սահմանին՝ պատերազմ: Արցախից Հայաստան հասնող լուրերը կցկտուր էին եւ ոչ հուսադրող: Սահմանին զոհվում էին զինվորներ ու հրամանատարներ ու այդ ամենին անտեղյակ՝ Գյումրիում ծնվում էր մի նոր ընտանիք: Մահն ու հարսանիքը կողք կողքի էին՝ այնքան մոտ ու այնքան հեռու միմյանցից՝ մեկը սահմանին, մյուսը՝ երկրի հյուսիսում: Ներկայացման ռեժիսորը Լյուդվիգ Հարությունյանն է, երաժշտության հեղինակը երգահան Հայկոն է, նկարչական ձեւավորման հեղինակը՝ Գարեգին Եվանգուլյանը: Ներկայացման մեջ ընդգրկված էին թատրոնի երեք սերնդի ներկայացուցիչներ: Գլխավոր դերերում հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը, Հովհաննես Հովհաննիսյանն ու Տիգրան Գաբոյանը։ Ներկայացման նպատակը՝ անդրադառնալ պատերազմի մասնակից գյումրեցի հերոսներին եւ ոչ միայն, անդրադառնալ ապրիլյան պատերազմին՝ չներկայացնելով մարտի դաշտ, առանց կրակոցի, առանց վառոդի հոտի, առանց խրամատի ու մահվան տեսարանի, գյումրեցի մեկ ընտանիքի պատմության միջոցով ներկայացնել ապրիլյան պատերազմի օրերին առաջնագծում ծառայող զինվոր կամ սպա ունեցող, որդիներին կամավոր առաջնագիծ ճանապարհած հայ ընտանիքներում գերիշխող հույզերը… Ամեն հայ, դիտելով այս ներկայացումը, ակամայից վերապրում է համազգային դժբախտության այդ օրերը:
Այցելելով Գյումրի, քաղաքի կենտրոնական հրապարակում կտեսնեք «Հարսանիք թիկունքում» ներկայացման պաստառը, այցելեք թատրոն եւ դիտեք այն ու չմոռանաք այցելել նաեւ գյումրեցի հերոսների ծնողներին, նրանք ձեր ուշադրության ու հոգածության կարիքն ունեն, նրանցից շատերն իրենց մինուճար որդիներին են կորցրել՝ հանուն մեր հայրենիքի խաղաղ այգաբացների…
ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ
«Առավոտ»
28.06.2018